Հոնկոնգի իշխանությունները 40 հա տարածք են տրամադրել մի ամբողջ մշակութային թաղամաս ստեղծելու համար։ Հսկայածավալ նախագծային եւ շինարարական աշխատանքները վստահվել են բրիտանացի հանրահայտ ճարտարապետ Նորման Ֆոսթերին, ով իր «Արվեստների քաղաք» նախագծով հաղթող է ճանաչվել նախապես հայտարարված մրցույթում։ Ապագա արտ-թաղամասը կառուցվելու է քաղաքի նավահանգստային հատվածում։ Նախագծի կենտրոնում մեծ պուրակ է տեղակայվելու, որի շուրջ կառուցվելու են մշակութային հաստատությունները՝ օպերային թատրոնը, ժամանակակից արվեստի թանգարանը, համերգասրահներն ու բազմահազարանոց հանդիսատեսի համար նախատեսված հարթակը։ Արվեստի թաղամասի կառուցումը կավարտվի 2030թ., սակայն արդեն 4 տարի անց պատրաստ կլինեն որոշ օբյեկտները, ինչը թույլ կտա շահագործել կարեւորագույն հանրային նշանակություն ունեցող մշակութային հարթակները։