Կաղամբ ուտողը չի հարբի
Առաջին հիշատակությունը կաղամբի մասին արվել է Արիստոտելի կողմից մ.թ.ա. 384-322թթ., որպես վայրի բույսի։ Թեոֆրաստը (372-287թթ.. մ.թ.ա.) իր «Հետազոտություններ բույսերի մասին» գրքում նկարագրել է կաղամբի այն երեք տեսակները, որոնք մշակվել են Աթենքում։ Իմաստասեր Քրիսիփոսը մի ամբողջ գիրք է «նվիրել» կաղամբին։ Հին հույն բժիշկ Դիոսկորիդիսն ուսումնասիրել է կաղամբի բուժիչ հատկությունները։ Հին Հունաստանում կաղամբը գինեսթափության խորհրդանիշ էր. «Գինի խմելուց առաջ կաղամբ ուտողը չի հարբի»։
Կաղամբը հնուց հայտնի է եղել Հայաստանում։ Հայաստանն առանց հայերի նշանաբանի հեղինակ, հայազգի բյուզանդական կայսր Մավրիկիոսը 6-րդ դարի վերջում սուրհանդակներ է ուղարկում Օշական գյուղ։ Նրանք պետք է խորհուրդ հարցնեին կայսեր հորից։ Երբ սուրհանդակները վերադարձան, Մավրիկիոսը հարցրեց.
– Ի՞նչ խորհուրդ տվեց հայրս։
– Ձեր հայրը ոչինչ չասաց։ Նա մտավ իր բանջարանոցը, կտրեց խոշոր կաղամբները եւ հեռացրեց դրանք։ Հետո սկսեց խնամել փոքր գլխակաղամբները։
Նույն օրը կայսրը գլխատվել տվեց բոլոր մեծամեծ իշխանավորներին եւ նրանց փոխարեն նշանակեց ավելի հնազանդներին։
Սպիտակագլուխ կաղամբը պարունակում է սպիտակուց` 1,8%, ճարպեր` 0,1%, ածխաջրեր` 4,7%, շաքարներ` 4,6%, օսլա` 0,1%, սննդային մանրաթել` 2%։
Կաղամբի սննդային արժեքը կարեւորվում է հետեւյալ հարաբերություններով Ca:P=1:0,7 (1:1,5), Ca:Mg=1:0,3 (1:0,5), Ca:K=1:4 (1:2)։ Փակագծերում նշված է հարաբերությունների ցանկալի արժեքը, որը չի ապահովվում որեւիցե բնական սննդամթերքում։ Կալիումը եւ նատրիումը հակառակ ազդեցություն ունեն ջրի փոխանակման վրա։ Կալիումը միզամուղ է, իսկ նատրիումը արգելափակում է հեղուկի դուրսբերումն օրգանիզմից։ Նատրիումի եւ կալիումի պարունակությունների հարաբերության լավագույն արժեքն է` 1։20։ Սպիտակագլուխ կաղամբի մեջ այդ հարաբերությունը հավասար է 1։15-ի։
Բնության մեջ գոյություն ունեցող ավելի քան 30.000 գեներից 223-ը բնորոշ են միայն մարդկանց։ Մարդու գենոմի մեջ յուրաքանչյուր գործողություն կոդավորված է կրկնակի։ Եթե մարդը ժառանգել է մեկ հիվանդ գեն, ապա ժամանակի ընթացքում այն կարող է խանգարել առողջ գենի աշխատանքին։ Արդյունքում կառաջանան ուռուցքներ։ Գիտնականները գտնում են, որ ակտիվացնելով առողջ գենը, հնարավոր է մեկուսացնել հիվանդ գենը։ Հետազոտություններն ի հայտ են բերել երկու տասնյակի հասնող բնական սննդամթերք, որի միջոցով կարելի է ակտիվացնել առողջ գենը։ Այդ մթերքներից լավագույնն են՝ կանաչ թեյը, բրոկկոլի կաղամբը, խաղողը, լոլիկը, նուռը։
– 400 գրամ բրոկկոլի կաղամբը 3 րոպե եփեք թույլ աղաջրի մեջ։ Դրեք քամիչի վրա։ Կտրատեք 5 միջին մեծության լոլիկ եւ 4 խաշած ձու։ Այս բոլորը խառնեք եւ համեմեք ըստ ճաշակի։
– 500-700 գրամ քաշով ծաղկակաղամբը խաշեք, մինչեւ փափկի։ Ավելացրեք 3 ճ/գ կաթ եւ խառնեք բլենդերով, մինչեւ ստացվի համասեռ զանգված։ Ավելացրեք 2ճ/գ կարագ, 2 ձու եւ 100 գրամ չամիչ։ Համեմեք ըստ ճաշակի։ Ստացված զանգվածը տեղավորեք նախապես յուղած կաղապարի մեջ, վրայից ցանեք մանրացրած սպիտակ պաքսիմատ (100 գ), 10 րոպե եփեք չափավոր տաքացրած ջեռոցի մեջ։ Մատուցեք թթվասերի հետ։
– Շոգեխաշեք (4-5 րոպե) ծաղկակաղամբը, կտրատեք։ Վրան ավելացրեք քերիչով անցկացրած պանիր եւ քունջութի սերմեր։ Եփեք ջեռոցի մեջ 100 աստիճանի տակ 10-15 րոպե։ Հանեք, վրան ցանեք նռան հատիկներ։
– Մանրացրած (0,5կգ) ծաղկակաղամբը եփեք (3-4 րոպե) թույլ աղաջրի մեջ։ Պատրաստեք (1 սոխով) սոխեռած, վերջում վրան ավելացրեք 50 գրամ չամիչ եւ 30 գրամ դդումի մաքրած կուտ։ Անջատեք կրակը, խառնեք քամած ծաղկակաղամբին։
Սպիտակագլուխ կաղամբի հյութը հակացուցված է աղեստամոքսային հիվանդությունների սրացման ժամանակ։
Թթու կաղամբը
Թթուն որպես խիստ անհրաժեշտ սննդամթերք` պահածոյի մի տեսակ է, որը ստացվում է կաթնաթթվային թթվեցման միջոցով։ Կաթնաթթվային բակտերիաների ազդեցությամբ կաղամբի մեջ պարունակվող շաքարը վեր է ածվում կաթնաթթվի, վերջինս կանխում է վնասակար միկրոօրգանիզմների զարգացումը, թթվին տալիս դուրեկան թթվություն եւ համ։ Կաթնաթթվային միկրոօրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր պայմաններ եւ միջավայր։ Օգտագործում են ուշ աշնանը հասունացած կաղամբը, քանի որ դրա մեջ ածխաջրերի պարունակության տոկոսը բարձր է։ Փորձը ցույց է տվել, որ կաթնաթթվի միկրոօրգանիզմները լավ են աճում 15-22 աստիճանի պայմաններում, ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում զարգացումը դանդաղում է, իսկ 22-25 աստիճանից բարձր լինելու դեպքում զարգանում են թթվի համար վտանգավոր միկրոբներ, որոնք փչացնում են թթուն։ Ճիշտ թթվեցրած կաղամբի մեջ պահպանվում են բոլոր վիտամինները եւ թվով 19-ի հասնող օգտակար միկրոտարրերը։ Որոշ հեղինակներ գտնում են, որ թթվի մեջ սինթեզվում է անչափ կարեւոր B12 վիտամինը։ Հնում թթվեցրած կաղամբին վերագրել են մոգական բուժիչ հատկություններ։ Այն օգտագործել են ընկնավորության բուժման համար։ Թթու կաղամբը շատ օգտակար է հատկապես տղամարդկանց համար, ամենօրյա օգտագործումը պահպանում է առնականությունը մինչեւ խոր ծերություն։ Թթու կաղամբն օգտակար է կանանց՝ հորմոնալ խանգարումների, օստեոպարոզի կանխարգելման եւ մաշկային որոշ խնդիրների դեպքում։ Թթվեցրած կաղամբից պատրաստված դիմակները մաշկին հաղորդում են թարմություն, դարձնում այն թավշյա, գունազրկում պիգմենտային բծերը, ազատում կորյակներից։
Թթու կաղամբը ունի հակացուցումներ՝ հիպերտոնիայի, ստամոքսահյութի բարձր թթվայնության, ենթաստամոքսային գեղձի եւ լեղաքարային հիվանդությունների, նաեւ երիկամային անբավարարության դեպքում։