ԵՄ-ն չի փոխի իր քաղաքականությունը

10/03/2011

«Մեդիամաքսի» փոխանցմամբ` Եվրոպական Միությունը դեռեւս որոշում չի կայացրել Հարավային Կովկասում, Մոլդովայում եւ Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում իր հատուկ ներկայացուցիչների մանդատները երկարացնելու մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, մասնավորապես, ավարտվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի լիազորությունների գործողության ժամկետը, եւ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին թողել է այդ պաշտոնը: Պատասխանելով նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու, կամ աշխատանքն այլ կերպով կազմակերպելու վերաբերյալ ԵՄ ծրագրերի մասին հարցին` ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոչիյանչիչը (Maja Kocijancic) «Մեդիամաքսի» հետ զրույցում ասել է. «ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը բանակցում է ԵՄ անդամ երկրների հետ այդ տարածաշրջաններում աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ` հաշվի առնելով Լիսաբոնի պայմանագիրը, Արտաքին գործերի եվրոպական ծառայության (EEAS) կազմակերպումը եւ իրավիճակը տեղերում` ներառյալ ԵՄ Պատվիրակությունների նոր դերակատարումը: Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որպեսզի ԵՄ արտաքին քաղաքականությունը լինի ավելի ուժեղ եւ ակտիվ ամենուրեք: Ձեր բարձրացրած խնդիրը կրում է բացառապես կազմակերպչական բնույթ, քաղաքականության մեջ փոփոխություն չի լինելու: Մենք նաեւ չենք կարող համեմատել տարածաշրջաններում տիրող իրավիճակը. ԵՄ դերը կարող է փոխվել, սակայն հավակնությունները` ոչ»: