Ինչպե՞ս բուժել երակները

17/03/2011

Երակների լայնացման` վարիկոզային հիվանդության համար ժամանակակից բժշկությունը վաղուց լազերային մեթոդին է արդեն անցել: Սակայն ժողովրդական բժշկությունը բավական արդյունավետ դեղատոմսեր է առաջարկում:

– Եթե վարիկոզի հետեւանքով խոցեր են առաջացել, ապա դրանց բուժման հարցում կարող է օգտակար լինել սովորական կարտոֆիլը: Մաքրած հում կարտոֆիլը քերիչով անցկացրեք եւ 1սմ հաստությամբ այդ խյուսը տեղադրեք խոցի վրա: Վրայից ցելոֆան փաթաթեք, ապա կտորով կապեք այն: 4-5 ժամ պահելուց հետո կարտոֆիլը փոխեք:

– Եթե վարիկոզի` երակների լայնացման հետեւանքով ոտքի մաշկը չորանում եւ քոր է առաջանում, ապա հավասար քանակությամբ միմյանց խառնեք ձիթապտղի եւ չիչխանի (օբլեպիխա) յուղերը, նույն չափով` ալոէի թարմ քամած հյութը, եւ օրը 2 անգամ քսեք ոտքերին:

– Որքան կարեւոր է վարիկոզային հիվանդության բուժումը, նույնքան էլ կարեւոր է պրոֆիլակտիկան: Անոթների մաքրման, ոտքերի անոթային հիվանդությունների համար անփոխարինելի պրոֆիլակտիկ միջոց է սխտորը: 250 գրամ մանրացված-ճզմած սխտորի վրա ավելացնել 350 գրամ ոչ պինդ բնական մեղր, խառնել եւ 5 օր պահել փակ տարայի մեջ: Այնուհետեւ օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե առաջ, 1 ճաշի գդալով ուտել: Բուժման 1 ամբողջական կուրսի ընթացքում պետք է նույն խառնուրդից 3 անգամ պատրաստել եւ օգտագործել: Կուրսը կրկնեք 2 անգամ:

– Տրոմբոֆլեբիտի դեպքում սպիտակածայր կաղամբի տերեւը պետք է լավ տրորել, այնքան, որ հյութը սկսի դուրս գցել: Կաղամբի այդ տերեւի մի կողմի վրա ձիթապտղի յուղ քսեք եւ այդ կողմով տեղադրեք վնասված երակների վրա: Այնուհետեւ կապեք այն բինտով եւ օրերով այդ փաթաթանը պահեք: Մի քանի օրից հանեք, փոխեք կաղամբը: Բուժման տեւողությունը` 1 ամիս:

– Հունական կանաչ ընկույզը մանրացնել, վրան ձիթապտղի յուղ ավելացնել, 40 աստիճան ջերմությամբ տաքացնել, 30 օր թողնել փակ տարայի մեջ եւ երկար ժամանակ քսել հիվանդ երակներին: Հայտնի մեթոդ է վարիկոզի բուժման համար:

– Լավ հասած լոլիկը կլոր-կլոր կտրատեք եւ տեղադրեք լայնացած երակների, անոթների վրա: Բինտով փաթաթեք, 3-4 ժամ հետո թարմացրեք վիրակապը:

– Ծիծեռնախոտի (չիստոտել) լուծույթից 9-ական կաթիլ լցրեք 1 ճաշի գդալ կաթի մեջ եւ խմեք: Կրկնեք օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Առողջ եղեք: