Ընդդիմությունը հայտարարում է, թե եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում իշխանությունները կեղծիքներ իրականացնեն, իրենք հենց նույն օրը` նոյեմբերի 27-ին, մեծ հանրահավաք են կազմակերպելու Երեւանում եւ պահանջելու են իշխանությունների հրաժարականը։ Իշխանություններին այս հայտարարությունները, չգիտես ինչու, դուր չեն գալիս։ Այնպիսի տպավորություն է, կարծես նրանք արդեն իսկ հաստատ մտորել են կեղծիքներ իրականացնել, եւ խնդիրն ընդամենն այն է, որ ընդդիմությունը շատ աղմուկ չբարձրացնի։ Հետաքրքիրն այն է, որ պետությունն առայժմ գլխի չի ընկել, որ պետք է սահմանադրական փոփոխությունները ներկայացնող գրքույկներ տպագրվեն եւ բաժանվեն Հայաստանի բոլոր ընտրողներին։ Ընդ որում, այդ գրքույկներում պետք է բացառվի քարոզչությունը, որովհետեւ պետության դերը ոչ թե «այո» կամ «ոչ» քարոզելն է, այլ հասարակության պատշաճ իրազեկումն ապահովելը։