ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի բնորոշմամբ` բացօթյա առեւտրով զբաղվող մարդկանց եւ Ոստիկանության միջեւ մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպը` «տհաճ եւ անցանկալի» էր:
«Չեմ բացառում, որ ագրեսիան երկկողմանի է եղել»,- ասել է նա: Նաեւ պարզաբանել է, թե իրեն զարմացնում է այն, թե ինչպես է պատահում, որ «Ժառանգության» «լոկալ բողոքները միշտ ավարտվում են Ոստիկանության հետ բախումներով, իսկ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ նման բան տեղի չի ունենում»: «Ես կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ստեղծած լոկալ բախումները լավ կազմակերպված են, որոշակի կենտրոններից ղեկավարվող»,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը: Ասուլիսին մասնակից ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարել է, թե բախումների պատճառը հենց ոստիկաններն են՝ իրենց վարքով. «Ռոբերտ Մելքոնյանը (Երեւանի փոխոստիկանապետ) ու փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը մոտենում են Անահիտ Բախշյանին եւ ասում, որ նա հայհոյել է կառավարությանը, որից հետո նրանք թուրքերեն լեզվով, չգիտես ինչու, հայհոյանքներ են տեղում կանանց հասցեին»: Հարցին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը երբեւէ ներկա չի լինում «Ժառանգության» միջադեպերին, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Օրինակ, մարտի 3-ին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի ունեցավ հայտնի միջադեպը, իմ կուսակիցները պատահաբար են հայտնվել»:
Ի դեպ, երեկ «Ժառանգությունը» միջադեպի հետ կապված հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին:
«Ոստիկանները, կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, հարձակվել են եւ բիրտ ուժ են կիրառել բացօթյա առեւտրի իրավունքից զրկված քաղաքացիների, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաեւ` կուսակցության վարչության անդամների եւ բողոքին միացած այլ քաղաքացիների հանդեպ, ովքեր ցանկանում էին ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում անցկացնել բողոքի գործողություն՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Ոստիկանների կողմից իրականացված անօրինականությունների եւ բռնարարքների հետեւանքով` ծրագրված բողոքի գործողությունը հնարավոր չի եղել իրականացնել: Ոստիկանների կողմից Հանրապետության հրապարակում բողոքի գործողության մասնակիցներին եւ պատգամավորներին օղակի մեջ վերցնելը, նրանց նկատմամբ բռնություն կիրառելը, անօրինական կարգով բերման ենթարկելու փորձերը եւ բերման ենթարկելը քրեորեն հետապնդելի արարքներ են»,- նշվում է հաղորդման մեջ` ընդգծելով, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունները նաեւ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով նախատեսված արարք՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: «ՀՀ կառավարության շենքի դիմաց յուրաքանչյուր անձ կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքը` բողոքի գործողության տեսքով, որը կարող է տեղի ունենալ վանկարկումներով, բղավելով, սուր քննադատությամբ: Բողոքի գործողության մասնակիցն իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրելու բողոքի գործողության վայրը եւ ընթացակարգը, բողոքի գործողության մասնակիցները կարող են ունենալ կամ կրել պաստառներ եւ ցուցադրական այլ նյութեր, ինչպես նաեւ՝ օգտագործել բարձրախոսներ: Բողոքի գործողության մասնակիցը ինքն է ընտրում բողոքի արտահայտման ձեւը: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության այն հայտարարությանը, թե բողոքի գործողության մասնակիցները վիրավորել կամ հայհոյել են ինչ-որ անձանց, ապա պարտավոր են ցույց տալ այդ անձանց, ովքեր տուժել են հայհոյանքից, եւ համապատասխան ընթացակարգով քննություն իրականացնել: Եթե խոսքը վիրավորանքի մասին է, ապա տուժողն ինքը պետք է դիմի դատական պաշտպանության` համապատասխան հայց ներկայացնելով: Վիրավորանքը պետք է գնահատվի վիրավորվող անձի կողմից, այլ ոչ թե ՀՀ ոստիկանության: Ինչ վերաբերում է` ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներն իրենց վանկարկումներով, բղավոցներով եւ անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժը, ինչպեսեւ կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, բացարձակ սուտ է: Կառավարության շենքի հարակից տարածքին հնարավոր չի եղել մոտենալ ժամը 10:30-ից: Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր: Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները կատարել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց հիման վրա պահանջում ենք կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություն` հարուցել քրեական գործ ապօրինի գործողություններ իրականացրած բոլոր ոստիկանների նկատմամբ»: