Գործեր են հարուցվել

17/03/2011

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` քրեական գործ են հարուցվել «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժանմունքների պետերի կողմից կատարած խախտումների դեպքերի, սոցիալական ծառայության գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի եւ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրգործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ: Մասնավորապես` պարզվել է, որ Մ. Օսյանը 2010թ. նոյեմբերից աշխատել է «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղի թիվ 2039 բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ: 2011թ. հունվարի 5-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի կենսաթոշակների վճարման ցուցակում կեղծել է հանգուցյալ Ռ. Հարությունյանի ստորագրությունը, դրամարկղից ելքագրել եւ յուրացրել է վերջինիս անվամբ ձեւակերպված, վարչական պատասխանատվություն առաջացնող կենսաթոշակի գումարը: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Բացի այդ` պարզվել է, որ Շ. Վարդումյանը, 2006թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատել է Վանաձոր քաղաքի թիվ 16 փոստային բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ: Շ. Վարդումյանը, հիշյալ ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կենսաթոշակների վճարման փաստաթղթերում կեղծելով կենսաթոշակառու Ռ. Խումարյանի ստորագրությունը, վերջինիս անվամբ ստացել է 839.841 դրամ կենսաթոշակային գումար: Այդ գումարից 107.000 դրամը Ա. Բոյաջյանի միջոցով նա փոխանցել է Ռ. Խումարյանին, իսկ մնացած` 732.841 դրամը` յուրացման եղանակով հափշտակել: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Այնուհետեւ` Շ. Վարդումյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ա. Հովսեփյանը, ով 2010թ. հոկտեմբեր ամսից աշխատել է «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի փոստային մասնաճյուղի նույն` թիվ 16 փոստային բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ, օգտվելով թոշակառուներ Յ. Դիլոյանի եւ Լ. Հարությունյանի` հանրապետությունից բացակայելու հանգամանքից, նրանց ստորագրությունները կեղծելու միջոցով 2010թ. հոկտեմբեր ամսին յուրացման եղանակով հափշտակել է վերջիններիս կենսաթոշակային գումարները: Հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն:

Բացի այս, Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ. Թումանյանը 1999-ից աշխատել է Վանաձոր քաղաքի սոցիալական ծառայության տարածքային բաժնում` որպես գլխավոր մասնագետ: Վերջինս Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամների բացակա լինելու հանգամանքն անտեսելու, ինչպես նաեւ` նպաստառուների ցուցակում մնալու եւ նպաստ վճարելու համար 2010-ից մինչեւ 2011թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Տ. Հովհաննիսյանից պահանջել եւ նույն քաղաքի թիվ 18 փոստային բաժանմունքի պետ Ա. Ավագյանի միջոցով եւ օժանդակությամբ ստացել է ընդհանուր 175.000 դրամ կաշառք: Հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Է. Եգանյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է ՀՀ կառավարության` 2010թ. մարտի 25-ի թիվ 284Ն հրամանի, ինչպես նաեւ` «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի» 24-րդ եւ 26-րդ հոդվածների պահանջները: Այն է` առանց թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու, մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում «հոգեկան եւ վարքային խանգարումներ` ալկոհոլի կախվածություն համախտանիշ» ախտորոշմամբ հաշվառված իր եղբորը` Է. Եգանյանին, 2010թ. սեպտեմբերի 1-ին աշխատանքի է ընդունել Ձորագետավան գյուղի հիմնական դպրոցում` որպես քաղպաշտպանության շտաբի պետ, նախազորակոչային պատրաստության ուսուցիչ: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: