Երեւան քաղաքի Կոզեռն թաղամասի բնակիչների երեկ տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած բողոքներին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ տարածքի կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը բնակիչներին, բացի գնային առաջարկից, արել է նաեւ բնակմակերեսով փոխհատուցման առաջարկ, ընդ որում, բնակիչների համար նախատեսված շենքը կառուցվելու է նույն Կոզեռն թաղամասում` Պռոշյան փողոցին հարող մասում: Ինչ վերաբերում է Կոզեռնի բնակիչների ակնարկած ռիսկին կամ ֆինանսական երաշխիքներին, ապա «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը բնակիչների հետ կնքում է միայն նախնական պայմանագիր` հատկացվող մակերեսի վերաբերյալ, իսկ վերջնական պայմանագիրը կկնքվի կառուցվող շենքը պատրաստ լինելու պահին: Այդ ընթացքում Կոզեռնի բնակիչների բնակարանները չեն քանդվելու. նրանք շարունակելու են ապրել իրենց տներում:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի` ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն, Կոզեռն թաղամասում կան որոշակի սահմանափակումներ, մասնավորապես` նշյալ տարածքում չի թույլատրվում կառուցել բարձրահարկ շենքեր: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս պահի դրությամբ երկու տասնյակից ավելի բնակիչներ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հետ արդեն եկել են համաձայնության եւ կնքել են նախնական պայմանագրեր: