Երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների վերաբերյալ զեկույցը: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այս տարվա զեկույցում նախորդների համեմատ շատ ավելի կոշտ քննադատություններ են հնչում Թուրքիայի հասցեին: Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղել պաշտոնական Անկարային, ինչպես նաեւ՝ մտահոգություն են հայտնում Թուրքիայում մամուլի ազատության վիճակի եւ վերջին օրերին տեղի ունեցած լրագրողների ձերբակալությունների առնչությամբ: Դժգոհություն է հնչում «Էրգենեկոնի» եւ «Բալյոզի» դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ցանկալի արդյունք չապահովելու առնչությամբ: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Թուրքիայում կանանց իրավունքներին, Սահմանադրական փոփոխություններին, ԶԼՄ-ներին, գրաքննությանը, ընտրական կարգին, բանակի եւ իշխանության միջեւ առկա հարաբերություններին առնչվող հարցերին, քրդական հարցին: Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ են անում Թուրքիային՝ «անհապաղ իր զորքերը հանել Կիպրոսից՝ բանակցային գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորումը հեշտացնելու համար»: Զեկույցում Անկարային կոչ է արվում նաեւ խուսափել կղզու հյուսիսային հատվածում թուրք քաղաքացիներ վերաբնակեցնելու գործընթացից եւ ակտիվ կերպով աջակցել կողմերի միջեւ ընթացող բանակցային գործընթացին: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ քվեարկությունից առաջ Եվրախորհրդարանի հույն պատգամավորներն առաջարկել են զեկույցում ներառել նաեւ Հայոց ցեղասպանության թեման, սակայն նրանց առաջարկը մերժվել է: