Երեւանի Քանաքեռ-Զեյթուն շրջանի Մ. Ավետիսյան 1-ին փողոցի տներից մեկում մարտի 12-ին մահացած վիճակում հայտնաբերված 20-ամյա Լիա Հակոբյանը առնչություն չունի նույն օրն առավոտյան Կիեւյան կամրջից իրեն ցած նետած եւ մահացած 22-ամյա Միքայել Վասիլյանի հետ: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբն արդեն պարզել է, որ հարեւանների տարածած այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ Ոստիկանության տվյալներով, դատափորձաքննությունը պարզել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Նախնական տվյալներով, աղջիկն ինքնասպան է եղել մեծ քանակի դեղահաբեր ընդունելու հետեւանքով: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Լիա Հակոբյանի հարեւանների հետ` հուղարկավորության օրը, շրջանառվող լուրերն ու մահվան հնարավոր պատճառները ճշտելու նպատակով: «Ինքն ընկեր ունի, օրինավոր սիրած, ով հիմա դիակի մոտ է, ոչ մի կոնֆլիկտ չի եղել, ոչ մի բան չի եղել: Այդ տղան նշանածի պես է, բոլորս ճանաչում ենք փեսային: Իմ լսածով, Լիան դիետա է պահել, որ նիհարի, երեւի կերած չի եղել, ինչ-որ դեղ է օգտագործել ու թունավորվել»,- ասել է հարեւանուհիներից մեկը: Հարեւանուհին նաեւ հերքել է, թե Լ. Հակոբյանը խնդիրներ է ունեցել ընտանիքի անդամների հետ: «20-21 տարեկան աղջիկ է, ո՞վ կպատկերացներ, որ նման բան կլինի, թեեւ ո՞վ գիտի: Չէ, խնդիր չունի, ամեն ինչը կազմակերպված, ըստ պահանջի, իդեալական աղջիկ էր ամեն առումով, եւ՛ բարոյական, եւ՛ արտաքինով, եւ՛ լավ պայմաններով, շատ բարի, կամեցող»,- նշել է հարեւանուհին` շեշտելով, որ Լիան դպրոցում էլ սովորել է բարձր առաջադիմությամբ, եւ նույնիսկ իրենից է գրքեր վերցրել, պարապել եւ սեփական գիտելիքներով համալսարան ընդունվել: Հարցին, թե վերջին շրջանում որեւէ փոփոխություն աղջկա մոտ չի՞ նկատվել, հարեւանուհին պատասխանել է. «Դե, ինքը երջանիկ էր իր սիրած տղայի հետ, գնում-գալիս էր, մենք բոլորս լավն ենք տեսել, ոչ մի վատ բան չենք տեսել: Իրա ընտրությունն էր այդ տղան»:
Մեկ այլ հարեւանուհի էլ նշել է. «Էն ընտանիքի երեխան ա, որ շատ-շատերը, հազարավորները կարող են այդ ընտանիքից օրինակ վերցնել: Նրանք դաստիարակված, ցուցադրական, մատով ցույց տալու ընտանիք են, նույնը կասեի այդ երեխայի մասին»: Մի խումբ կանայք, ովքեր, իրենց ներկայացմամբ, «վերեւի հարեւաններն էին», միաբերան պնդել են, որ Լիայի արարքն իրենց շատ է զարմացրել, քանի որ աղջիկը շատ խելացի էր, տան անդամների հետ որեւէ խնդիր չուներ: