«Կա ռեալ և վիրտուալ Հայաստան»

15/03/2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` գնաճի խնդրով վերջին խորհրդակցությունը եւ ծաղկաձորյան ելույթը փորձ էր ցույց տալու, որ կարելի է համաձայնել ընդդիմության մի շարք պահանջների հետ:

«Դա փորձ էր ցույց տալու, որ նախագահը շատ մտահոգ է երկրի ներքին իրավիճակով, որ նա կարողանում է կառավարության հետ քննարկել սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ փորձ էր ցույց տալու, որ կարելի է համաձայնել ընդդիմության մի շարք պահանջների հետ»,- երեկվա ասուլիսում ասել է Ա. Կարապետյանը: Նրա դիտարկմամբ` Ս. Սարգսյանի ելույթն «ընդդիմության հետ երկխոսելու ռացիոնալ հատիկ չէր պարունակում, բայց նաեւ նշանակում էր, որ ընդդիմության կոռեկտ քննադատությունն իշխանության համար ընդունելի է»: Միաժամանակ նա նշել է, թե Սերժ Սարգսյանը սկսել է հասկանալ, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը մոտեցել է օրհասականին, եւ ամեն բան գալիս է նրան, որ երկրում կարող է ժողովրդական ապստամբություն լինել: Ըստ Ա. Կարապետյանի` երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին Ս. Սարգսյանի վերջին հայտարարությունը շատ տեղին է, սակայն ավելի էական է, որպեսզի հայտարարության դրույթներն ի կատար ածվեն. «Իշխանությունը չի թաքցնում, որ երկրում ստեղծված իրավիճակը ծայրահեղ ծանր է, սակայն մի բան է այդ մասին ելույթներ լսելը, մեկ այլ բան` վիճակը լավացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: Սակայն կարծում եմ, որ այս անգամ էլ նախագահը լայնամասշտաբ գործողությունների չի գնա»,- ասել է ՆԺԿ նախագահը` միաժամանակ ընդգծելով, որ թեպետ երկրի իշխանությունները սկսել են ավելի հարգանքով վերաբերվել ընդդիմադիր դաշտից հնչած գնահատականներին, սակայն երկխոսություն, որպես այդպիսին, չեն առաջարկում եւ գործում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում: «Այսինքն, ստացվում է` Սերժ Սարգսյանն ընդունում է, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, բայց մնում է իշխանության: Ընդդիմության մեջ խելոք մարդիկ կան, հետեւաբար` դուք խելոք ելք առաջարկեք, մենք կքննարկենք, հետո ոնց ուզենք` կանենք»,- ասել է Ա. Կարապետյանը: Նաեւ հավելել է. «Կա ռեալ եւ վիրտուալ Հայաստան: Հանրապետականների ուղեղներում վիրտուալն է, ամեն ինչ լավ է, սակայն վերջին ելույթում Ս. Սարգսյանն ընդունեց, որ իրավիճակն այնքան էլ լավ չէ, հետեւաբար` հիմա ՀՀԿ-ականներն իրենց գնահատականներում, առաջնորդվելով Ս. Սարգսյանի որակումներով, պետք է ընդունեն, որ իրավիճակն այնքան էլ լավ չէ»:

Անդրադառնալով մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, Ա. Կարապետյանն ասել է, թե այնտեղ «շատ կարեւոր բան է կատարվել». «Առաջին անգամ կողմերը համաձայնել են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկու սկզբունքները` ինքնորոշման իրավունքն եւ տարածքային ամբողջականությունը»: Ըստ նրա` երկու սկզբունքների կիրարկմամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը նշանակում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ստանում է ամենալայն ինքնավարություն: «Բայց եթե սկզբունքները ի սկզբանե իրարամերժ են, ինչպե՞ս է կարգավորվելու հակամարտությունը: Ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները միմյանց հետ անհամատեղելի են: Այդ երկու սկզբունքները, առանց որեւէ ուժի թելադրման, ոչ մի անգամ չեն կարող համադրվել: Այնպես որ` խաղաղ ճանապարհով այդ սկզբունքները չեն կարող կիրառվել: Բայց եթե իրադարձություններին նայենք երկու սկզբունքների համատեղ կիրառման տեսանկյունից, ստացվում է, որ Ադրբեջանի համար բավական լուրջ կացություն է ստեղծվում: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում եւ ունենա ամենալայն ինքնավարություն: Երկու սկզբունքների համատեղ կիրառության այլ ճանապարհ գոյություն չունի»,- ասել է Ա. Կարապետյանը: Վերջինիս խոսքով` եթե անգամ ԼՂՀ-ում հանրաքվե անցկացվի, ապա այն առավելագույնը կարող է հիմք դառնալ կոնֆեդերատիվ տիպի պետության ստեղծման. «Սա այն խնդիրն է, որ կանգնելու է մեր առջեւ: Սակայն Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի իշխող վարչախումբը կարծում են, որ այս խնդիրը մեր առջեւ կծառանա 10-15 տարի հետո»: Ի դեպ, Ա. Կարապետյանի համոզմամբ` Ադրբեջանի համար այլեւս առաջնային խնդիր չէ հողերի վերադարձի հարցը. «Եթե ԱՄՆ-ը եւ Իսրայելն Իրանի նկատմամբ որոշակի գործողություններ պիտի կատարեն, ապա Ադրբեջանն այս պարագայում չի ցանկանա թշնամանալ Իրանի հետ: Եթե նա վերցնի այդ հողերը, ապա այդ ամենը պետք է թույլ տա կատարել իր հանրապետության տարածքից, իսկ հողերի պահանջը երկրորդ պլան մղելով` նա այդ ամենը թողնում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տնօրինությանը: Սա դավադիր խաղ է, որը զգում է նաեւ Սերժ Սարգսյանը: Հայաստանյան իշխանություններն էլ զգում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»:

Ա. Կարապետյանն անդրադարձել է նաեւ իրական եւ կեղծ ընդդիմության թեմային` ասելով, թե, օրինակ, «Ժողովրդական կուսակցությունը»` ի դեմս Տիգրան Կարապետյանի` ընդդիմադիր չէ. «Ես չգիտեմ, թե այդ մարդն իրեն ինչ է համարում: Նա ինքն էլ բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը կենտրոնամետ է»,- շեշտել է Ա. Կարապետյանը: Եվ եթե նա ԺԿ-ն ընդդիմադիր չի համարում, ապա բոլորովին հակառակն է ՀՅԴ-ի պարագայում. «ՀՅԴ-ին ես միշտ համարել եմ ընդդիմադիր, ով ինչ ուզում է` ասի: «Ժառանգությունն», այսպես թե այնպես, մերոնքական է, ուղղակի եղբայրաբար խորհուրդ կտայի պայքար ծավալել ոչ թե ռեպրեսիվ օրգանների դեմ, այլ կենտրոնանալ իշխանության բարձրագույն օղակների դեմ պայքարի վրա»,- «Ժառանգությանը» հորդորել է Ա. Կարապետյանը: