Երեկ Ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում սահմանադրական փոփոխությունների մասին դասախոսություն կարդաց ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Վերջինս գործող Սահմանադրությունը մի լավ քննադատելուց հետո անցավ առաջարկվող փոփոխությունների գովերգմանը, իսկ վերջում էլ նշեց առաջարկվող նախագծի մի քանի դրույթներ, որոնք, ըստ նրա, հետընթաց են գործող Սահմանադրության համեմատ: Շ. Քոչարյանը կարծում է, որ գործող Սահմանադրության նկատմամբ առաջարկվող փոփոխությունների փաթեթը հսկայական առաջընթաց է: Նա հինգ բալային սանդղակում գործող Սահմանադրությունը գնահատեց մեկ, իսկ հանրաքվեի դրած նախագիծը՝ երեք միավորով: Ի դեպ, Շ. Քոչարյանն առաջընթաց համարեց նաեւ որոշ ընդդիմադիրների ու բնակչության մի զգալի մասի դժգոհությունն առաջացրած այն դրույթը, ըստ որի առաջարկվում է երկրի նախագահին անձեռնմխելիություն տալ: