Մարտի 13-ին` կիրակի օրը, ժամը 17-ի սահմաններում, «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել են ՀԱԿ ակտիվիստ, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին եւ նրան տարել են անհայտ ուղղությամբ: ՀԱԿ-ի փոխանցմամբ` նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Ավելի ուշ պարզվել է, որ նա Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքում է: Մի քանի ժամ այնտեղ պահվելուց հետո Ս. Խաչատրյանը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Ս. Խաչատրյանը ձերբակալվել է այս տարվա մարտի 1-ին ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ: Ս. Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ համոզմունք է հայտնել, որ իր ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, բնականաբար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այն պնդումները, թե Ս. Խաչատրյանի ձերբակալությունը պայմանավորված է նրա քաղաքական հայացքներով: «Չարաչար կսխալվի ցանկացած անձ, լինի դիմադիր, թե ընդդիմադիր, եթե քրեորեն պատժելի արարք կատարի»,- ասել է Կարապետյանը` հավելելով, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները միջադեպից առաջ ներկայացել են: Դեպքի առնչությամբ երեկ հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը, որտեղ ասված է. «Մարտի 13-ին, ժամը 17-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից առեւանգել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին: Նա այստեղ էր եկել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը դիտելու, երբ մեքենայից իջնելուն պես, առանց որեւէ նախազգուշացման, նրա վրա են հարձակվել դիմակավորված հատուկջոկատայինները: Գործողությանը ներկա է եղել Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Նա «կասկածվում է» իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ: Դրա համար առիթ է ծառայել ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ոչ մեծ քաշքշուկը: Հանրահավաքից առաջ Ոստիկանության հետ միասին քաղաքացիական հագուստով մի խումբ սադրիչներ փորձել են հրմշտուկ ստեղծել ցուցարարների խիտ շարքերում` հարձակվելով մարդկանց վրա: Ուրիշների թվում` նաեւ Ս. Խաչատրյանը աշխատել է թույլ չտալ, որ հրմշտուկը մեծանա եւ մարդիկ ոտնակոխ լինեն: Սադրիչները չեզոքացվել են: Նույն օրը Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի: Ելնելով այս ամենից` ՀԱԿ-ը հայտարարում է. Ս. Խաչատրյանի ձերբակալությունը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի: Ամբողջ 13 օր որեւէ կերպ պաշտոնապես չանդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքի հետ կապված հիշյալ միջադեպին, Ս. Խաչատրյանի ձերբակալելու որոշումը կայացվել է նախօրեին նրա հրապարակած հարցազրույցից անմիջապես հետո, որտեղ նա կոշտ գնահատականներ է տվել իշխանություններին, պահանջել նրանց հրաժարականը եւ հանրությանը կոչ արել ակտիվորեն մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին: Վարչախմբին անհանգստացրել է աշխարհահռչակ մարզիկի խոսքի ազդեցությունը, եւ նրանք որոշել են այս կերպ չեզոքացնել այն: Կատարվածն այլ բան չէ, քան ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է եւ ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը: ՀԱԿ-ը դատապարտում է վարչախմբի ոստիկանական հերթական այս ապօրինությունը եւ պահանջում անմիջապես ազատ արձակել Ս. Խաչատրյանին»:
Դեպքի առնչությամբ երեկ մանրամասներ է հաղորդել նաեւ ՀՀ ոստիկանությունը. «Մարտի 13-ին, ժամը 17:00-ին, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել Ս. Խաչատրյանը: Բերման են ենթարկվել նաեւ այդ պահին ավտոմեքենայում գտնվող Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը: 2011թ. մարտի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Ս. Խաչատրյանը Երեւանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին: Ս. Խաչատրյանը բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը: Նույն օրը, ժամը 20-ին, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է: Նրա հետ բերման ենթարկված անձինք որպես վկա հարցաքննվել եւ ազատ են արձակվել: ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է»: