Ամեն ինչ արեք

10/03/2011

Անցած երեք տարիների ընթացքում ԵԽ ԽՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարավորություններն արդյունավետ ու ամբողջապես չի օգտագործել: Այս մասին ասված է Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի նամակում` ուղղված ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին: Նամակում մասնավորապես ասվում է, որ 2008թ. նախագահական կեղծված ընտրություններին հաջորդած մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվել: Վ. Հարությունյանն ակնկալում է, որ Ֆիշերն՝ իր մանդատին հավատարիմ, իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դրվի քաղաքական հետապնդումներին եւ, որ շուտափույթ ազատ արձակվեն քաղբանտարկյալները: «Մենք գիտակցում ենք, որ մեր երկրում ժողովրդավարության հաստատումը առաջին հերթին մեր ու մեր ժողովրդի գործն է: Այդ պատճառով էլ կոչ չենք անում Ձեզ պայքարել կամ ջանքեր գործադրել մեր փոխարեն մեր երկրում ժողովրդավարական արժեքների ներդրման համար: Այդ գործը կանի Հայաստանի ժողովուրդը եւ ժամանակի ընթացքում հաջողությամբ այն գլուխ կբերի: …Մեր ակնկալիքը Ձեզանից եւ ԵԽ ԽՎ-ից ընդամենը Ձեր մանդատին եւ ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունած բանաձեւերի ոգուն հավատարիմ մնալն է: Ամեն ինչ հնարավոր է հանել դիվանագիտական սակարկման կամ դարձնել դիվանագիտական շահարկումների առարկա, բայց ոչ մարդու իրավունքները»,- ասված է նամակում: