Այսօր Իտալիայում` Ֆլորենցիայի մոտ գտնվող Սինա (Signa) քաղաքում տեղակայված մարքիզուհի Մարիա Մադդալենա Ֆրեսկոբալդի Կապպոնիի (Maria Maddalena Frescobaldi Capponi) հիմնադրած Սուրբ Խաչի Սուրբ Պողոս Քույրերի Միաբանության (SUORE PASSIONISTE DI SAN PAOLO DELLA CROCE) գլխավոր շենքում տեղի կունենա Ֆլորենցիայում ապրող հայազգի հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի (Vighen Avetis) քանդակի բացման արարողությունը: Մ. Մադդալենան ծնվել է 1771թ. Ֆլորենցիայում` մարքիզ Ֆրեսկոբալդիների ընտանիքում: Ամուսնանալով կոմս Կապպոնիի հետ` նրանք 4 զավակ են ունենում` 3 դուստր եւ 1 որդի: Որոշ ժամանակ անց, սակայն, մեծ դժբախտություն է տեղի ունենում. մահանում են նրանց երեք դուստրերը: Այս ողբերգությանը հետեւում են Նապոլեոն Բոնապարտի արշավանքները, որի արդյունքում Ֆլորենցիան անցնում է ֆրանսիացիների տիրապետության տակ: Մարիա Մադդալենային այդ ժամանակ իր ամուսնու` Ջինո Կապպոնիի հետ աքսորում են Ավստրիա: Եվ երբ նրանք վերադառնում են Ֆլորենցիա` իր դուստրերին կորցրած մայրն իր ողջ կյանքը նվիրում է երիտասարդ կանանց եւ աղջիկների աջակցությանն ու պաշտպանությանը` հեռացնելով նրանց անբարոյական կյանքի ճանապարհից: Որոշ ժամանակ անց Մարիա Մադդալենան աղջիկների համար նախատեսված դպրոց է հիմնում: Քույրերի միաբանությունը հիմնադրվել է 1815թ. մարտի 17-ին:
2010թ. Սուրբ Խաչի Սուրբ Պողոս Քույրերի Միաբանության կողմից Մարիա Մադդալենայի քանդակի մրցույթ է հայտարարվում: Եվ 2010թ. փետրվարի 23-ին քանդակագործ Վիգեն Ավետիսի նախագիծը միաձայն հաղթում է այդ մրցույթում:
Եվ ահա 2011թ. մարտի 17-ին արձանի հանդիսավոր բացումը տեղի կունենա, որին կմասնակցեն Սիգնայի քաղաքապետը, մարքիզ Ֆրեսկոբալդիների եւ կոմս Կապպոնիների ներկայացուցիչները, արվեստաբաններ, քաղաքական-հասարակական այլ գործիչներ:
Ի դեպ, այդ օրն Իտալիայի համար կրկնակի հոբելյանական է. նշվում է նաեւ Իտալիայի Հանրապետության կազմավորման 150-ամյակը: «Հայկական ծագումով եւ Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը կարողացավ արտացոլել Մարիա Մադդալենա Ֆրեսկոբալդի Կապպոնիի տառապանքների միջով անցած եւ հրաշալի ոգին»,- գրում են իտալական լրատվամիջոցները:
Մարիա Մադդալենան խորհրդանշում է կնոջ եւ մոր աստվածային կերպարը, ով ձեռք է մեկնել անօգնական երիտասարդ կանանց, ովքեր տարբեր պատճառներով մարմնավաճառությամբ էին զբաղվում: Աստվածային խորհուրդները եւ մայրական քնքշությունը փոխանցելով այդ կանանց` նա պաշտպանել է նրանց նույնպիսի սիրով, ինչպիսին իր սերն էր դուստրերի հանդեպ:
Մարիա Մադդալենան` գեղեցիկի եւ Աստծո նկատմամբ իր անսահման սիրո շնորհիվ, կարողանում էր փոխել այդ կանանց կյանքի ուղին: