Եվրոպական դատարանը սկսել է 2008թ. Ընտրական եւ հետընտրական շրջանում ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների` ԵԴ ուղարկված գանգատներին ընթացք տալու գործընթացը, որը ենթադրում է Հայաստանի իշխանություններին ուղղված մի շարք հարցերի հստակեցում, որոնք առնչվում են ձերբակալվածների գործերին: ԵԴ-ն սկսել է կոմունիկացիայի պրոցեսը` ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գործով: Իշխանությունները պետք է պատասխաններ ներկայացնեն Եվրոպական դատարանին, որից հետո դիմող կողմին վեցշաբաթյա ժամկետ կտրվի, որպեսզի ներկայացվեն գրավոր առարկությունները: Այսպիսով` Մ. Մալխասյանի գործով ԵԴ-ն ՀՀ կառավարությանն առաջարկել է` տրամադրել դիմումատուի նկատմամբ ՔՕ-ի 38-րդ եւ 316-րդ հոդվածի 3-րդ մասով 2008թ. օգոստոսին մեղադրանքի առաջադրման որոշման պատճենը, ինչպես նաեւ` դատաքննության ժամանակ դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելու մասին որոշման պատճենը: Եվրադատարանը հարց է ուղղել ՀՀ իշխանություններին` արդյոք ներպետական ատյանները տրամադրե՞լ են «համապատասխան» եւ «բավարար» հիմքեր դիմումատուին կալանավորելու համար Կոնվենցիայի 5.3 հոդվածի մասով: Հաջորդը` արդյոք դիմումատուին գրավով ազատելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը մեղադրանքի ծանրության պատճառով համապատասխանո՞ւմ է Կոնվենցիայի 5.3 հոդվածի պահանջներին:
Ի դեպ, ԵԴ-ում նմանատիպ գործընթացներ են սկսվել նաեւ Պիցա դի Ռոմայի աշխատակցուհի Անուշ Ղավալյանի, քաղբանտարկյալներ Մուշեղ Սաղաթելյանի, Ասլան Ավետիսյանի գործերով: