Սատանան մանրուքների մեջ է

12/03/2011

Օրերս հրապարակում էինք պատրաստել այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել. «Bentley» մակնիշի այդ մոդելի գինը տատանվում է 180-200.000 դոլարի սահմաններում: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից ասել էին, որ «Bentley»-ն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նվեր է ստացել իր սանիկից` ոմն Կիրակոս Պետրոսյանից: Մեր թղթակցի հետ զրույցում արքեպիսկոպոս Կճոյանը, թեեւ զայրացել էր` «Աղջիկ ջան, դա քո ի՞նչ գործն ա, քո ի՛նչ գործն ա՝ իմ անձնական կյանքի մեջ ես մտնում», եւ «Ի՞նչ կապ ունի հասարակությունն իմ անձնական կյանքի հետ: Իմ անձնական կյանքը սահմանադրությամբ անձեռնմխելի ա» արտահայտություններով, այնուամենայնիվ պատասխանել էր. «Իմ սանիկներից մեկը իմ «Մերսեդեսը» վերցրել ա, եւ տեղը «Bentley» ա տվել: Էդ ինքն ուզեց, ես իրան տվեցի, ինքն էլ դրա տեղը դա տվեց, ի՞նչ կա դրա մեջ»: Մեր տվյալներով` այդ մեքենայի համարանիշը բարձրաստիճան հոգեւորականին նվիրել է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը դեռեւս չորեքշաբթի օրը խոստացել էր հաջորդ օրը պատասխանել մեր հարցին` թե արդյոք Գ. Ծառուկյա՞նն է նվիրել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ավտոմեքենայի պետհամարանիշը: Հիշեցնենք, որ հոգեւորականն ինքը հերքել էր համարանիշ նվիրելու փաստը: Եվ ահա մեր հարցապնդմանն ի պատասխան՝ երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Խ. Գալստյանն ասաց. «Ես պաշտոնապես ասում եմ, որ ոչ: Գագիկ Ծառուկյանը արքեպիսկոպոսին որեւէ համարանիշ չի նվիրել»: Ընդ որում՝ լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ Գ. Ծառուկյանի կողմից Կճոյանին նվիրած պետհամարանիշն է՝ 008 08, եւ ավելին, հոգեւորականին այդ մեքենան ոչ թե նվիրվել է, այլ ինքն է ձեռք բերել: Իհարկե, այս պարագայում նույնիսկ այնքան կարեւոր չէ` նվիրե՞լ են, թե՞ ինքն է անձամբ գնել, կամ թե համարանիշը 008 08 է, թե՞ 777 եւ այլ թվեր, միգուցե դրանք նույնիսկ «մանրուքներ» են, կարեւորն այն է, որ հայ բարձրաստիճան հոգեւորականի պահվածքը եւ գործունեությունը հիշեցնում է հայտնի երեւույթը` խրախճանք «ժանտախտի» ժամանակ: Ինչպես գրել էր «Facebook» սոցիալական ցանցի ընթերցողներից մեկը` «Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են Հայաստանում վխտում աղանդներն ու աղանդավորները»: Մեկ այլ ընթերցող էլ պետական այրերին առաջարկել էր «168 Ժամ» թերթի նույն այդ օրվա համարի մյուս էջերում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի` «Bentley»-ի մասին հարցազրույցից հետո ընթերցել, օրինակ, միայնակ թոշակառու Ասյա Իվանյանի հետ հանդիպման ռեպորտաժը, որով ծեր կինն իշխանություններին խնդրում է որպես մարտի 8-յան նվեր՝ վերականգնել իրեն հասանելիք 13.000 դրամ աղքատության նպաստը: