ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւը ցնծությամբ են ընդունել Լիբիայի ընդդիմության պաշարված կենտրոն Բենգազիում: Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն պատրաստվում են ռազմական գործողությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 10 կողմ, 5 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ անցած գիշեր հավանություն է տվել թիվ 1973 բանաձեւին, որով նախատեսվում է Լիբիայում սահմանել թռիչքազերծ գոտի եւ գնդապետ Մուամար Քադաֆիին զրկել օդուժի միջոցով ընդդիմադիր ապստամբներին ու խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու հնարավորությունից: Ձեռնպահ են մնացել Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան եւ Հնդկաստանը: Այստեղ հատկապես կարեւոր էր Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը, քանի որ հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, այդ երկու երկրներից յուրաքանչյուրը կարող էր վետո սահմանել եւ կասեցնել բանաձեւի ընդունումը: Ձեռնպահ մնացած հինգ երկրները, դատապարտելով Լիբիայում խաղաղ բնակչության դեմ գնդապետի ռեժիմի սանձազերծած բռնությունները, նշել են, որ թռիչքազերծ գոտու սահմանումը իրավական եւ տեխնիկական պարզաբանումների կարիք ունի: Այդուհանդերձ, ձեռնպահ մնալն այս դեպքում գործնականում նշանակում էր` սատարել բանաձեւին, ինչը չափազանց տհաճ լուր է վերջին օրերին ապստամբների նկատմամբ ռազմական առավելություն ապահոված Մուամար Քադաֆիի զորքի համար: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարք Լայալ Գրանթն ասել է, որ բանաձեւի նպատակն է` վերջ տալ բռնությանը, պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ Լիբիայի ժողովրդին ընձեռել Քադաֆիի բռնապետական ռեժիմից ձերբազատվելու հնարավորություն: 1973 բանաձեւը ենթադրում է ոչ միայն թռիչքազերծ գոտու սահմանում, այլեւ Լիբիային զենք մատակարարելու էմբարգո, Լիբիայի սեփականություն հանդիսացող կամ Լիբիայի կողմից վարձակալած օդանավերի միջազգային չվերթների արգելք: Բացի այդ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսի փոխանցմամբ, բանաձեւով ընդարձակվում է սառեցված հաշվեհամարների ցանկը, որում ընդգրկված են լիբիացիները կամ լիբիական պետական կառույցները: Պարզաբանելով կողմ չքվեարկելու որոշումը, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, որ ռուսական կողմի համար անընդունելի է բանաձեւի պահանջները ապահովելու համար «անհրաժեշտ բոլոր միջոցների դիմելու» մասին դրույթը, քանի որ այն կարող է հանգեցնել ուժի անհարկի կիրառման, ինչի արդյունքում կարող են տուժել խաղաղ մարդիկ: