Տերեփուկ կապույտ, Վասիլյոկ, Centaurea cyanus

17/03/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Տերեփուկ խոտաբույսի լատիներեն անվանումը կապված է ավանդազրույցների հետ։

Հունական Սիրակուզա քաղաքում երաշտի հետեւանքով սով է սկսվում։ Գետերի Աստված Մեանդրոսի դուստր Կիանե դիցուհին խնդրում է, որ հայրն իրեն ջրառատ առվակ դարձնի։ Հայրը կատարում է դստեր խնդրանքը։ Առվակի մուգ կապույտ ջրերը լցվելով ցամաքած Անապիս գետը` հասնում են Սիրակուզա քաղաք։ Հին Հունաստանում հայտնի էր առասպելական Կենտրավրոս Քիրոնոսը։ Նա գիտեր բոլոր բույսերի բուժիչ հատկությունների մասին եւ տերեփուկի հյութով հաջողությամբ բուժում էր զինվորների վերքերը։

Հայտնի շվեդ բուսաբան Կարլ Լիննեյը տերեփուկի բոլոր տեսակներին (շուրջ 550) տվել է ընդհանրական centaurea անվանումը, իսկ տերեփուկ կապույտն անվանակոչվել է centaurea cyanus։

Տերեփուկը շատ լավ է հարմարվում հատիկավոր բույսերի արտերում, հատկապես տարեկանի։ Այս գեղեցիկ ծաղիկները հուշում են, որ բերքահավաքի ժամանակն է։

Ըստ սլավոնական ավանդազրույցի` Ջրահարսը սիրահարվում է գեղեցկադեմ հնձվոր կապուտաչյա Վասիլին եւ համոզում, որ պատանին իջնի ապրելու ջրի հատակում։ Մերժված Ջրահարսը պատանուն վերածում է մուգ կապույտ ծաղկի` վասիլյոկի։

Թեեւ տերեփուկը մոլախոտ է, այն սիրված է ժողովրդի կողմից, երգվում է շատ երգերում։

Տերեփուկը, չնայած իր համեստությանը, ունի անկրկնելի գեղեցկություն եւ մոգական հմայք։ Տերեփուկը համարվում է գերմանական ազգի խորհրդանիշ, սիրված է Ֆրանսիայում։ Հայրենիքը` Արեւելքի եւ Միջերկրական ծովին հարող երկրներն են։

Հայաստանում հանդիպում է նախալեռնային, հատկապես լեռնային շրջաններում։ Տերեփուկն ունի խոսուն անվանումներ` տերեփուկ կապույտ, բոխոլոճ, կապտան ծաղիկ, կապուտիկ, կոճակ-ծաղիկ, ցորենածաղիկ եւ այլն։ Տերեփուկը միամյա կամ երկամյա բույս է։ Ունի իլիկաձեւ սիմետրիկ արմատային համակարգ, ցողունը հասնում է մինչեւ 75 սմ բարձրության։

Ներքեւի տերեւները փետրային են, վերեւինները` գծային, նշտարաձեւ, բույսը պատված է նոսր, կոպիտ թավով։ Ծաղիկները հավաքված են երկար ծաղկակոթունների վրա, միայնակ նստած զամբյուղներում, եզրային ծաղիկները կապույտ են, ձագարաձեւ, անպտուղ` ներքին ծաղիկները պտղաբերող են, խողովակատիպ, մանուշակագույն։ Պտուղը գորշ մոխրագույն սերմիկ է։ Բուժական նպատակներով պոկում են զամբյուղը ամբողջությամբ եւ զգուշորեն առանձնացնում եզրային ծաղիկները, հումքը չորացնում են մայիս-հուլիս ամիսներին, ստվերոտ, օդափոխվող տեղում։ Չորացրած հումքը հոտ չունի, գույնը պետք է լինի վառ կապույտ, համը` չափավոր դառը, տտիպ (փոթոթահամ)։

Պահպանման ժամկետը մեկ տարի է։

Տերեփուկի բուժիչ հատկությունները հնուց հայտնի են եղել հայերին։ Ա. Ամասիացին տերեփուկի վերաբերյալ գրում է. «Եթե տերեփուկը եփեն եւ երեք օրվա ընթացքում խմեն 180-ական գրամ, կօգնի դեղնախտի եւ ջրգողության դեպքում…»։

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են տերեփուկի ծաղիկներից պատրաստված թեյը, թուրմը, եփուկը։ Դրանք ունեն միզամուղ հատկություն։ Կանխարգելում են կալցիումի կուտակումը արյան մեջ, միզաթթվի եւ անօրգանական ֆոսֆորի կուտակումները, ինչը կանխարգելում է քարերի առաջացումը։ Տերեփուկի պատրաստուկները աստիճանաբար իջեցնում են արյան ճնշումը, ունեն հակաբորբոքային, մանրէասպան եւ լեղամուղ ազդեցություն։ Տերեփուկի պատրաստուկները կիրառվում են միզապարկի, երիկամների, պրոստատիտի, միզաքարային հիվանդությունների դեպքում։

Լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում տերեփուկը օգտագործվում է դեղաբուսային փնջերի մեջ։ Տերեփուկի օգտագործումը հակացուցված է հղի կանանց։

Տերեփուկի քիմիական բաղադրությունը բավականին բարդ է։ Այն պարունակում է դառը գլիկոզիդներ (ցիկորին, ցիտաուրին), ֆլավոններ, օրգանական թթուներ, լորձանյութ, ներկանյութ (ցիանին), հանքային եւ այլ նյութեր։

Հայտնի են տերեփուկի սպիտակ, դեղին եւ կարմիր տեսակները։ Իր մեղրատվությամբ հայտնի է մարգագետնային Centaurea jacea (240 կգ` մեկ հա) տեսակը։ Տերեփուկ կապույտի մեղրատվությունը 30-40 կգ է, գույնը` դեղնականաչավուն, թունդ, հաճելի նշի հոտով, եւ ունի թույլ դառնություն։

Դեղատոմսեր

Աթերոսկլերոզի դեպքում

– Խառնեք հավասար քանակությամբ կարմիր երեքնուկի եւ տերեփուկի ծաղիկները։ 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 4-6 ժամ ջերմապահի մեջ, ապա քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը` 3 ամիս։ Կրկնեք 6 ամիս հետո։

– Խառնեք մեկական թ/գ տերեփուկի եւ խատուտիկի ծաղիկներն եւ կեչու տերեւները։ Ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք։ Խառնեք 100 մլ թուրմին 1 թ/գ մեղր, ընդունեք օրը երկու անգամ։

Ստենոկարդիայի դեպքում

Խառնեք մեկական ճ/գ տերեփուկի, կարմիր երեքնուկի եւ 2 ճ/գ առյուծագի խոտաբույսերի ծաղիկները, ավելացրեք 1 լ մաքուր ջուր, եփեք 20 րոպե մարմանդ ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Խմեք 100 մլ` օրը մեկ անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե հետո։ Ընդունեք եւ ընդմիջեք 10-ական օր, կրկնեք 2-3 անգամ։

Երիկամաբորբի (նեֆրիտ) դեպքում

– Վերցրեք մեկական ճ/գ տերեփուկի ծաղիկներ, հապալասի, մորու, եղինջի տերեւներ եւ կտավատի սերմեր։ Տրորեք հավանգով։ 2ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք 6 ժամ տաք տեղում։ Քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում, քաղցած վիճակում։

– Կեսական թ/գ տերեփուկի, վաղենակի, երիցուկի խառնուրդի վրա ավելացրեք 150 մլ եռջուր։ Թրմեք 30 րոպե։ Քամեք, խմեք օրվա ընթացքում։

Միզուղիների բորբոքման դեպքում

1 ճ/գ տերեփուկին ավելացրեք 200 մլ եռջուր, լցրեք ջերմապահի մեջ։ Թրմեք 30 րոպե։ Խմեք գոլ վիճակում, մեկական սուրճի բաժակ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, օրը 3 անգամ։

Լեղապարկի քարերի դեպքում

Միմյանց խառնեք 1թ/գ վաղենակի, 1-ական ճ/գ տերեփուկի, իշառվույտի ծաղիկները, եղինջի (երկտուն) տերեւները եւ խատուտիկի (բժշկական) արմատը։ Մանրացրած 1ճ/գ հումքին ավելացրեք 1 լիտր եռջուր, թրմեք 1 ժամ, քամեք։ Քաղցրացրեք 200 մլ թուրմը 1 թ/գ մեղրով։ Խմեք օրը 4-5 անգամ` սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Հեպատիտի դեպքում

Խառնեք 1-ական ճ/գ տերեփուկի, վաղենակի ծաղիկները, 1-ական թ/գ անանուխի տերեւներն եւ քիմիոնի պտուղները։ Առանձնացրած 1ճ/գ խառնուրդին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 30 րոպե, քամեք եւ խմեք օրվա ընթացքում։

Ոսկրերի կոտրվածքի դեպքում

Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած տերեփուկի ծաղիկներն եւ մամուխի (ՑպՐվ) խոտը։ 1 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ ջուր, թրմեք 8 ժամ։ Քամեք։ Խմեք առավոտյան քաղցած վիճակում։ Շարունակեք 1 շաբաթ։

Աչքերի կարմրության, կոպերի այտուցվածության դեպքում

Տերեփուկի 1 թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, թրմեք 30 րոպե։ Քամեք։ Ավելացրեք 1 թ/գ մեղր (ցանկալի է` տերեփուկի), թրջոցի ձեւով դրեք աչքերին։

Մազարմատներն ամրացնող եփուկ

Տերեփուկի 1 ճ/գ (ալյուրատիպ մանրացրած) հումքին ավելացրեք 200 մլ եռջուր եւ նույնքան քացախ, թրմեք 20 րոպե։ Պատրաստի եփուկը քսեք մազարմատներին։ Նպաստում է նաեւ մազերի աճին։ Կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամ։

Մանր կնճիռները հարթեցնող դիմակ

Տերեփուկի 1ճ/գ չոր (կամ 2 թ/գ թարմ) հումքին ավելացրեք 50 մլ ձիթապտղի յուղ։ Թրմեք մեկ շաբաթ մութ, հով տեղում։ Քամեք։ Քնելուց առաջ քսեք աչքերի տակի մանր կնճիռներին։ 20 րոպեից լվացեք տաք ջրով։

Տերեփուկի ծաղիկներին երկարատեւ նայելով` կարելի է ազատվել սթրեսից։