Կինոկենտրոնը հիմա պրոդյուսե՞ր է, թե՞ ֆոնդ

19/03/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մի քանի օր առաջ «Ռեգնում» գործակալությունը ներկայացրեց մի նյութ, որտեղ անդրադարձ կար Հայաստանում գործող կինոարտադրության խնդիրներին։

Գերմանացի պրոդյուսեր Սահար Քոշմանը, ով հայաստանցի կինոռեժիսոր Նիկա Շեկի «Իմ սիրելի, խեղճ մայրիկ» ֆիլմի համապրոդյուսերն է (ֆիլմն այժմ մոնտաժային փուլում է գտնվում), նկատել էր, որ Հայաստանում տաղանդավոր ու ստեղծագործ մարդկանց պակաս չկա, սակայն գլխավոր խոչընդոտը կինոարտադրության սովետական մոդելն է։ «Ստացվում է, որ կինոֆիլմերի պրոդյուսերը Կինոկենտրոնն է, այսինքն՝ հենց պետությունը, ինչը Եվրոպայի համար նոնսենս է։ Ողջ աշխարհում ընդունված է «պրոդյուսեր» կոչել միայն այն մարդուն, ով կինոընկերություն ունի եւ այս կամ այն նախագծերի համար ֆինանսավորում է գտնում։ Իսկ պետական կազմակերպությունները կարող են ընդամենը գումար հատկացնել պրոդյուսերական նախագծերին՝ հաշվի առնելով նաեւ պետական շահերը»,- ասել էր նա։ Եվ ավելացրել է, որ վստահ է, թե Կինոկենտրոնի ղեկավարները համագործակցության պայմանագրեր ստորագրելուց առաջ անգամ չեն էլ կարդում ֆիլմերի բյուջետային պարտավորությունները, այլապես թույլ չէին տա, որ միանգամից 7 ֆիլմ մտնի արտադրության փուլ, իսկ հետո պարզվի, որ բավարար գումար չկա՝ ֆիլմերը ավարտին հասցնելու համար։ Ս.Քոշմանը նշել է, որ Կինոկենտրոնը հրաժարվել է գումար հատկացնել իրենց ֆիլմի մոնտաժային աշխատանքները կատարելու համար, քանի որ իրեն հայտարարվել է, որ 2011-ի եւ անգամ 2012-ի կինոաջակցման համար նախատեսված գումարներն ուրիշներին են խոստացված։ Նա անհեթեթ է համարել նաեւ այն վիճակը, երբ ֆիլմի նկարահանող խմբի կողմից գնված լուսային եւ նկարահանող տեխնիկան պետք է Կինոկենտրոնի սեփականությունը դառնա։ «Կինոկենտրոնն իրավունք չունի տեխնիկա ունենալ, քանի որ դա ֆոնդ է, եւ այդ պատճառով էլ Կինոկենտրոնին կից ստեղծվել է մեկ այլ կազմակերպություն»,- ասել է նա։

Գերմանացի պրոդյուսերի դիտարկումները բուռն արձագանքի արժանացան Կինոկենտրոնի կողմից։ Կինոկենտրոնի աշխատակիցները նկատեցին, որ իրենք ողջ գումարը պարտաճանաչ փոխանցել են ֆիլմի հեղինակներին, եւ նշեցին, որ նման պրոդյուսեր բնավ էլ չեն ճանաչում։ Եվ վճռականորեն հայտարարեցին, որ պատրաստվում են դատի տալ ֆիլմի ստեղծագործական խմբին՝ զրպարտանքի համար։ Նշենք, որ Սահար Քոշմանն ասել էր նաեւ. «Կինոյի համար չեն կարող պատասխան տալ այն մարդիկ, ովքեր պատահականորեն են հայտնվել Կինոկենտրոնի կազմում»։

Ուշագրավ է, որ գերմանացի պրոդյուսերի մտահոգությունները կիսում են շատ հայաստանցի կինոարտադրողներ, սակայն երբեք բաց ճակատով այդ մասին չեն ասել (գերադասել են միայն շշուկով խոսել բարդ իրավական ու գաղափարական իրավիճակի մասին)։ Եվ ամենաճիշտ քայլը, թերեւս, միջազգային դատական պրոցեսի մեկնարկը կդառնա։ Վերջիվերջո, հարկ է պարզել` ինչո՞ւմ` է Կինոկենտրոնի ֆունկցիան։ Եվ եթե այդ կառույցն իր ընդերքում կինոարտադրող ստուդիա է ստեղծել, ապա ցանկալի է այդ մասին հայտնել հրապարակավ։ Դատական պրոցեսները խնդիրների լուծման ամենաքաղաքակիրթ մեթոդն են համարվում, քանի որ հնարավորություն են ստեղծում փաստաթղթերը (այլ ոչ թե անձնական կապերն ու փոխհարաբերությունները) կռվան դարձնել։ Եվ եթե մեր հայրենական Կինոկենտրոնն իրավացի է, ապա թող դա ապացուցի ու պատժի ենթարկի ոմն գերմանացի պրոդյուսերին, ով հանդգնություն է ունեցել խոսել մի բանի մասին, որի մասին խոսելն ընդունված չէ։