Գովազդն ամսագիր կունենա

12/03/2011

Հայաստանում առաջին անգամ կտպագրվի գովազդին ու մարքեթինգին նվիրված ամսագիր։ «Emporium» կոչվող հանդեսը ամենամսյա կլինի ու հատուկ մասնագիտական ուղղվածություն կունենա։ Ամսագրի էջերից հնարավոր կլինի ծանոթանալ մարքեթինգի ու գովազդի ոլորտի նորամուծությունների ու դրանց պրակտիկ կիրառման օրինակների մասին։ Ինչպես նաեւ հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ հայաստանյան հեռուստաշուկայի վարկանիշների մասին: Ամսագիրը նախատեսվում է տարածել նաեւ հայկական բնակչություն ունեցող այլ երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում։ «Emporium»-ը մասնավոր ձեռնարկ է, որը փորձ կանի հաստատվել շուկայում՝ որպես անկախ ու անկողմնակալ մասնագիտական ամսագիր։ Ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Բարսեղյանը նշում է, որ իրենք համագործակցելու են Հայաստանում գովազդով ու «PR»-ով զբաղվող կազմակերպությունների հետ եւ կոմերցիոն էջերի տեղադրման միջոցով փորձելու են ծածկել տպագրական ծախսերը։