Ոստիկանությունը «զրույցի է հրավիրում» հանրահավաքին մասնակցած անձանց

10/03/2011

Հայ Ազգային կոնգրեսից «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել են, որ ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքից հետո տասնյակ քաղաքացիներից ահազանգեր են ստացել այն մասին, որ Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են վերջիններս մասնակցել հանրահավաքին: Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ պատմել են, որ իրենց հրավիրում են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ իրավապահները փորձում են պարզել ընդդիմության հանրահավաքին մասնակցելու պատճառները: Բռնություններ գործադրելու մասին տեղեկություններ չկան, ըստ քաղաքացիների` ոստիկաններն իրենց հետ հանգիստ զրուցում են: ՀԱԿ-ին դիմածներից մեկը` Համբարձում Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ մարտի 7-ին Ոստիկանության Էջմիածնի բաժնից մի կապիտան իրեն զանգել է եւ տեղեկացրել, որ ցանկանում է հետը զրուցել: Ըստ Հարությունյանի` իրեն հարցեր են տվել իր ավտոմեքենայի մասին, մասնավորապես, թե ո՞վ է վարում տվյալ պետհամարանիշով ավտոմեքենան եւ ինչո՞ւ է մարտի 1-ին կայանված եղել «Պոնչիկանոց» կոչվող սրճարանից մի քանի մետր վերեւ: Հանրահավաքին մասնակցած Հարությունյանն ասել է, թե ինքը ոչ մի օրենք չի խախտել, եւ ոչ ոք իրավունք չունի «կոպտորեն ոտնահարել իր սահմանադրական իրավունքը»: Ընդդիմությանն ահազանգած մեկ այլ քաղաքացի` Վեդիից Գարիկ անունով մի երիտասարդ էլ պատմեց, որ իրեն շաբաթ օրը եկել տանից տարել են Ոստիկանության Վեդիի բաժին ու փորձել են ճշտել, թե մարտի 1-ին ինչո՞ւ է եկել Երեւան: «Ասացի, որ ցույցին չեմ եղել, հիվանդանոցում եմ եղել: Դե, էդ ցույցի օրերին, դուրս է գալիս, որ իրավունք չունենք Երեւան գալու: Անկապ մի 2 ժամ մնացել եմ, հետո թողել են»,- ասել է Գարիկը:

ՀԱԿ Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ այս օրերին 4-5 հոգու էլ կանչել են Հրազդանի ոստիկանություն: «Վերջին միտինգից հետո մեր մի քանի ակտիվիստների` Խաչատրյան Խաչիկին, Փիլիպոսյան Աշոտին, Գրիգորյան Մանվելին, Ներսիսյան Արշակին կանչել են Ոստիկանության բաժանմունք եւ փորձել են մտերմիկ, ինչպես իրենք են բնութագրում, զրույց ունենալ: Հարցերը հետեւյալ բնույթի են եղել, իբր՝ ինչո՞ւ եք գնում միտինգի, ինչի՞ց եք դժգոհ, մի՛ գնացեք…»,- ասել է Մեսրոպյանը, ում խոսքով՝ քաղաքացիներն ապօրինի են կանչվում բաժանմունքներ` առանց ծանուցագրի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հերքել են ընդդիմադիրների եւ քաղաքացիների բոլոր պնդումները` փոխանցելով, որ հանրահավաքի առիթով քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ հրավիրելու դեպքեր չեն եղել: Ինչ վերաբերում է իրենց հրավիրելու փաստը բարձրաձայնած անձանց, ապա Ոստիկանությունից փոխանցեցին, որ Համբարձում Հարությունյանը Էջմիածնի ոստիկանություն հրավիրվել է ավտոմեքենայի հետ կապված խնդիրների առնչությամբ, Գարիկ անունով անձը Ոստիկանության Վեդիի բաժին չի կանչվել, Մեսրոպ Մեսրոպյանի հրապարակած անուն-ազգանուններով անձինք եւս Ոստիկանության Հրազդանի բաժին չեն կանչվել: