Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում ցուցադրվում է Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում» նախագիծը, որը ոչ միայն շատ երկար է նախապատրաստվել, այլեւ երկարատեւ ժամանակ էլ փորձել է հանդիսատեսին հասնել։
«Սիմուլակրումը» հիմնված է փոխակերպումների գաղափարի վրա։ Փոխակերպումները, ձեւացումները կամ էլ՝ սիմուլակրերը, իրականում անվերջանալի շղթա են կազմում, եւ երբ նայում ես այդ շղթայի առանձին օղակներին՝ այլեւս անհնար է լինում կռահել, թե ո՞րն է եղել բնօրինակը։ Արդյոք մեր կյանքում իսկապես կա՞ն անվիճելի բնօրինակներ, եւ արդյոք դրանց պատճենները նույնպես բնօրինակ կոչվելու իրավունք չունե՞ն։ Երբ Լեոնարդո դա Վինչին իր բնօրինակին (միս ու արյուն ունեցող կոնկրետ կնոջը) դարձրեց «Մոնա Լիզա», նա ոչ թե պատճեն, այլ՝ նոր մի բնօրինակ ստեղծեց։
Նարեկ Ավետիսյանի համար սիմուլակրային շղթայի հիմք է դարձել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը, որը տարբեր նկարիչների (այդ թվում` նաեւ հայ) ոճերով ու ձեռագրերով է «պատճենահանվել»։ Այդ կտավը, որը մի քանի տարի առաջ լույս տեսած համանուն գեղարվեստական ֆիլմի հիմք է դարձել, 33 վարիացիա է ձեռք բերել։ Հայտնի նկարիչների կռահելի ոճի կողքին հայտնվել են նաեւ այն կտավները, որոնք ոչ միայն կոնկրետ հեղինակային ձեռագրեր ունեն, այլեւ այնպիսիները, որոնք լուսանկարչային ճշտություն ունեն (օրինակ` պատկերում են դերասանուհի Սկարլետ Յոհանսենին՝ Վերմեերի բնորդուհու դերում), կամ էլ ընդհակառակը՝ փախչում են կոնկրետությունից (կտավի տակ գրվում է՝ անհայտ հեղինակ)։ «Փորձել եմ յուրաքանչյուր նկարչի տեսանկյունից նայել, տեսնել ու ձեւափոխել նույն կտավը»,- ասում է նա։
«Սիմուլակրումը» շատ ամբողջական նախագիծ է, որը սկիզբ առնելով փոքր, միմյանց շատ մոտ կախված դասական ֆորմա ունեցող դիմանկարների շարքից, շարունակվում է անիմացիոն պատկերներում եւ երաժշտության մեջ՝ մուլտիմեդիալ հարթություն ստեղծելով։ Շարժապատկերների կառուցումը թույլ է տալիս հանդիսատեսին տեսնել, թե ինչպես են կտավները մեկը մյուսից «ծնվում», իրար մաս կազմում ու վերածվում նոր տարբերակների։ Իսկ հատուկ այս նախագծի համար գրված Վահան Արծրունու երաժշտությունը, որը ցուցահանդեսի բացման օրը 30-հոգանոց նվագախմբի կենդանի կատարմամբ էր հնչում, օգնում է ընկալել «սիմուլակրումի» գաղափարը։ Վերջիվերջո, ձեւացնելն ու փոխակերպվելը չի նշանակում` այլ լինելու հավակնություն ունենալ։ Ձեւացնելը չի հակասում իրականությանը, այլ օգնում է իրականությունը տեսնել տարբեր դիմակների տակ։
Նարեկ Ավետիսյանը բազմաթիվ նման դիմակներ է ստեղծել, որոնք նայելիս` ընդունում ես՝ վարիացիաներն այնքան շատ են, իսկ շղթան էլ այնքան երկար է, որ բնօրինակի (Վերմեերի կտավի) դերն արդեն էական չէ, էականը որոնումներն են։
Մշակութաբան Ժակ Դելոզը նկատել է, որ նույնիսկ կոնկրետ մոդելին անդրադարձ կատարելն արդեն բավարար չէ, քանի որ «սիմուլակրումի գլխապտույտ անդունդում ցանկացած մոդել կորչում է»։ Եվ հենց այդ՝ մոդելի սկզբնական տեսքի «կորստի», անդադար վերատպությունների վրա էլ Ն. Ավետիսյանը կառուցել է իր հետազոտությունները, որոնք միայն գեղանկարչությանը չեն վերաբերում, այլ՝ կապակցվում են թվանշային՝ վիրտուալ մեկնակետի հետ։ Նա առաջիններից մեկն է, ով Հայաստանում սկսեց զբաղվել համակարգչային արվեստով ու ներկայանալ իր ֆրակտալ շարքերով, որտեղ մաթեմատիկական հաշվարկված սխեմաները նոր արվեստի մոդել են դառնում։ «Սիմուլակրումի» մեջ նույնպես ներկայացված են այն կտավները, որտեղ համակարգչային ու արվեստի մեթոդներն իրար են սինթեզվում եւ գույներ ձեռք բերում։ Ականջօղակիր աղջիկը հայտնվում է Ն.Ավետիսյանի «պոստֆրակտալ» աշխատանքներում` որպես թվանշային սարքերի առջեւ կանգնած բնորդուհի։ Եվ համակարգիչն էլ իր մեկնաբանությունն է անում։
«Ես համարում եմ, որ թվանշային տպագրությունը ենթապատկեր է ծառայում նոր գեղանկարչական շերտի համար»,- ասում է Ն.Ավետիսյանը։
Օրիգինալի ու պատճենի՝ իրար լրացնելու ու իրար արդարացնելու գաղափարի վրա հիմնված այս նախագիծը հեղինակից 5 տարվա աշխատանք է պահանջել։ Եվ եթե մեր կյանքում ամեն ինչն էլ պայմանական ու հարաբերական է, ապա ուրեմն հնարավոր չէ գտնել այն նախասկիզբը, որը կարելի է իրականություն անվանել։ Արվեստն ինքնին արդեն իրականություն է եւ իր կանոններով է զարգանում։ Նկատելի է նաեւ, որ Նարեկ Ավետիսյանն իր «Սիմուլակրումը» ստեղծելիս` մեծ հաճույք է ստացել։ Տարբեր նկարիչների «մաշկի» մեջ մտնելով, նա ստացել է ոգեշնչման այն կաթիլները, որոնք այսօր ցուցասրահի պատերին են կախվել ու միջավայր են ձեւավորել։
ՆՓԱԿ-ը, որտեղ պարբերաբար ժամանակակից արվեստի ցուցադրություններ են կազմակերպվում, մեր այսօրվա Հայաստանում մեծ դերակատարություն ունի, քանի որ դա եզակի վայրերից է, որտեղ փորձ է արվում միջավայր ստեղծել ու հագեցնել այն մարդկանցով։ Իսկ դա բարդ, սակայն շնորհակալ գործ է։