ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) տեղյակ չեն Երեւանում գրասենյակ բացելու «Turkish Airlines»-ի մտադրությանը` Երեւան-Ստամբուլ-Լոս Անջելես երթուղով չվերթեր կատարելու նպատակով: Այս մասին երեկ «Մեդիամաքսին» ասել են ՔԱԳՎ մամուլի ծառայությունում: Սակայն ուշագրավ է, որ «Turkish Airlines»-ի ղեկավար Համդի Թոփչուն երեկ հայտարարել է, որ Երեւանում արդեն իսկ գրասենյակ բացել են. «Մենք հետամուտ ենք մեր իշխանությունների վարած քաղաքականությանը: Առայժմ թռիչքներ չկան: Սակայն Հայաստանի մայրաքաղաք Երեւանում գրասենյակ ենք բացել»: Նա հույս է հայտնել նաեւ, որ իրենց նախագծերի իրականացումը մեծապես կնպաստի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամության վերականգնմանը: