Այս կյանքն ավարտված է

12/03/2011

«Facebook»-ը շատ կարեւոր տեղ է, որովհետեւ մտքի համակարգն այնտեղ սկսելու է ձեւավորվել որպես ֆիզիկական մի կրող: Նույնը` կամքի համակարգը, նույնը` հոգեւոր մղումների համակարգը: Մենք պիտի կարողանանք այդ պոտենցիալը կենտրոնացնել, եւ դա կաշխատի փոփոխության վրա` քաղաքական դիմադրող կենտրոններին ստիպելով մրցակցություն սկսել, թե ով առավել արդյունավետ կդրսեւորի այդ ամենը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով ՀՀ-ում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա գտնում է, որ ժողովուրդն առանց այն էլ կենտրոնանում է, եւ պատահական չի համարում, որ ՀԱԿ-ի հանրահավաքներն ավելի ու ավելի բազմամարդ են դառնում: «Եվ չի կարելի ասել, թե այնտեղ այսօր հավաքվում են միայն ՀԱԿ-ի կողմնակիցները, իսկ ես հույս ունեմ, որ վաղը կգնան նաեւ ՀԱԿ-ի հակառակորդները: Բոլորը պիտի տեսնեն, որ ժողովուրդն արդեն վճիռ է կայացրել` այս կյանքը չպետք է շարունակվի: Ժողովրդի ամբողջականությունը ցույց է տալիս, որ այս կյանքն ավարտված է, բարի եղեք մտածել եւ իրագործել այլ բաներ»,- ասել է նա: