Ադրբեջանը սպառնում է

17/03/2011

Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը սպառնացել է, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Մամեդովը նշել է, թե «ԼՂ-ի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ», այն փակ է, եւ համաձայն «Ավիացիայի մասին օրենքի»` իրենք կարող են վերացնել օդանավերը, որոնք ուղեւորվում են այդ տարածաշրջան: «Մենք դեռեւս անցած տարվա հոկտեմբերին տեղեկացրել ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որ դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ցանկացած չվերթ անօրինական է, եւ մենք իրավասու ենք ֆիզիկապես ոչնչացնել այդ օդանավերը»,- ասել է Մամեդովը: Ի պատասխան` ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասել է, որ Ադրբեջանին չի հաջողվի ահաբեկել Ղարաբաղին ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներով, եւ իրենք վճռական են Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու հարցում: Նա նաեւ նշել է, որ այս հայտարարությունը փաստում է Ադրբեջանում միջնադարի մթնոլորտի մասին, եւ դրանց հեղինակներն առնվազն նացիստական գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ են: «Եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետեւանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի՛ համար»,- ասել է Դ.Բաբայանը: Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է այս տարվա մայիսի 9-ից: Այն կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւորի: Սկզբնական փուլում օդանավակայանից կիրականացվի միայն Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ չվերթը: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե, իսկ տոմսի արժեքը չի գերազանցելու 15.000 դրամը: