Մեկնել են Լատվիա

10/03/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգա: Ժամանումից հետո նախագահ Սարգսյանը մեկնել է Ռիգայի ամրոց` Լատվիայի նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսն առանձնազրույց են ունեցել: Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ս. Սարգսյանը հանդիպելու է նաեւ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի եւ վարչապետ Վալդիս Դոբրովսկիի հետ: Ռիգայում նա մասնակցելու է նաեւ հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկ տեղի է ունեցել նաեւ երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Ս. Սարգսյանն` անդրադառնալով նախագահ Զատլերսի հետ ունեցած առանձնազրույցին, ասել է. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների եւ բազմակողմ ձեւաչափերում տարբեր միջոցառումների ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ քաղաքական երկխոսությունը»: Նաեւ հավելել է. «Մենք համակարծիք ենք, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, եւ երկուստեք հայտարարեցինք մեր նպատակադրվածությունը լիարժեքորեն օգտագործելու առկա բարենպաստ նախադրյալները, այդ թվում` երկկողմ իրավապայմանագրային լայն դաշտի առկայությունն ու Երեւան-Ռիգա կանոնավոր չվերթի առկայությունը»: Խոսելով երկու արտգործնախարարությունների միջեւ եվրաինտեգրման բնագավառում համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի մասին, Ս. Սարգսյանն ասել է. «Արձանագրեցինք նաեւ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը անհետեւանք չանցավ նաեւ հայ-լատվիական տնտեսական համագործակցության համար. 2009թ. կտրուկ նվազել էին առեւտրաշրջանառության ցուցանիշները: Այդուամենայնիվ, 2010թ. գրանցվեց որոշակի աճ, ինչը, սակայն, կարծում եմ, դեռ չի արտացոլում իրական ներուժի պատկերը: Չեմ կասկածում, որ մենք ունակ ենք համատեղ ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել, քան մինչեւ ճգնաժամը»: