Ինչին էր ուղղված «ռեւերանսը»

15/03/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած շաբաթվա վերջին նախագահ Սերժ Սարգսյանը երկու օր անընդմեջ անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական իրավիճակին:

Դժվար է հիշել, թե նա երբ էր այսքան մանրամասնորեն խոսել երկրի ներքին խնդիրների մասին: Իր հարցազրույցներում հիմնականում անդրադառնում էր արտաքին` Լեռնային Ղարաբաղին եւ հայ-թուրքական հարաբերությանը վերաբերող հարցերին, այն էլ` հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում: Իսկ անցած շաբաթ Ս.Սարգսյանը հավաքել էր տնտեսական բլոկի նախարարներին ու վարչապետին եւ խոսում էր գնաճի, գյուղատնտեսության վատ վիճակի, արդյունաբերության ու շինարարության ոլորտների, տնտեսական մրցակցության եւ այլ խնդիրների մասին: Նա նախարարներին կոչ արեց, նաեւ ինքն էլ հայտարարեց, որ պետք է գյուղեր գնալ ու տեղում ծանոթանալ գյուղացու խնդիրներին: Բացի այդ, Ծաղկաձորում արդեն լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Ս.Սարգսյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին ու ընդդիմությանը: Եվ այս առումով գրեթե աննախադեպ էր նրա հայտարարությունը, թե «քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում», եւ պատրաստակամությունը, թե` պատրաստ է լսել ընդդիմության քննադատություններն ու առաջարկությունները: «Գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձեւաչափեր են ձեւավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն, անցնում են հանրահավաքներ, անցնում են կոռեկտության սահմաններում, եւ ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմադիրները ճիշտ հետեւություն պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: Եվ ասածս որպես ռեւերանս չընդունեք, բայց, փառք Աստծո, շատ պարագաներում` եւ՛ այս կողմում, եւ՛ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ»,- հայտարարել էր Ս.Սարգսյանը:

Քաղաքական շրջանակներում երեկ ակտիվորեն քննարկվում էր, թե ինչո՞ւ հանկարծ Ս.Սարգսյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին ու «ճիշտ» գնահատեց ընդդիմության գործելաոճը: Ամեն դեպքում, այս օրերին Ս.Սարգսյանն անուղղակիորեն խոսեց ընդդիմության կողմից բարձրացված խնդիրների մասին, նրա խոսքերում անուղղակի անդրադարձ կար նաեւ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ներկայացված 15 կետից բաղկացած պահանջներին: Եվ Հայաստանում վերջին շրջանում բնակչության տարբեր խավերի դժգոհությունը, պարբերաբար կրկնվող բողոքի ակցիաները, ի վերջո, մարտի 1-ի բազմամարդ հանրահավաքն ու մարտի 17-ին սպասվող հաջորդ հանրահավաքը քաղաքական օրակարգի ձեւավորումը նորից տեղափոխել են ընդդիմության դաշտ: Եվ հավանաբար օրեցօր ուժգնացող սոցիալական ու քաղաքական դժգոհությունն ու լարվածությունը պետք էր մի կերպ մեղմել` գոնե խոստումներով: Ինչն էլ, շատերի գնահատմամբ, արեց Ս.Սարգսյանը: Իզուր չէ, որ մի քանի շաբաթ առաջ էլ հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիալ-տնտեսական վիճակի մասին խոսեց նաեւ Տիգրան Սարգսյանը: Եվ կարծես թե երկրի առաջին պաշտոնյաներն իրենք անձամբ են փորձում խոսել գոյություն ունեցող վատ վիճակի, օրըստօրե ահագնացող գնաճի, դրանց դեմ ձեռնարկվող քայլերի ու այլ խնդիրների մասին, որպեսզի դժգոհող զանգվածների մեջ կարողանան հավատ ներշնչել իրենց գործունեության նկատմամբ, անկախ նրանից, որ այդ քայլերը մեծամասամբ կրելու են իմիտացիոն բնույթ: Ամեն դեպքում, քաղաքական շրջանակներից փորձեցինք պարզել, թե ինչ տպավորություն ունեն Ս.Սարգսյանի վերջին հայտարարություններից, ինչո՞ւ հանկարծ այդպես խոսեց, եւ, որ ամենակարեւորն է, ի՞նչ սպասելիքներ ունեն այդ հայտարարություններից հետո: Արդյո՞ք նրա հայտարարությունները կապ ունեն ՀԱԿ-ի առաջ քաշած պահանջների հետ: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասում է, թե անցած տարեվերջին իրենց կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ս.Սարգսյանն անդրադարձել է վերը նշված խնդիրներին, ասել է, որ պետք է պայքարել կաշառակերության ու սոցիալական անարդարության դեմ: Դրանից հետո որոշակի փոփոխություններ են սկսվել, ինչը շարունակվում է նաեւ հիմա: «Դժգոհություններ կային եւ անցյալ տարի, եւ նախանցյալ տարի: Եվ գնաճը ցույց տվեց, որ հարկավոր է այդ փոփոխություններն արագացնել: Իսկ ընդդիմության պահանջներն ընդամենը 2 շաբաթ առաջ են եղել: Ընդդիմությունն ընդամենը օգտվեց դրանից, թե` կոալիցիան սկսել է սոցիալական խնդիրների լուծման պրոցես, իր պահանջներն առաջադրեց, թե` մենք ճնշում ենք, նրանք էլ անում են: Ընդդիմությունը պետք է առաջարկներ անի եւ խնդիրները լուծելու ճանապարհը ցույց տա: 17-18 կուսակցություն են, բա 15 պահանջ էլ չդնե՞ն: Նախագահը նաեւ հասկանում է, որ տնտեսական վիճակը մի քիչ ցնցված է գնաճի հետ կապված, որովհետեւ իսկապես գները թռել են: Եվ այստեղ ոչ թե մեղավորներ, այլ դրա լուծման ճանապարհներ է պետք գտնել: Այդպես էլ նա հայացքն ուղղեց դեպի գյուղ, որտեղ ինչ-որ դեպքում լավ լուծումներ չեն տրվել, բավականին հողատարածքներ մնացել են առանց մշակման: Ապրանքը գյուղացուց մինչեւ հասնում է շուկա, մի քանի անգամ գին է ավելանում: Եթե ընդդիմության առաջարկները կամ պահանջները նաեւ սրա լուծումներն են կարողանում ցույց տալ, ապա մենք կընդունենք: Իսկական ընդդիմությունն այդպես պետք է լինի»,- ասում է Ռ.Զոհրաբյանը:

Ընդդիմությունը, սակայն, թերահավատորեն է վերաբերվում Ս.Սարգսյանի խոստումներին ու հայտարարություններին: «Հատկապես թերահավատություն է առաջանում այն պատճառով, որ խոսքերն ասվում են, բայց նույն օրը եւս մեկ մարդու քաղբանտարկյալ են դարձնում»,- ասում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն` անդրադառնալով նախօրեին ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի ձերբակալմանը:

Ս.Սարգսյանին չեն հավատում նաեւ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» կուսակցության անդամները: Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` «արդեն շատ վաղուց անցել ենք այն սահմանը, որ միայն խոսքերով կարելի է ինչ-որ բան ապացուցել»: «Շատ ավելի կարեւոր են գործերը: Եվ միանշանակ միայն գործերով է, որ մենք կարող ենք դատել, թե այդ խոսքերը որքանով են իրականությանը մոտ: Շատ շուտ մենք լսել էինք խոսքեր պատերի քանդման, հասարակական երկխոսության մասին, բայց այս տարիների ընթացքում առարկայական որեւէ քայլ չտեսանք այդ ուղղությամբ: Հակառակը, անընդհատ նորանոր խնդիրներ են առաջացնում: Մինչդեռ արդեն գործելու ժամանակն է»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքերով` Ս.Սարգսյանի թվարկած խնդիրների ողջ շարքը չոքած է հայաստանցիների կոկորդին, եւ նախագահը ոչ միայն դրանք լուծելու քայլեր պետք է ձեռնարկի, այլ այդ վիճակի պատասխանատուներին պատժի եւ կառավարման համակարգի փոփոխությամբ փորձի դրանք շատ արագ կարգավորել: «Փոքր ու միջին բիզնեսի մասին խոսեցին-խոսեցին, բայց, ըստ էության, դրա տեսակարար կշիռը տնտեսության մեջ զրոյացրեցին, հիմա անցել են գյուղատնտեսությա՞նը: Կարծում եմ, որ իրավիճակն այնքան լարված է, որ ինքը չէր կարող դրանց մասին չխոսել, դժգոհության աստիճանը շատ մեծ է: Հույսները դրել են մայիս-հունիս ամիսների վրա, որ եղանակային պայմանները մի քիչ լավանան, այգիներում ու դաշտերում մի քիչ պտուղ-բանջարեղեն լինի, դրա հաշվին մեղմեն վիճակը: Բայց էլի աշուն ու ձմեռ է գալու: Այս վիճակը ոչ թե գյուղատնտեսության, այլ կառավարման համակարգի խնդիր է: Եթե այսպես շարունակեն, գյուղատնտեսությունն էլ կմոնոպոլացվի ու մի քանիսի ձեռքը կանցնի: Բարի խոսքերի հետեւում բարի գործ երբեւիցե չտեսանք»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: