– Պարոն Ավանյան, երկարատեւ բացակայությունից հետո ԱՄՆ-ից ե՞րբ վերադարձաք Հայաստան:
– Վերադարձա 1993թ. հունվարի 6-ին: 23 տարվա բացակայությունից հետո Հայաստան եկա: Ինձ առավելապես հետաքրքրում էր Հայաստանի պատմության էջերին մասնակից դառնալը: Անկախացման այդ ժամանակաշրջանը բնորոշվեց հայ ժողովրդի վերածնունդով: Թեեւ էներգետիկ ճգնաժամ էր, առաջին անհրաժեշտության ապրանքներ չկային, ծանր տարիներ էին, բայց ժամանակը բոլորովին անտարբեր չէր: Մարդիկ համախմբվում էին, մոմի լույսի տակ պատմություններ պատմում, միմյանց օգնում հաղթահարելու առօրյա խնդիրները եւ այլն: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ մարդիկ հույսերով լի էին:
– Ձեր նշած վերածնունդից հետո ի՞նչ է փոխվել հասարակական կյանքում, ի՞նչ կորցրեցինք:
– Այսօր ցավով նկատում եմ, որ տարիների ընթացքում մենք կորցնում ենք 19-20-րդ դարերի ճարտարապետական մեր դեմքը: Եվ դա, առաջին հերթին, պայմանավորված է ինքներս մեզ չսիրելու, չգնահատելու հանգամանքով: Կառուցելով նորը՝ քանդում ենք հինը: Ես դեմ չեմ որեւէ նոր ստեղծագործության, որեւէ նոր կառույցի, քաղաքի մոդեռնիզացիային, բայց դա չպետք է լինի հինը քանդելու հաշվին: Կան փողոցներ, որոնք կարող են իրենց տեսքով վերափոխվել, նոր կյանք ստանալ: Բայց այն տպավորությունն է, որ Երեւանը քանդելով` հայրենիքազրկում ենք մեր ժողովրդին, որն արդեն բավականաչափ կորուստներ է ունեցել: Ամենամեծ վնասը հինը քանդելու մեջ է: Հինը քանդելը պատմության էջ քանդելու պես է, որը տպավորություն է ստեղծում, թե այն գրված է սեւագրի մեջ: Այսօր հազիվ 10-15 շենք է մնացել, որը, որպես մերան, պարտավոր ենք պահել: Մեր միջից այլեւս պետք է հանվի քանդելու մտածելակերպը:
– Իսկ չէ՞ որ այդ ճարտարապետական տեսքի համար առաջին հերթին պատասխանատու են հենց իշխանությունները, որոնք թելադրում են իրենց ճաշակը, եւ իրենց անմիջական մասնակցությամբ էլ շենքերը քանդվում-կառուցվում են:
– Իշխանությունները ժողովրդի մասին մտածում են այնքանով, որքան ժողովուրդն է ինքն իր մասին մտածում: Իշխանությունները գերնպատակ ունեին Երեւանի համար ինչ-որ լավ բան անել: Այդ ժամանակ որոշեցին Հյուսիսային պողոտան կառուցել, որի հաշվին հին շենքերը քանդվեցին: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Երեւանի կենտրոնը ապրելավայրից` բիզնես կենտրոնի կվերածվի, Հյուսիսային պողոտայի ամեն մի բնակարան գրասենյակ կդառնա՝ ոսկերչի արտադրամաս, նորաձեւության ներկայացուցչություն եւ այլն: Չեմ կարող ասել, թե քաղաքի կենտրոնում ամեն նորակառույց շենք վատն է: Հյուսիսային պողոտայում, օրինակ, 2 շենքեր կան, որոնք շատ եմ հավանում: Բայց այդ կառուցապատումների արդյունքում հինը քանդելու սովորություն ձեւավորվեց մեզանում: Հաշվի առնելով, որ մենք՝ հայերս, անհատականություններ ենք, ամեն մեկը թելադրում է իր ճաշակը՝ աբստրակտ որեւէ միտք արտահայտելով: Եվ քանի որ մեր ճաշակն էլ խիստ սահմանափակ է, արդյունքը դառնում է ցաքուցրիվ, չկապակցված: Իսկ դրա պատճառը խորհրդային համակարգի փակ լինելն էր: Փակ հասարակություն լինելու արդյունքում այսպիսի ճաշակ ձեւավորվեց:
Նախկինում որպես գալերիստ աշխատելով (զբաղվում էի գերմանական էքսպրեսիոնիզմով)` որոշակիորեն ծանոթ եմ արվեստագետների հոգեբանությանը: Որպես կանոն՝ արվեստագետները սիրում են մեծամասշտաբ ցուցահանդեսներ կազմակերպել, իսկ այսօր Երեւանի կենտրոնն ամենամեծ գալերեան է դարձել ճարտարապետ-արվեստագետների համար: Ճարտարապետների շրջանում մրցակցություն ձեւավորվեց, թե ով կլինի այդ մեծ գալերեայում` ցուցասրահում ներկայացված: Կատարվող գործընթացների համար, սակայն, պատասխանատվություն կրում է նաեւ հասարակությունը: Մենք բոլորս պատասխանատու ենք եւ մեղավոր ենք: Միգուցե վիճելի լինի իմ այս դիտարկումը, բայց, օրինակ, Երեւանում տեղադրված բանվորի արձանի տեղը բենզալցակայան կառուցելը անթույլատրելի էր: Չպետք է այդքան արագորեն ու հեշտ հրաժարվենք մեր պատմության էջերից: Մենք այդ փաստը անտարբերության մատնեցինք: Այնինչ, մենք մեր երկիրը պետք է սիրենք այնպես, ինչպես մայրն է իր երեխային սիրում:
– Իսկ ինչպե՞ս կարող է հասարակությունն անտարբեր չլինել, եթե իր երկրի ճակատագիրը մի քանի օլիգարխ է տնօրինում՝ այսպես ասած, «բիզնեսային» մտածելակերպով, եւ որտեղ ժողովուրդը սոցիալական ծանր խնդիրների մեջ պարզապես խեղդվում է…
– Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչ է պետք անել: Պետք է ընդամենը սիրել քո երկիրը, քո Կառավարությունը, քո ժողովրդին: Հասարակությունն ու իշխանությունն, ասես, տարանջատ լինեն: Իսկ դա հետեւանք է այն բանի, որ մենք իրար օտարացնում ենք: Դարերից եկած մեր բնազդն է խոսում, երբ օտարները մեր երկիրը գրավում էին, իրենց իշխաններին ղեկավար էին նշանակում: Միշտ հպարտանում ենք, որ մենք հնագույն պատմություն եւ մշակույթ ունենք, հպարտանում ենք մեր անցյալով, թագավորներով… Ստացվում է, որ մենք ապրում ենք ոչ թե իրականությամբ, այլ անցյալի կերպարներով: Ինչ-որ անձանց մատնացույց անելով կամ մեղադրելով՝ այսօր արդյունքի չենք կարող հասնել: Ավելին՝ մենք մեր մեջ պետք է մեղավորներ փնտրենք: Երբ ԱՄՆ-ից նոր էի եկել, ինձ զարմացնում էր մարդկանց` առանց ժպիտի միմյանց բարեւելը: Ինձ միշտ հակադարձում էին՝ ասելով, թե ամերիկացիներն առանց առիթի, «ստից» ժպտում են: Ինձ համար նախընտրելի է, այսպես ասած՝ ստից ժպիտ տեսնելը, քան ազնիվ գռմռոց լսելը:
– Ինչպիսի՞ն են ժամանակի եւ խոհանոցի փոխհարաբերությունները: Ձեր ռեստորանը սփյուռքահայերի, արտասահմանցիների, ինչպես նաեւ` իշխանությունների սիրած վայրերից է: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– 1993թ. հայկական խոհանոցը շատ աղքատիկ էր ներկայացված հայաստանյան ռեստորաններում: «Դոլմաման» բացելիս զգում եւ տեսնում էի դրա անհրաժեշտությունը: Ամեն բան միագույն էր, իսկ ուտելիքը լավ է բազմազանության մեջ: Ուզում էի, որպեսզի դրսից Հայաստան եկած մարդիկ մեր երկիրը ճանաչեն նաեւ այս գույներով, այս խոհանոցով: Եվ մտածեցի բացել «Դոլմաման», որպեսզի հայկական ուտելիքը Հայաստան եկող միջազգային հասարակությանն ըստ արժանվույն կարողանանք ներկայացնել: Մինչ ԱՄՆ մեկնելը, այստեղ տեսել էի` ինչպես էին մարդիկ օղի խմում, գառան խաշլամա եւ խորոված ուտում: 23 տարի անց Հայաստան վերադառնալով՝ հասկացա, որ ամեն ինչ նույնն էր մնացել. ուտում էին խոզի խորոված ու խմում միայն օղի (վերջինս` ռուս ժողովրդի ազդեցության արտացոլումն էր): Մտածում ես`իսկ ի՞նչ պատահեց մեր ազգային մտածելակերպի հետ: Մեր հարեւան Վրաստանում, օրինակ, առ այսօր պահպանվել է գինի խմելու ավանդույթը, բորշչն ու կոտլետն էլ չեն դարձել իրենց հիմնական ճաշատեսակները: Մենք ոչ թե ավանդական, այլ պահպանողական ժողովուրդ ենք: Այժմ արդեն բազմաթիվ լավ ռեստորաններ կան Հայաստանում` ոչ միայն հայկական, այլեւ ֆրանսիական, իտալական խոհանոցներով: Բոլորովին այլ երաժշտություն են մարդիկ սկսել լսել: Մարդկանց պահանջները եւ ճաշակը ժամանակի ընթացքում փոխվում է: Ցանկացած գաղափար, եթե լավն է եւ սիրով է իրականացվում` անպայման հաջողում է: Պետք է սիրել, գնահատել այն, ինչ ունես, եւ այն, ինչով զբաղվում ես: Սփյուռքահայերի մի մասն, իհարկե, բողոքում է, թե բիզնեսը չի հաջողում Հայաստանում: Իմ կարծիքով` Հայաստանում որեւէ բան լավ անելու դեպքում` միանշանակ հաջողություն կարող ես ունենալ: Սխալ նախահաշվարկների, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի պատճառով բիզնեսը չեն հաջողում եւ սկսում են մեղավորներ փնտրել այլ տեղում: Ինչ խոսք, դժվար ժամանակներ ենք ապրում, բայց ես միշտ լավատես եմ եւ հավատում եմ, որ ամեն բան լավ կլինի: Միայն թե ափսոսում եմ տարիների ընթացքում կորցրած հնարավորությունները: Կարծում եմ՝ Հայաստանը լինելու է մի քանի ինդուստրիաներից բաղկացած տնտեսական կենտրոն: Մենք ունենք շուրջ 7 միլիոն սփյուռքահայ, ինչը նշանակում է` ունենալ 7 միլիոն հաճախորդ: Երկրորդ՝ Հայաստանը կարող է դառնալ բանկային կարեւոր կենտրոն: Իսկ հաջորդ բաղադրիչը թեթեւ արդյունաբերության զարգացումն է, ինչով մենք ժամանակին հայտնի էինք:
Օրեր առաջ Սինգապուրում էի, որը մոտ 30 տարի առաջ մի չնչին երկիր էր: Օդանավակայանում տաքսի էի վերցրել, վարորդն առանց որեւէ հարց լսելու` սկսեց խոսել իր երկրի մասին, ասել, թե իր երկիրն աշխարհում ամենամաքուր ու ամենաապահով երկիրն է, որ իր երկրի վարչապետն աշխարհի ամենախելացի մարդն է: Հետո հասկացա, որ սա բնորոշ է նաեւ մյուս տաքսու վարորդներին: Ավելի ուշ պարզեցի, որ նրանց գովելի վարչապետը հակակոռուպցիոն ծրագիր էր մշակել, եւ իր ամենամտերիմ ընկերոջը կաշառք վերցնելու համար ցմահ բանտարկության դատապարտել: Փողոցում սիգարետ նետելու համար 1000 դոլար տուգանում են, 20 գրամ թմրանյութի համար գնդակահարում են, եւ այլն, եւ այլն: Ընդ որում՝ այնտեղ ամենաբարձրը վարձատրվում են դատավորները: Ընդամենը մի վարչապետ երկրում փոխեց ամեն բան, որն, ի դեպ, ըստ Սինգապուրի բնակիչների` աշխարհում ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործիչն է: Այդ բնակիչները խելագարի պես սիրում են իրենց երկիրը: Այնպես որ, ընդամենը պետք է սիրենք մեր երկիրը, չզզվենք մեզնից, անտարբեր չլինենք ու չքանդենք: Պետք է պահպանենք հինը, փայփայենք մեր պատմությունը: Օրենքով պետք է ամրագրել, որ քաղաքում այլեւս չի կարելի որեւէ շենք քանդել: Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք: