«Մնացած բանտարկյալների ազատումը կօգնի Հայաստանին առաջ ընթանալ եւ շեշտը դնել բարգավաճման ու ժողովրդավարական բարեփոխումների վրա»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` նկատի ունենալով 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ձերբակալված եւ մինչեւ այժմ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին: «Հավաքների եւ ազատ արտահայտման ազատությունները էական են ցանկացած երկրի զարգացման համար: Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների օրենսդրական բարեփոխումների ջանքերը: Աշխատենք փոփոխել ցույցերի եւ երթերի մասին օրենքը, ինչպես նաեւ` լրամշակել ռադիոհեռուստատեսության մասին օրենքը: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է սատարել այս ջանքերին: Եվ, անշուշտ, հանուն հասարակության մեջ կայունության եւ ժողովրդավարացման առաջընթացի, կարեւոր է ապահովել, որ 2008 թ. մարտի դեպքերը չկրկնվեն: Բարեփոխումների ջանքերը պետք է ներառողական լինեն եւ հաշվի առնեն բոլոր քաղաքական ուժերին ու հասարակությանը,- ասել է նա` ավելացնելով,- Անշուշտ, հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները պետք է ապահովեն նաեւ հավաքների եւ ժողովների ազատության հանդեպ հարգանքը: Նոր ընտրական օրենսգիրքը, որը մշակվում է` պետք է հաշվի առնի այն առաջարկները, որոնք արվել են ընտրությունները դիտարկող խմբի վերջնական զեկույցներում»: