Ինչպե՞ս օգնել հաշմանդամ կնոջը

12/03/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

61-ամյա Ամալյա տատը, չնայած իր մարմնի ծանրությանը, աստիճանավանդակը արագ-արագ` հեւալով հաղթահարելով, հետեւում է քայլերիս ու մերթընդմերթ դադարող շունչն ի մի բերելով՝ խնդրում է սպասել: «Աղջիկ ջան, դու ինձ պիտի լսես»,- կցկտուր բառերը «կարկատելով»՝ հասկացնում է նա: «Հա, անպայման, հանգստացե՛ք, իսկ ի՞նչ է եղել»,- հարցնում եմ Ամալյա տատին, ում անհանգիստ հոգեվիճակը ստիպում է ենթադրել, որ այս կինն օգնության կարիք ունի: Բարձրանում ենք ոչ թե իր, այլ` հարեւանուհու տուն: Ասում է` «Մի քանի րոպե ժամանակ տուր, հա՞, չեմ կարողանում խոսել»: Ամալյա Հարությունյանը շնչահեղձ է լինում, ու շունչը կարգավորելուն ուղղված ջանքերից ես ու նրա հարեւանուհին խիստ անհանգստանում ենք: Աչքերը «փախնում» են, ու թվում է` վատ ինքնազգացողությունից՝ ուր որ է, ուշաթափություն կլինի: Ձեռքերն աննկարագրելի դողում են: Հարցնում եմ` «Ի՞նչ ա պատահել, խոսե՛ք, ինչո՞ւ եք այդքան անհանգիստ ու վախեցած»: Տիկին Ամալյան սկսում է երեխայի պես հեծկլտալ: Ասում է` «Ես օգնության կարիք ունեմ, բայց չգիտեմ, թե որքանով եմ ճիշտ անում, որ քեզ ուզում եմ պատմել: Խնդրում եմ, դու էնպես արա, որ ինձ չսպանեն արարքիս համար, թե չէ` ես վախենում եմ, ահավոր եմ վախենում»: Շենգավիթ համայնքի (հասցեն հասկանալի պատճառներով չենք նշում) բնակչուհի, հաշմանդամ Ամալյա Հարությունյանը նախկինում բնակվել է ծնողների հետ, 33 տարի աշխատել է Երկաթգծի կայարանում, այնուհետեւ նույն հաստատության միջնորդությամբ պետությունից բնակարան է ստացել: «Ծնողներիս տունը մնաց եղբորս, իսկ ես, քանի որ միայնակ կին եմ` ծնողներիս իմ տանն էի պահում: Հայրս մահացավգ 1998 թվին ես ծանր վիճակում հիվանդանոց ընկա: Շատ վատ էի, բժիշկները հույս չէին տվել, թե կապրեմ: Պարզվեց, ես փոքրուց մենինգիտ եմ ունեցել, բայց ծնողներս թաքցրել են, ինձ չեն ասել: Մերոնք վստահ են եղել, որ էլ չեմ ապրելու: Քույրս առանց որեւէ մեկի իմացության՝ մորս միջոցով բնակարանը նվիրատվություն ա կատարել իր տղային»,- պատմում է տիկին Ամալյան, ով վերհիշելով կատարվածն` իրեն վիրավորված ու նվաստացած է զգում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կորցրել է նաեւ մորն ու հայտնվել միայնակ, անաշխատանք ու անօգնական վիճակում: Ծանր հաշմանդամության պատճառով չի կարող աշխատել, իսկ 2-րդ կարգի հաշմանդամության համար ստանում է 22.000 դրամ թոշակ: Վերջերս նաեւ աչքերի կատարակտ հիվանդության համար է վիրահատվել: Ինչեւէ, մի քանի տարի առաջ տիկին Ամալյայի քրոջ տղան ընտանիքով տեղափոխվել է նրա տուն ու հայտարարել, որ այդ բնակարանն իրենն է: Դրանից հետո տիկին Ամալյան տեղեկացել է հիվանդանոցում գտնված ժամանակահատվածում կատարված կեղծիքների մասին: Ասում է` «Իրենք իմ մահվանն էին սպասում, բայց մահն ավելի դյուրին կլիներ, քան հիմա իմ ապրելու էս դաժան վիճակը»: Չորս տարի առաջ քրոջս տղան` Գեւորգը (տիկին Ամալյայի անվտանգության համար անունը փոփոխված ենք ներկայացնում)՝ կնոջ ու երկու երեխաների հետ, տեղափոխվել է այն մեկ սենյականոց բնակարանը, որը տիկին Ամալյան վաստակել է տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Ներկայումս այդ 1 սենյականոց բնակարանում Գեւորգը կնոջ եւ երեխաների հետ ապրում է հյուրասենյակում, իսկ տիկին Ամալյան` խոհանոցում: Ասում է` «Իրանց գալուց հետո ահավոր ծեծ ու ջարդ սկսվեց: Ամեն օր վիճաբանություն, ամեն օր ծեծ, կեղտոտ խոսքեր. էլ չեմ դիմանում, հասկանո՞ւմ ես, մի օր ես հաստատ չեմ դիմանա: Ծեծում ա անխնա, դաժան ձեւով, մի հարեւան ունեմ, ինձ շատ ա խղճում, հենց էդ կռվի, ծեծ ու ջարդի ձեները լսում ա` ինձ մի կերպ փախցնում ու իրա տանն ա պահում»: Գեւորգը տիրանալով մորաքրոջ բնակարանին, հավանաբար ցանկանում է նրանից ընդհանրապես ազատվել: Խոհանոցում ապրող մորաքրոջ աչքերի տակ հաճախ կապտուկներ ու արյան հետքեր են հայտնվում: Քրոջ որդու բռունցքներից փրկվելու համար նա հաճախ ծանոթների տանն է գիշերում: «Ինձ դուրս ա հանում, բայց ո՞ւր գնամ էս տարիքիս, կամ ինչի՞ գնամ, ախր ես չեմ մեռել, ես կենդանի եմ, ո՞նց կարող էին ինձ հետ էդպես վարվել: Էդ կռիվների ժամանակ ճնշումս բարձրանում ա, վատանում եմ, մի կերպ հետ են բերում»,- ասում է տիկին Ամալյան, ում ձեռքերն այնպես են դողում, որ նրան հանգստացնել ու մխիթարել չի հաջողվում: Այս կնոջ նյարդային համակարգն աննկարագրելի խեղված է, ու վախի զգացումից պարբերաբար զգուշացնում է` «Երկար եմ մտածել, վախենում եմ, եթե նա իմանա, որ ձեզ պատմել եմ, իմ հետ չգիտեմ ինչ կանիգ Բայց ուրիշ ճար չունեմ, հասկանո՞ւմ ես, մի օր մարդասպանություն կլինի»: Հարցնում եմ` «Իսկ Ոստիկանություն դիմե՞լ եք»: Պատասխանում է` «Մեր թաղայինին եմ ասել, բայց նա էլ ասեց` ես ոչ մի բան չեմ կարա անեմ, պիտի դատարան տաս: Չեմ կարա Ոստիկանություն կամ դատարան դիմեմ, ախր քրոջս տղան ա, խիղճս չի մեռել, իրա նման չեմ: Եթե դատարան կամ Ոստիկանություն էլ դիմեմ` դու հաջորդ օրը տանս խոհանոցում դիակս կգտնես, կսպանի ինձ: Մի խղճով հարեւան ունեմ, որն ինձ միշտ էդ ծեծ ու ջարդի ժամանակ գալիս-փախցնում, տանում իրա տանն ա պահում. արի իրան հարցրու, թե իմ հետ ինչ են անում` կպատմի ու կսարսափես: Ինքը թողում ա, որ հենց ներվայնանում, վատանում եմ` գնամ իրա տուն»: Տիկին Ամալյային քրոջ որդին ոչ միայն չի խնամում, այլեւ` դուրս է վռնդում տանից: Խոհանոցում ապրող այս կինը գոյատեւում է 22.000 դրամ հաշմանդամության թոշակով, որով ոչ այն է` կարող է առողջական խնդիրները հոգալ, ոչ այն է` օրվա հացն ապահովել: «Մենք լրիվ առանձին ենք ապրում: Նա ինձ թույլ չի տալիս իրանց ունեցածից օգտվեմ, ես եմ իմ հարցերը լուծում: Մարդ, որն իմ մահն ա ուզում` ինձ կպահի՞»,- ասում է: Նախկինում ընտանեկան նպաստ էր ստանում, սակայն հիմա այդ գրասենյակի աշխատակիցները համարում են, որ Ամալյա Հարությունյանը քրոջորդու խնամակալության տակ է: Հարցնում եմ` «Տիկին Ամալյա, իսկ ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել: Դուք վախենում եք ձեր խնդրի մասին բարձրաձայնելուց, ես ի՞նչ կարող եմ անել»: Երկար մտածելով ու հասկանալով իր անելանելի դրությունը՝ պատասխանում է` «Հա, ես շատ-շատ եմ վախենում: Եթե իմանա` ինձ կսպանի: Էս չորս տարի ա, ինչ ես նրանց հետ եմ ապրում, սովի ու քաղցի մեջ եմ հայտնվել: Հասկանո՞ւմ ես, հաշմանդամության թոշակով մենակ հաց ու մակարոն եմ կարողանում առնել: Չորս տարի ա` մսի համ չեմ տեսել: Ասում եմ` նպաստս վերականգնեք, չեմ կարողանում ապրեմ, ինձ օգնող, պահող չկա. ասում են` քրոջդ որդու հետ ես, նա քեզ պահում ա: Գոնե կարողանայի էդ հարցերում ապահով լինեի` նրանից ոչ մի կախում չէի ունենա: Ոչ ոք չգիտի՝ ինչ պայմաններում եմ ապրում, ոչ մեկին չեմ դիմել, վախենում եմ, շատ եմ վախենում»:

Ամալյա Հարությունյանն ինձ պատմում է իր հետ կատարվող ամենօրյա ծեծկռտուքի ու դաժան կենսակերպի մասին, բայց վախենում է իմ կողմից նախաձեռնվող ցանկացած քայլից: Այս պատմությունը հեղինակի անվտանգությունից ելնելով՝ գուցեեւ արժեր չլուսաբանել, սակայն դրանից այս կնոջ վիճակը հաստատ ավելի լավ չէր լինելու, մանավանդ, որ նա անձամբ դիմել է մեր օգնությանը: Տիկին Ամալյան խնդրում է վերականգնել նպաստ ստանալու իր իրավունքը` վստահեցնելով, որ ընտանեկան նպաստի գրասենյակի տեսուչը նպաստից զրկելու պատճառ է մատնանշում խնամակալի հանգամանքը: Այս պատմության մեջ ամենահատկանշականն այն է, որ մարդիկ նպաստից զրկվում են, բայց գրասենյակի աշխատակիցները պատկերացում չունեն յուրաքանչյուր ընտանիքի կարգավիճակի մասին: Տիկին Ամալյան կարող էր այս ամենը ներկայացնել անձամբ տեսուչին, բայց բոլորիս է հայտնի, որ տեսուչները «հավես» չունեն իրենց շահառուների բնակարաններ այցելելու եւ տվյալ դեպքում՝ սարսափելի տեսարանների ականատես լինելու հետ: Ընտանեկան նպաստ համակարգի աշխատակիցները, որպես կանոն, նստում են իրենց աշխատասենյակներում եւ սպասում են շահառուների ներկայացրած փաստաթղթերին, որոնցից ելնելով էլ՝ նպաստ են նշանակում, կամ զրկում են աղքատության համար տրվող մի քանի «կոպեկից»: Փաստաթղթերի ետեւում, սակայն, այպիսի դաժան պատմություններ են թաքնված, ինչպիսին է Ա. Հարությունյանինը:

Իսկ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ամեն տարի բարեփոխումներ է ներկայացնում ու այդ համակարգի «արդյունավետությունից» հրճվանք է ապրում: