Կապ չունի՞

15/03/2011

Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հերքում էր ուղարկել մեր թերթի մարտի 12-14-ի համարում հրապարակված «Կրոնական սեկտայի շենքը եւ Արթուր Բաղդասարյանը» հոդվածի առնչությամբ: «Հոդվածում ներկայացվել է ապատեղեկատվություն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ իբր ինչ-որ կրոնական սեկտայի համար հավաքատեղի կառուցելու կամ դրա հետ որեւէ առնչություն ունենալու մասին: Արթուր Բաղդասարյանը ոչ մի կապ չունի ո՛չ մասոնների, եւ ո՛չ էլ որեւիցե կրոնական սեկտայի գործունեության հետ: Ավելին` նա գլխավորում է Ազգային անվտանգության խորհրդում ստեղծված աշխատանքային խումբը, որն զբաղվում է Հայաստանի կրոնական անվտանգության խնդիրներով եւ շուտով Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը կներկայացնի երկրի կրոնական անվտանգության հայեցակարգը: Արթուր Բաղդասարյանը նաեւ բազմիցս հրապարակավ արտահայտել է իր դիրքորոշումը մեր հասարակության շրջանում տարբեր աղանդավորական կազմակերպությունների վնասակար ազդեցության մասին, եւ երեւի հենց դա էլ դրդել է ոմանց ամեն ինչ ցույց տալ գլխիվայր շրջված»,- ասված է հաղորդագրության մեջ: