«Աղջիկ ջան, ես սերվիսի աշխատող չեմ»

10/03/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, վերջերս Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանն իր սանիկից «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել: Երեկ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից փորձեցինք ճշտել, թե բարձրաստիճան հոգեւորականին ո՞վ է «Bentley» նվիրել: Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը սկզբում զարմացավ մեր անսպասելի հարցից՝ նշելով, թե հոգեւորականն ի՞նչ կապ ունի «Bentley»-ի հետ, սակայն քիչ անց պատասխանեց. «Առհասարակ մասնավոր սեփականության հետ կապված մենք որեւէ մեկնաբանություն չենք տալիս, բայց քանի որ Ձեզ հետաքրքիր է, թե ո՞վ է նվիրել, ես ճշտեցի, եւ անունը, խնդրեմ, ասում եմ՝ Կիրակոս Պետրոսյան»,- նշեց Է. Մանուկյանը: Ավելի ուշ մեզ հետ հեռախոսազրույցում դա հաստատեց նաեւ ինքը` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

– Աստված օգնական, Սրբազան:

– Աստված պահապան:

– Սրբազան, հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում, որ Ձեզ «Bentley» ավտոմեքենա են նվիրել, ուզում ենք Ձեզանից ճշտել այդ տեղեկությունը:

– Ո՞ւմ է դա հետաքրքրում: Հասարակության մեջ ամեն մարդ իր անձնական կյանքն ունի, թող զբաղվի դրանով: Հասարակությունն ի՞նչ կապ ունի իմ անձնական կյանքի հետ: Ի՞նչ կապ ունի հասարակությունն իմ անձնական կյանքի հետ: Իմ անձնական կյանքը սահմանադրությամբ անձեռնմխելի ա:

– Հասկանալի է, սրբազան, այնուամենայնիվ, ճի՞շտ է, որ Ձեզ «Bentley» են նվիրել:

– Իմ սանիկներից մեկը իմ «Մերսեդեսը» վերցրել ա, եւ տեղը «Bentley» ա տվել: Էդ ինքն ուզեց, ես իրան տվեցի, ինքն էլ դրա տեղը դա տվեց, ի՞նչ կա դրա մեջ:

– Իսկ ո՞ր դասի է մեքենան:

– Աղջիկ ջան, ես սերվիսի աշխատող չեմ: Ճիշտն ասած, ես մեքենայից լավ չեմ հասկանում:

– Իսկ ճի՞շտ է, որ «Bentley»-ի համարանիշը նվիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

– Ոչ: Համարանիշը «Մերսեդեսիս» վրա էր:

– Մի հարց էլ, սրբազան:

– Քո ինչի՞ն ա պետք: Ես ի՞նչ գույնի շոր եմ հագնում, ինչ եմ անում:

– Բայց Դուք բարձրաստիճան հոգեւորական եք, հասարակության ուշադրության կենտրոնում եք:

– Ի՞նչ կապ ունի հասարակությունը: Ի՞նչ կապ ունի հասարակությունն իմ անձնական կյանքի հետ:

– Ի դեպ, Դո՞ւք եք վարում մեքենան:

– Ոչ, ես չեմ վարել ու չեմ վարելու:

– Մի հարց էլ՝ մեքենան Ձե՞րն է, թե՞ եկեղեցուն է անցնելու:

– Ով որ նվեր ա տալիս, իրա նվերը տալիս են այնպես, ինչպես ուզում են ձեւակերպել:

– Եվ դա ինչպե՞ս է ձեւակերպվել:

– Դա քո ի՛նչ գործն ա, քո ի՛նչ գործն ա՝ իմ անձնական կյանքի մեջ ես մտնում:

Հ.Գ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը երեկ խոստացավ այսօր պատասխանել մեր հարցին` թե արդյոք Գ. Ծառուկյա՞նն է նվիրել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ավտոմեքենայի պետհամարանիշը: