ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ այցելել է Կահիրեի Ազատության հրապարակ: Նրան ուղեկցող եգիպտացիները նրան պատմել են, թե ինչպես են ծավալվել նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժականին հանգեցրած իրադարձությունները հրապարակում: Հիշեցնենք, որ Հ. Քլինթոնը Եգիպտոս է ժամանել` իր աջակցությունը հայտնելու Եգիպտոսի նոր ղեկավարությանը: Կահիրեում կայացած ասուլիսի ժամանակ պետքարտուղարը հույս է հայտնել, թե Եգիպտոսը կկարողանա բարեփոխումներ իրականացնել եւ «զարգացնել հեղափոխության հաջողությունը»: Իր հերթին, Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ ալ Արաբին հայտարարել է, թե Կահիրեն ցանկանում է պահպանել Վաշինգտոնի հետ սերտ հարաբերությունները եւ ապավինում է ամերիկյան կողմի աջակցությանը: Ի դեպ, երեկ Հ. Քլինթոնը հանդիպել է նաեւ Եգիպտոսի բարձրագույն զինվորական խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավիի եւ վարչապետ Իսամ Շարաֆի հետ: