Սուտը` որպես դիվանագիտական կատեգորիա` Հերմեսից մինչեւ մեր օրերը
Եկեք մի փոքր հանգիստ թողնենք նախնիներին եւ տեսնենք, թե ստել-չստելը, խաբել-չխաբելը, ազնվությունն ու անազնվությունն ինչ տեղ են գրավում ժամանակակից դիվանագիտության մեջ: Թե չէ մեր աչքերի գերանները թողած` փոշեհատիկ ենք փնտրում դարեր առաջ կյանքից հեռացածների աչքերում: Մեր դիվանագետների «դարդը լանք»: Արդ, ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն եւ ինչպե՞ս կարող է ստել դիվանագետը: Եվ, վերջապես, ստելիս նա մեղանչո՞ւմ է, թե՞ չի մեղանչում Աստծո պատվիրանի դեմ: Այս հարցի շուրջ բանավիճելիս, իմ որոշ դիվանագետ բարեկամներ, որոնց պրոֆեսիոնալիզմի մասին ես բարձր կարծիքի եմ, որպես կանոն, բառացիորեն կրկնում են անգլիացի դիվանագետ եւ պոետ Հենրի Ուոտոնի խոսքերը. «Դեսպանը` ազնիվ մարդ է, որին ուղարկում են արտասահման իր երկրի բարօրության համար ստելու նպատակով»: Ասված է դիվանագետներին արդարացնելու համար: Նույնը կարելի է ասել հետախույզների հաշվով: Վարկածը վիճահարույց է եւ վերլուծման կարիք ունի: Ինձ համար, օրինակ, փրկարար օղակ է սենտենցիայի ուժ ստացած հետեւյալ արտահայտությունը. «Խաբել չի կարելի, կարելի է ողջ ճշմարտությունը չասել»: Կարելի է սրա հետ համաձայնել կամ` ոչ: Սակայն, իմ կարծիքով, այն, համենայն դեպս, ստելուց նախընտրելի է:
Գոյություն ունի ստի երկու հիմնական տարատեսակ. լռելը եւ աղավաղելը: Երբ լռում են, նշանակում է` թաքցնում են գոյություն ունեցող ստույգ ինֆորմացիան: Փոխարենը` չեն հաղորդում կեղծ ինֆորմացիա: Աղավաղելու պարագայում դիմում են որոշ լրացուցիչ գործողությունների: Ոչ միայն թաքցնում են ճշմարտությունը, դեռ մի բան էլ փոխարենը հրամցնում են կեղծ ինֆորմացիա` ներկայացնելով այն որպես ստույգ ինֆորմացիա: Հաճախ լռելու եւ աղավաղելու նման զուգորդումը կարող է հանգեցնել խաբեության, սակայն որոշ դեպքերում ստախոսը կարող է հաջողություն ունենալ պարզապես չասելով ողջ ճշմարտությունը: Ոչ բոլորն են լռելը համարում ստախոսություն: Շատերը սուտ են անվանում իրականության միայն բացահայտ աղավաղումը: Նման մեկնաբանությունը մտորելու տեղիք է տալիս: Այն, որ աղավաղումը նույն ստախոսությունն է` երկու կարծիք լինել չի կարող: Սակայն լռելու պարագան, թերեւս, վիճահարույց է: Այսպես, բանակցային գործընթացում դիվանագետի լռությունն այն հարցերի շուրջ, որոնց բացահայտումը հակասում է իր պետության շահերին, որակել ստախոսություն` առնվազն անտրամաբանական է: Իսկ երբ նա ժխտո՞ւմ է գոյություն ունեցող, բոլորին հայտնի փաստը: Վերցնենք Կարիբյան ճգնաժամը: Կուբայում խորհրդային միջուկային մարտագլխիկներ տեղադրելու հետեւանքով աշխարհը կանգնեց III համաշխարհային պատերազմի եզրին (1962 թ.):
Քենեդի-Գրոմիկո հանդիպման ժամանակ, երբ նախագահը հարցրեց արտգործնախարարին, թե կղզում կա՞ն խորհրդային հրթիռներ, վերջինս, առանց աչքը թարթելու, պատասխանեց` ոչ: Իսկ երբ նա դուրս եկավ, Քենեդին նրա հետեւից նետեց այն չորստառանի բառը, որն այսօր հաճախ են պատերին գրում Երեւանի անգլերեն սովորող պատանիները: Գրոմիկոն, այս դեպքում, իհարկե, ստում է: Սակայն հետաքրքիրն այն է, որ հենց որոշ ամերիկյան մեկնաբաններ գտնում են, որ Քենեդին էլ է ստում, քանզի նա թաքցնում է, որ ստույգ տեղեկացված է հրթիռների գոյության մասին: Ուրեմն` Քենեդիի լռելն այս պարագայում նո՞ւյնպես հավասար է ստելուն: Բոլոր դեպքերում, լռելով ստելն ավելի քիչ է դատապարտելի: Այսպիսով, եթե լռելը տարբեր իրադրություներում կնշանակի ստել, ապա կարո՞ղ ենք այն անվանել պասիվ ու ոչ թե ակտիվ սուտ, կարո՞ղ ենք համարել ամենաթողություն (ինդուլգենցիա): Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին:
Հայտնի է, որ հաճախ, երբ կա ստի տարատեսակների ընտրություն, փորձված դիվանագետները նախընտրում են լռել, քան աղավաղել իրականությունը: Սա ավելի հեշտ է, եւ կարիք չկա օգտվել լավ մշակված «լեգենդից», որը բոլոր դեպքերում կարող է «ճաք տալ», այսինքն` բացահայտվել: Պատահական չի ասել Աբրահամ Լինկոլնը, թե ինքն այնքան էլ լավ հիշողություն չունի, որպեսզի ստի:
Ամերիկայի նախագահն, ըստ երեւույթին, իրոք ազնիվ մարդ է եղել եւ ստելը չի արդարացրել անգամ պետական շահերով: Իսկ դրանից երկու դար առաջ Լյուդովիկոս XIII-ի առաջին նախարար, կարդինալ Մազարինին, առանց քաշվելու իր հոգեւորական բարձր աստիճանից, խաբեության դասեր է տվել ենթականերին: Նա հանձնարարել է մարշալ դե Ֆոբերին` պետություններից մեկի ներկայացուցչի հետ բանակցելիս խոստանալ զգալի զիջումներ, որոնց Ֆրանսիան երբեք չէր գնա: Մարշալը հրաժարվել է. «Մոնսենյոր, Դուք ինձ լիազորում եք տալ սուտ խոստում, սակայն Ձեզ հարկավոր են նաեւ ազնիվ մարդիկ, որպեսզի ասեն ճշմարտությունը: Աղաչում եմ Ձեզ` ինձ թողնել այն ժամանակների համար, երբ Ձեզ պետք կլինեն հպատակներ հենց այդպիսի առաքելության համար»:
Երբ մենք խոսում ենք դիվանագիտության մեջ ստի եւ խաբկանքի մասին, հարկ է պարզ պատկերացնել, որ այդ վտանգաշատ ֆենոմենները սերտորեն կապված են քաղաքական խաղերի, գաղտնի պատերազմների, դիվանագիտական եւ լրտեսական կոմբինացիաների ու որոգայթների հետ: Եվ եթե այդ ամենը, չնայած դերակատարների օգտակար գործ կատարած լինելու ձգտումներին, չեն արդարացնում իրենց, նույնիսկ վնաս են հասցնում նրանց պետություններին, ապա վստահաբար կարելի է ասել, որ սուտը եւ կեղծիքը գործում են այդ իսկ երկրների պետական եւ ազգային շահերի դեմ:
Ստի` որպես սոցիալական, քաղաքական եւ դիվանագիտական կատեգորիայի, չգերազանցված վերլուծաբան, ամերիկյան անվանի գիտնական Ռ. Էքմանն այն կարծիքն է հայտնում, որ ցանկացած քաղաքական գործիչ, ով իշխանության է հասնում ինչ-որ մի տեղ, բանավեճերի, հրապարակային հոյակապ ելույթների, մամուլի ասուլիսների, ռադիոյի եւ հեռուստատեսության միջոցով փայլուն իմիջ վաստակելու շնորհիվ, ոչ այլ ոք է, եթե ոչ` բնածին ստախոս: Դաժան է ասված: Եվ այդ բնածին ստախոսը, նշում է նա, հնարամիտ է, խելացի, գերազանց զրուցակից, ով կարողանում է համոզել դիմացինին: Ճիշտ է, նա ասածի մեջ ուղղում է մտցնում, թե` քաղաքական գործիչը (պետք է հասկանալ` նաեւ դիվանագետը), պարտադիր չէ, որ բնածին ստախոս լինի: Շնորհակալություն գոնե այս մեղմացուցիչ դիտողության համար:
Բոլորովին այլ դիրքերի վրա է կանգնած դիվանագիտության մեծագույն նորարար եւ ռեֆորմատոր Ֆրանսուա դը Կալյերը, ում կարծիքը պրոֆեսիոնալների համար ունի աքսիոմատիկ ճշմարտություն: Մեջբերենք նրա մտքերից մի քանիսը: «Լավ դիվանագետն իր առաքելության հաջողությունը երբեք կախման մեջ չի դնի ստից կամ խոստումից: Իրականության մեջ նենգությունը կարող է ընդամենը հանդիսանալ այն անձնավորության հայացքների խղճուկությունը, որը դիմում է դրան: Ազնվություն` դիվանագիտության մեջ, ինչպես նաեւ այլ գործերում` սա է ամենալավ քաղաքականությունը: Եթե սուտն այսօր անգամ խոստանում է հաջողություն, վաղն այն ստեղծելու է կասկածամտության մթնոլորտ, ինչն անհնարին է դարձնելու հետագա հաջողությունները: Այսպիսով դիվանագետը պետք է լինի ուղղամիտ եւ ազնիվ մարդ, հակառակ դեպքում նրան չեն վստահի»: Այսպես է խոսել մեծ ռեֆորմատոր դը Կալյերը: Հիշենք եւ չմոռանանք:
Սուտն` այս աշխարհի ուժեղների զինանոցում
Սուտը դանդաղ գործող ական է. այն կարող է քանդել պետություններ ու թագավորություններ: Ամենայն Հայոց բանաստեղծն իր «Սուտասանը» հեքիաթում անպաճույճ, սակայն համոզեցուցիչ լեզվով նկարագրում է նման մի դեպք, որը կարելի է զետեղել դիվանագիտական դասագրքերում` «Ստելը վտանգավոր է» վերտառությամբ:
Հեքիաթում պատմվում է, թե ինչպես թագավորը պատրաստ է թագավորության կեսը տալ նրան, ով իրեն կխաբի: Պալատ են գալիս զանազան ստախոսներ եւ ձեռնունայն հեռանում: Հետո ներս է մտնում մի աղքատ գյուղացի եւ հայտարարում.
– Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:
– Մի կոտ ոսկի՞,- զարմանում է թագավորը: -Սուտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:
– Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,- խոսքը փոխում է թագավորը:
– Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկի տուր:
Հեքիաթը` հեքիաթ, սակայն, երբ ստում են ժամանակակից պետությունների լիդերները, ստում են ցինիկաբար, փորձելով մոլորեցնել եւ ապատեղեկացնել միջազգային հանրությանը եւ նրա ինստիտուտներին եւ հետն էլ` շահել քաղաքական դիվիդենտներ. սա արդեն մի կոտ ոսկի չէ, ոչ էլ թագավոր-գյուղացի «բանակցություն»:
Դիվանագիտական էթիկայի, բանակցային ազնվության եւ շիտակության մասին ապշեցուցիչ ցինիկությամբ եւ սպանիչ դաժանությամբ է խոսել Ստալինը: «Դիվանագետի խոսքերը չպետք է ոչ մի ընդհանուր բան ունենան նրա գործերի հետ, թե չէ` ի՞նչ դիվանագիտություն… Գեղեցիկ խոսքերի հետեւում թաքնված են այլանդակ գործեր: Անկեղծ դիվանագիտություն գոյություն չունի, ինչպես որ գոյություն չունեն չոր ջուր եւ փայտյա երկաթ»,- նշել է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների առաջնորդը:
Միջազգային սուտը` զուգորդված դիվանագիտական բազմակոմբինացիոն խաղերով, կարող է ունենալ տարբեր գլոբալ աշխարհաքաղաքական նպատակներ: 1967 թ. իսրայելյան քարոզչական մեքենան «Վեցօրյա պատերազմի» տառացիորեն նախօրեին լայն կամպանիա ծավալեց տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս, թե իբր Թել Ավիվն ամենեւին էլ մտադրություն չունի սկսել ռազմական գործողություններ, ինչպես նաեւ` գործի դրեց զանազան հնարներ` ապատեղեկացնելու համար իր զինված ուժերի իրական վիճակը: Հրեաներին միանգամայն հաջողվեց իրագործել ծրագրավորված պլանը: Անսպասելի լայնաճակատ ռազմական գործողություններ սկսելով արաբների դեմ, հրեաները հաշված օրերի ընթացքում գլխովին ջախջախեցին նրանց, բարոյական եւ նյութական մեծ կորուստ հասցնելով արաբական աշխարհի ստրատեգիական գործընկեր Խորհրդային Միությանը:
Նույն բանը` մեկը մեկին, կատարվեց 1941 թ. ԽՍՀՄ-ի եւ ֆաշիստական Գերմանիայի միջեւ, երբ Հիտլերը «համոզեց» Կրեմլին` իր խաղաղասիրական նկրտումների մեջ, հետո ուխտադրուժ հարձակվեց: Միայն թե արաբա-իսրայելյան պատերազմից այն տարբերվում էր նրանով, որ Ստալինը, քաջ գիտակցելով Հիտլերի խաբեությունը եւ ստախոսությունը, ուժեղ շարժառիթ ուներ հավատալու նրան, քանի որ այդ շարժառիթի բացակայությունը պատերազմը դարձնում էր միանգամայն անխուսափելի: Ստալինը մեծ հույսեր էր կապում 1939թ. օգոստոսի 23-ին Մոսկվայում ստորագրված Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի հետ, որը միմյանց վրա չհարձակվելու երաշխիք էր տալիս: Մինչդեռ այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրած անձինք հեռու էին չստելու եւ չխաբելու հատկությունից: Պակտի ստորագրման արարողակարգից հետո, երբ հյուրերը գնացին, Ստալինն` այդ զուսպ եւ ժեստիկուլյացիայի մեջ ժլատ ու դանդաղ անձնավորությունը, Ն. Խրուշչովի պատմելով` սկսեց պարել եւ բացականչել. «Խաբեցի Հիտլերին, խաբեցի Հիտլերին»:
Անցյալ դարի կեսերից տեղափոխվենք մեր օրերը եւ տեսնենք, թե սուտը եւ քաղաքական խաբեությունն ինչպես են խաղարկվում որոշ պետությունների լիդերների կողմից:
«Ադրբեջանում ազգայնական եւ կրոնական հողի վրա երբեք չի եղել եւ, համոզված եմ, երբեք էլ չի լինի որեւէ կոնֆլիկտ կամ հակադրականություն: Ադրբեջանում բոլոր ժողովուրդները, բոլոր կրոնների ներկայացուցիչներն ապրում են ինչպես մեկ ընտանիք»:
Սա հայկական կողմի պրոպագանդիստական տրյուկը չէ: Խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2009 թ. նոյեմբերի 6-ի «Միջկրոնական երկխոսություն: Փոխըմբռնումից մինչեւ համագործակցություն» կոնֆերանսում:
Ի՜նչ Սումգայիթ, ի՜նչ Նախիջեւան, ի՜նչ Բաքու: Պարզվում է, ժողովուրդների բարեկամության դրախտը երկնքից իջել է մեր հարեւան հանրապետություն, որտեղ երբեք վարձու լանդսկտեխտների օրինակով մարդկանց` մեծից փոքր, չեն մորթել, կանանց եւ աղջիկներին չեն բռնաբարել: Տարածաշրջանային Շվեյցարիա, հեքիաթ-Էլդորադո:
Մեր հարեւան պետության մարտնչող լիդերի դիվանագիտական սուտը վերաբերում է մեր երկու հանրապետություններին եւ կարող է շատ թե քիչ պղտորել քաղաքական կլիման տարածաշրջանում: Սակայն լինում են խաբեության գլուխգործոցներ, որոնք միտված են փոխել պատմության ընթացքը, շուռ տալ մարդկանց ճակատագրերը, այլափոխել նրանց կացութաձեւը, հոգեկան աշխարհն ու մտածելակերպը:
Լենինն ուներ լավ հիշողություն, լավ գիտեր միջազգային հարաբերությունների պատմությունը, հավանաբար ծանոթ էր Հին Հունաստանի դիվանագիտության` ինչպես դեմոկրատական սկզբունքներին, այնպես էլ ստորջրյա հոսանքներին, քաղաքական խաղերին եւ խաբեություններին: Եվ այդ ամենից օգտվելով` հեղաշրջման երկրորդ իսկ օրը հրապարակեց բոլշեւիկյան Ռուսաստանի առաջին դիվանագիտական փաստաթուղթը` Խաղաղության դեկրետը, թե իբր հրաժարվում է գաղտնի դիվանագիտությունից, գաղտնազերծում ու հրապարակում է ցարական Ռուսաստանի բոլոր պայմանագրերը: Սա արտաքնապես դեմոկրատական, անգամ գրավիչ փաստաթուղթ էր, իսկ խորքում` դիվանագիտական բլեֆ էր:
Դեկրետում շեշտվում էր, որ սովետական կառավարությունը Ռուսական իմպերիայի իրավահաջորդը չէ եւ հրաժարվում է նրա վերցրած բոլոր համաձայնագրերից եւ պարտավորություններից: Եթե չկա համաձայնագիր, ուրեմն օտար պետությունները Ռուսաստանում չունեն սեփականություն, անշարժ գույք, ներդրումներ: Բացարձակապես ոչինչ: Զրո: Խաղաղության դեկրետն իր մեջ պարունակում էր մեկ այլ ավելի վտանգավոր որոգայթ: Լենինը դիմում էր բոլոր պատերազմող «ժողովուրդներին եւ պետություններին» (I համաշխարհային պատերազմի մասնակիցներին)` պահանջելով անմիջապես բանակցություններ սկսել` «արդարացի եւ դեմոկրատական խաղաղության» հասնելու, «իմպերիալիստական պատերազմը դադարեցնելու» համար: Կոչն ուղղված էր ոչ միայն կառավարություններին, այլեւ պատերազմող կողմերի ժողովուրդներին, հատկապես` Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի գիտակից պրոլետարիատին: Դա դիվանագիտական բոլոր նորմերի խախտում էր, փաստորեն` հեղափոխության ազդանշան այդ երկրների ժողովրդական մասսաներին: Լենինը հիանալի հասկանում էր, որ Գերմանիայի հետ պատերազմի շարունակումը կարող է կործանել իր սկսած հեղափոխությունը, Ռուսաստանն էլ հետը, չնայած պատերազմում վերջինիս տարած հաղթանակին: Վերջին հաշվով, նա պետք է նաեւ վճարեր գերմանացիներին այն առատ «սպոնսորության» դիմաց, որի օգնությամբ բոլշեւիկները զավթել էին իշխանությունը:
Գրեթե միաժամանակ «բաց դիվանագիտության» կոչով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իր հայտնի «14 կետանոց» ծրագրում, որն այդպես էլ մնաց թղթի վրա, քանի որ ուտոպիա էր, քաղաքական իրականությունից կտրված վարդագույն երազ: Լենինի դեկրետն էլ կյանքի չկոչվեց, այն իռացիոնալ էր: Նրանց միջեւ տարբերությունն այն եղավ, որ Վիլսոնը դարձավ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իսկ խեղճ Իլյիչը չարժանացավ մայր հողին, այդպես էլ մնաց չթաղված` կախված երկրի եւ երկնքի միջեւ:
Միջազգային գետնի վրա պետությունների ղեկավարներն Արեւմուտքում եւ Արեւելքում բացառություն չէին, ովքեր կեղծիքը, սուտն ու խաբեությունը բարձրացրին դիվանագիտության կատեգորիայի մակարդակին: Այնպես որ, այդ մեղքն ամբողջովին կախել մեր կնքահայր Հերմեսի վզից` արդարացի եւ ճիշտ չէ:
Շարունակելի