«Մենք մինչեւ ժողովրդին ընդառաջ ռեալ քայլեր չտեսնենք, անգամ դրական ինչ-որ իմպուլսները կարդիոլոգիայի մակարդակով չենք կարող համարել բավարար: Հատկապես թերահավատություն է առաջանում այն պատճառով, որ խոսքերն ասվում են, բայց նույն օրը եւս մեկ մարդու քաղբանտարկյալ են դարձնում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին: «Շատ շուտ մենք լսել էինք խոսքեր պատերի քանդման, հասարակական երկխոսության մասին, բայց այս տարիների ընթացքում առարկայական որեւէ քայլ չտեսանք այդ ուղղությամբ»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ս.Սարգսյանը կառավարության անդամների, հետո նաեւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների ու դրանց լուծման մասին: Նա նաեւ պատրաստակամություն էր հայտնել լսել ընդդիմության քննադատություններն ու առաջարկները: