Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցերով հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենը նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ պատասխանել թուրք վարչապետի հնչեցրած մեղադրանքներին: Ըստ թուրքական մամուլի, նամակում նշվում է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցը հավասարակշիռ է: «Հավասարակշիռ մարդիկ են նաեւ զեկույցը պատրաստողները: Խնդրում եմ, զեկույցն ու Եվրախորհրդարանը նախընտրական քարոզարշավի նյութ մի դարձրեք: Իսկ զեկույցի նպատակը ոչ թե քննադատությունն է, այլ անդրադարձը ԵՄ անդամակցության ճանապարհին իրականացվող բարեփոխումներին»,- ասվում է Էրդողանին ուղղված նամակում: «Սեպտեմբերին կայանալիք հանրաքվեից առաջ թուրքական ընդդիմությունն ինձ մեղադրում էր իշխանություններից նվերներ ստանալու համար: Հիմա էլ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե զեկույցը գրել ենք ընդդիմության պահանջով»,- նշել է Ռիա Օոմեն-Ռյույտենը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոշտ քննադատության էր ենթարկել Եվրախորհրդարանին` օրեր առաջ Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցի համար: «Այդ զեկույցից երեւում է, որ այն պատրաստել են Թուրքիան ընդհանրապես չճանաչող մարդիկ: Դա պատվերով պատրաստված զեկույց է,- հայտարարել էր Էրդողանը` ավելացնելով,- Այդ զեկույցում բացակայում է հավասարակշիռ մոտեցումը: Թող ներողամիտ լինեն, բայց ես չեմ հավատում, որ զեկույցը պատրաստողները հավասարակշիռ մարդիկ են: Հակառակ դեպքում նրանք զեկույցում նման բաներ չէին գրի Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ»: Էրդողանը հերթական անգամ հայտարարել էր, թե Թուրքիայում ներկա պահին կան կալանավորված եւ դատապարտված լրագրությամբ զբաղվող 27 անձինք: «Նրանցից եւ ոչ մեկը բանտում չէ իր մասնագիտական պարտականությունների պատճառով: Նրանք բանտում են գտնվում իշխանությունը բռնի ուժով տապալելու, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ այլ մեղադրանքներով»,- նշել էր Թուրքիայի վարչապետը: Մարտի 9-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված հերթական զեկույցում կոշտ քննադատություններ են հնչում Թուրքիայի հասցեին: Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, ինչպես նաեւ` մտահոգություն հայտնում Թուրքիայում մամուլի ազատության վիճակի եւ վերջին օրերին տեղի ունեցած լրագրողների ձերբակալությունների առնչությամբ: Դժգոհություն է հնչում «Էրգենեկոնի» եւ «Բալյոզի» դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ցանկալի արդյունք չապահովելու առնչությամբ: Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ են անում Թուրքիային` «անհապաղ իր զորքերը դուրս բերել Կիպրոսից»: