Գեղարարական միջոցներ` թարմ կաղամբով

17/03/2011

Մազերը սնուցող բալասան։ Մանրացրած 50-ական գրամ կաղամբի, եղինջի, կռատուկի վրա լցրեք 400 մլ կաթ, եփեք մարմանդ կրակի վրա մինչեւ փափկելը։ Հովանալուց հետո քամեք։ Ավելացրեք 20 գրամ կիտրոնահյութ։ Խառնեք, բալասանը ներմերսեք գլխամաշկին եւ քսեք մազերին, 20 րոպե հետո մազերը լվացեք ձվի օճառահեղուկով։

Ձեռքերը փափկեցնող խյուս։ Եփեք 100 գրամ մանրացրած կաղամբի թերթերը 200 մլ կաթի մեջ, մինչեւ փափկելը։ Պատրաստեք խյուս, ավելացրեք 4 թ/գ մայոնեզ։ Տաք խառնուրդը քսեք ձեռքերին։ 20 րոպե հետո լվացեք տաք ջրով։ Ձեռքերին քսուք քսեք։

Լոսյոն չոր մաշկի համար։ Ապակե տարայի մեջ լցրեք 1թ/գ կաղամբի հյութ, 2 թ/գ մեղր եւ 20 մլ օղի։ Թափահարեք, պահեք 2 օր մութ տեղում։ Քնելուց առաջ մաքրեք դեմքը լոսյոնով։

Մաշկը փափկեցնող միջոց։ Մսաղացով աղացեք 4-5 կաղամբաթերթիկները, խյուսը տեղադրեք դեմքին։ 20 րոպե հետո դիմակը հանեք խոնավ խծուծի օգնությամբ։

Որպես արեւային ալերգիայից նախապահպանություն, հաճախ օգտագործեք կաղամբ եւ մաղադանոս (C եւ PP վիտամինների գանձարան), որոնք նվազեցնում են մաշկային ծածկույթի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ։