Մարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ի ներկայացրած պահանջագիրը զգալիորեն խոսում է Կոնգրեսի մարտավարության փոփոխության մասին: Երեկ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հարցին, թե պահանջագիրը վկայում է ՀԱԿ-ի դիրքորոշման կոշտացմա՞ն, թե՞ մեղմացման մասին, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Եթե Կոնգրեսը 15 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացնում եւ ասում, որ դրանց զգալի մասի լուծման դեպքում իրենք պատրաստ են երկխոսել, դա կարելի է ընկալել որպես մեղմացում»: Միաժամանակ, ըստ նրա` նույն պահանջագրում ներկայացված հրաժարականների մի ամբողջ շարքը, ինչպես նաեւ՝ արտահերթ ընտրությունների մասին բանակցելու կետի ամրագրումը «մի տեսակ փակուղային իրավիճակ են ստեղծում»: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ ասել է. «Ընդդիմությունն իր զինանոցում միշտ էլ ունենում է արդարացի պահանջներ, բայց չպետք է դրանք ուլտիմատումի ձեւով ներկայացնել»: Նրա խոսքով` իշխանությունը պետք է լուծի հասարակությանը մտահոգող խնդիրները, որոնք արտահայտվում են ընդդիմության շուրթերով` անկախ նրանից, թե որ ընդդիմադիր ուժն է այդ մասին բարձրաձայնում: