Հրաժարվել է

15/03/2011

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մերժել է հրավերը եւ չի մասնակցելու մարտի 24-27-ը Ստամբուլում կայանալիք` «Ժամանակակից աշխարհում ներգրավվելու համար Թուրքիայի քաղաքականությունը» թեմայով համաժողովին: Վ. Հովհաննիսյանը մերժման նամակում գրել է. «Մենք կողմ ենք երկխոսությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն, ականատես եղանք, թե ինչպես Թուրքիան չարաշահեց Հայաստանի կողմից անկեղծ բարյացակամության քայլը. Թուրքիան մերժում է վերջ տալ Հայաստանի միակողմանի եւ անօրինական շրջափակմանը, եւ շարունակում իր կողմնակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների նկատմամբ: Հետեւաբար, մենք չենք ցանկանում Թուրքիային տրամադրել նոր լծակներ` իր մեքենայությունների ու նենգ վարքագծի համար»: Ըստ Վ.Հովհաննիսյանի` այս հրավերը մաս է կազմում Թուրքիայի վերջին շրջանում հրապարակված քաղաքականությանը, որի նպատակն է` մի կողմից` Արեւմուտքին ցույց տալ, թե իբր ինքը երկխոսության մեջ է Հայաստանի եւ հայության հետ, մյուս կողմից` պառակտել հայկական կողմը` կեղծ երկխոսության փորձեր անելով հայ հասարակության առանձին շրջանակների հետ` Հայաստանում եւ կամ Սփյուռքում: «Բոլորս պետք է զգոն լինենք եւ միասնական կեցվածքով ձախողենք Թուրքիայի այս քաղաքականությունը»,- ասել է նա: