«Դա ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում: Այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության եւ ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ հակառակը»,- երեկ ասել է Ազատության հրապարակում իր հացադուլը շարունակող` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն` անդրադառնալով այն փաստին, որ մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մոտեցել իրեն: Այդ իրողությունը երեկ բուռն քննարկման առարկա էր դարձել նաեւ քաղաքական ու հասարակական շրջանակներում: Դրան անդրադարձել են նաեւ ՀԱԿ ներկայացուցիչները: Նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն ասել է, թե ինքը ողջունել է Ր.Հովհաննիսյանին, ՀԱԿ-ի առանձին անդամներ եւս մոտեցել եւ ողջունել են: «Սակայն ՀԱԿ-ը բազմաբեւեռ քաղաքական կառույց է, որի մեջ մտնող քաղաքական ուժերից շատերի ներկայացուցիչների տեսակետներն ու դիրքորոշումները չեմ ընդունել ու չեմ ընդունում»,- նշել է նա: