Gazeta.ru կայքի հետ առցանց հարցազրույցում «Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «անհնարին» է անվանել իր թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում: Նա մասնավորապես ասել է. «Դա հնարավոր չէ: Նախ, ես ՌԴ քաղաքացի եմ եւ երբեւէ ՀՀ քաղաքացի չեմ եղել: Ես հայկական անձնագիր չունեմ: Երկրորդ, ինչն ավելի կարեւոր է, ես խորապես համոզված եմ, որ ՀՀ նախագահ պետք է լինի այն մարդը, ով երկար տարիներ ապրել ու աշխատել է Հայաստանում, խորապես ու լավ հասկանում է, թե ինչ է այնտեղ կատարվում: Երրորդ, կարծում եմ, որ ես չունեմ այնպիսի որակներ, որոնք ինձ կդարձնեն լավ պետական պաշտոնյա` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում»: Անդրադառնալով ՀՀ-ում «Դիլիջան» Միջազգային դպրոցի ստեղծման նախագծին՝ Ռ. Վարդանյանն ասել է. «Ծրագիրը, որը մենք պատրաստվում էինք իրականացնել Հայաստանում, ոչ մի կերպ կապված չէ Հայաստանում ռուսալեզու դպրոցների մասին օրենքի հետ: Մեր դպրոցում դասավանդումը նախատեսվում էր անգլերեն, այլ ոչ թե ռուսերեն լեզվով: Ավելին, կարծում եմ, որ Հայաստանում շատ կարեւոր է հայոց լեզվի իմացության պահպանումը, եւ դրա համար իսկապես պահանջվում են մեծ ներդրումներ: Ցանկացած լեզուն պատշաճ մակարդակում պահպանելը այս կամ այն երկրի վերնախավի խնդիրն է: Միաժամանակ, մենք պետք է հասկանանք, որ պահպանելով եւ զարգացնելով մեր սեփական լեզուն` պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր հետագա սերունդները կարողանան շփվել, խոսել մի քանի լեզուներով, այդ թվում նաեւ` ռուսերեն: Հայաստանի համար ՌԴ-ն առանցքային շուկաներից մեկն է: Այդ տեսանկյունից շատ կարեւոր է պահպանել այն կոնկրետ առավելությունները, որոնք մեզ մոտ ստեղծվել էին վերջին 90 տարիների ընթացքում, այդ թվում նաեւ՝ լեզուների իմացության ասպարեզում»: