Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները վերսկսել են Հարկային ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործի քննությամբ տարվող աշխատանքները: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել էր 2006թ. իր ծառայողական մեքենայում տեղի ունեցած պայթյունից: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էին «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատերերը` Գուրգեն եւ Արմեն Վիրաբյանները. վերջինս նաեւ Շ.Հովասափյանի աշխատակիցն էր: Սակայն մի քանի ամիս անց նրանց ազատ էին արձակել ապացույցների բացակայության պատճառով, փոխարենը ձերբակալվել էր Հայկ Իսրայելյանը: Հիշեցնենք, որ սպանության օրը այն ժամանակ` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ գործը պետք է անպայման բացահայտվի, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Իսկ անցած տարվա գարնանն այդ գործը կասեցվել էր: Դա նշանակում է, որ գործի վարույթն իրականացնող մարմինը` ԱԱԾ-ն, սպասում է նոր հանգամանքների ի հայտ գալուն, իսկ մինչ այդ նշանակվել էին օպերատիվ, հետախուզական եւ որոնողական նոր միջոցառումներ: Մեր տեղեկություններով` Շ.Հովասափյանի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Որոշ տեղեկությունների համաձայն, նորից կքննվեն աղմկոտ մի շարք այլ չբացահայտված սպանությունների գործեր: