Հանրաքվեի քվեաթերթիկը երկնագույն է

29/10/2005

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստի ժամանակ հաստատել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը: Ըստ այդմ, հանրաքվեի քվեաթերթիկը տպագրված է բաց երկնագույն ֆոնի վրա: Եվ ընտրողը պետք է «Համաձա՞յն եք ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագծին» հարցին պատասխանի` նշում կատարելով «այո» կամ «ոչ» վանդակներում: Սակայն, ինչպես նկատեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքը ներկայացնող անդամ Ֆելիքս Խաչատրյանը՝ քվեաթերթիկը թափանցիկ է ու խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը: «Եթե քվեաթերթիկները թափանցում են, մարդուն կարող են փող տալ եւ ստիպել, որ քվեարկի այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ վախեցնելով, որ քվեարկության արդյունքները երեւում են»,- ասաց Ֆ. Խաչատրյանը: Նրա համառ պնդումներից հետո ԿԸՀ-ն ընդունեց քվեաթերթիկը հնարավորինս մգացնելու առաջարկը: