«Որպես մարտի 8-ի նվեր՝ կուզեի 13.000 դրամ նպաստս վերականգնեին»,- ասում է նպաստից զրկված միայնակ թոշակառուն

10/03/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վարդագույն շրթներկով, մազերը կոկիկ հարդարած ու պարանոցին սպիտակ մարգարտե վզնոցով 75-ամյա տիկին Ասյա Իվանյանն ամեն տարվա մարտի 8-ին հագած-կապած սպասում է իր տոնին: Ամեն տարի մարտի 8-ը թակում է բազմաթիվ կանանց դռները, իսկ «արհամարհված» տիկին Ասյան տոնական հագուկապը դեն շպրտելով` հիասթափությամբ մտնում է անկողին: «Տոնդ շնորհավոր, Ասյա տյոտյա»,- ասում եմ` թակելով միայնակ թոշակառուի դուռը: Երջանկությունից փայլող աչքերով, շփոթված ու կարկամած տիկին Ասյան ինձ տեղավորելով բազմոցի հանդիսավոր հատվածում՝ 75 տարվա ծերությունն առած՝ ինձ համար սուրճի սեղան է պատրաստում: «Վայ, ես քո ցավը տանեմ, ես քո կյանքին մեռնեմ, աղջիկս: Դու էս ո՞նց ինձ ուրախացրեցիր, էս ի՞նչ կարեւոր բան արեցիր: Սպասի` ես քո համար իմ ձեռքով պիտի սուրճ դնեմ: Նստենք սրճենք ու մեր տոնը նշենք»,- ասում է տիկին Ասյան ու ոգեւորությունից տարիքի զգացողությունը կորցրած, «թոչկոտելով», խոհանոցից վազում է հյուրասենյակ: Իր ձեռքերով պատրաստած սուրճի մրուրից ենթագիտակցորեն քարտեզ գծող ծեր կինն ամեն անգամ կանանց տոնին հիշում է իր անցյալն ու դառնանում: Տխրում ու սպասում է այն օրվան, երբ Կանանց ու մայրության այդ տոնին ինքը մի քիչ երջանիկ կին ու մի քիչ էլ երջանիկ մայր կզգա իրեն: «Էլ չեմ հավատում, թե լավ ա լինելու»,- տխրությամբ ասում է տիկին Ասյան` հասկանալով, որ քիչ ժամանակ է մնացել որեւէ բան փոխելու համար: Հարցնում եմ` «Տիկին Ասյա, իսկ ի՞նչ նվեր կուզեիք»: Նորահարսի պես ամաչելով` պատասխանում է. «Գիտե՞ս ինչ կուզեի… Նույնիսկ երազանքի պես բան ա սա: Կուզեի, որ մեր պաշտոնով մարդիկ նպաստս վերականգնեին, ու ես կարողանայի ապրել: Կուզեի, որ ինձ ապրելու հնարավորություն տան, իսկ էդ հնարավորությունը նպաստն ա, ընդամենը 13.000 դրամ նպաստը: Հասկանո՞ւմ ես, հիմա իմ դրությունն էնպիսին ա, որ ես ապրելու միջոց չունեմ, իսկ նպաստն իսկական նվեր կլիներ, ապրելու փրկություն»: Ասյա Իվանյանի անկեղծությունն ապտակի պես ինձ դաղում է: 75-ամյա կինը, որպես Մարտի 8-ի նվեր՝ խնդրում է վերականգնել աղքատության իրեն հասանելիք՝ 13.000 դրամ նպաստը: Մարտի 8-յան նվերին սպասելիս` ես էլ երազում եմ, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ինձ նվեր անի. իմ փոխարեն Ասյա Իվանյանի դիմաց նստած ականջալուր լինի ծեր կնոջ պատմություններին, ականատեսը լինի նրա կենսակերպի, սեփական մաշկի վրա զգա ողջ ձմեռ չտաքացվող բնակարանի սաստիկ ցուրտն ու զգա ապրել կարողանալու համար աղքատության նպաստ խնդրող տարիքն առած կնոջ խոսքերի ծանրությունը: «Ո՞նց կարող եմ ջեռուցել բնակարանը, եթե անգամ լույսի գումարը չեմ կարողանում մարել: Ձմեռն էսպես եմ անցկացրել` առանց տաքացնելու: 28.000 դրամ թոշակ եմ ստանում: Ամսվա մեջ հազիվ կարողանում եմ հաց գնել, հատիկով սոխ, հատիկով կարտոֆիլ, մակարոն: Պատահում ա, որ մի հատիկ հավի բուդ եմ առնում, որ ամսվա մեջ մի անգամ գոնե մսի համ զգամ»,- ժպտալով պատմում է տիկին Ասյան, ով երկար տարիներ աշխատել է ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների գործարանում, եւ, լինելով առաջավոր բանվոր, մշտապես շրջագայել, պատվոգրերի, շնորհակալագրերի է արժանացել: Ասում է` «Իմ աշխատանքը համարվում էր «ասոբի վրեդնի» աշխատանք: Հիմա ինձ ասում են` թուղթ բեր, որ դու թունավոր աշխատանք ես կատարել, բայց որտեղի՞ց բերեմ, եթե գործարանը անկախությունից հետո ոչնչացել ա»: Նախկինում մեր պետությունը տիկին Ասյային եռամսյակը մեկ անգամ 13.000 դրամ աղքատության նպաստ էր հատկացնում, իսկ ներկայումս դրանից զրկել է այն պատճառով, որ նպաստառուի բալերը չեն բավականացնում: Բալերը չեն հերիքում, որովհետեւ ըստ տիկին Ասյայի` Շենգավիթ համայնքի, Եղբայրության 85/3ա, իրեն պատկանող 11 բնակարանը կտակել է միակ աղջկան` Սուսաննային: «Մի աղջիկ ունեմ, որն ինձնից վատ վիճակում ա: Ամուսինը պատերազմից վիրավորված, ասկոլկեքը մարմնի մեջ, անտուն, երեխա ունեն, անաշխատանք: Իրենք ընդհանրապես չեն կարողանում իրենց գոյությունը պահպանել: Աղջիկս իր ընտանիքը չի կարողանում պահել, էլ ուր մնաց՝ ինձ օգնի: Հիմա ինձ ասում են` խնամակալ ունես, թող աղջիկդ պահի: Ախր գիտե՞ք, էնքան էլ աննրբանկատ են, էնպես կարող են վիրավորել, ստորացնել: Մի օր հինգշաբթի օրը, թաղապետարանում ընդունելությունը Մինասյանն էր անում: Ասեց` կտակդ քանդի, որ նպաստ տանք: Ես էլ ասեցի` տեղեկանք կբերեմ, որ աղջիկս ինձ չի կարողանում օգնել, որ հրաժարվում եմ խնամակալությունից. ինձ ասեց` դու ի՞նչ մայր ես, որ աղջիկդ քեզ տիրություն չի անում, որ հրաժարվում ես աղջկանիցդ: Բա կարելի՞ ա էդպես նեղացնել, մեծ ենք, ախր: Մի երկու ամիս առաջ գնացել եմ թաղապետարան, ղեկավարին խնդրում եմ, որ նպաստս վերականգնեն, ասում ա` քեզ ո՞վ էր ասում՝ տունդ աղջկադ կտակեիր, թողեիր համայնքին, մենք էլ քեզ տիրություն կանեինք: Փաստորեն, ես ոչինչ եմ, եթե ինձնից օգուտ չունեն»: Ասյա Իվանյանը մշտապես լսելով տարբեր պետական պաշտոնյաների իրավունքների համար պայքարելու կոչերը` որոշել է դիմումներ գրել տարբեր կառույցներին ու գերատեսչություններին` խնդրելով վերականգնել կենսական անհրաժեշտություն համարվող աղքատության նպաստը: Զանգահարել է Շենգավիթ համայնքի ընտանեկան նպաստի գրասենյակ. «Խնդրեցի, որ պետի անուն-ազգանունն ասեն, որ իրեն ուղղված դիմում գրեմ: Ասել են՝ Կռունկյան, բայց ես ճիշտ չեմ լսել: Դիմում եմ գրել Կոռնիկյան ազգանունով: Գնացել եմ, ինձ ծաղրում են, ասում են` դիտմամբ իբր էն վատ բառից եմ գրել: Բացատրում եմ, ասում եմ` ախր մեծ կին եմ, սխալ եմ լսել, ի՞նչ անենք, հո դիտմամբ սխալ չե՞մ գրել: Էս ի՞նչ երկիր, ի՞նչ մարդիկ դարձանք, ամեն րոպե երեսիդ դուռ են շրխկացնում, ոչ հարգանք կա, ոչ մեծի հետ շփվելու կուլտուրա: Կռունկյանն ասում ա` քանի ես աշխատում եմ` դու նպաստ չես ստանալու: Ստիպված փորձեցի դատարանով իրավունքս վերականգնեմ, դրանից հետո էլ ինձ սկսեցին ասել` կլյաուզնիկ: Հետո էլ ասում են` ձեր իրավունքի տերը եղեք»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննել է Ասյա Իվանյանի հայցն՝ ընդդեմ ՀՀ եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` ընտանեկան նպաստը վերականգնելու պահանջի մասին: «Հայցվորը դատարանին հայտնել է, որ ինքը 71-ամյա միայնակ թոշակառու է, ստանում է 9000 դրամ թոշակ (նախկինում կենսաթոշակը եղել է 9000 դրամ), որեւիցե տեղ չի աշխատում եւ որեւիցե եկամուտ չունի, գտնվում է անապահով վիճակում: Մինչեւ 2001թ. ստացել է ընտանեկան նպաստ, սակայն այն դադարեցվել է, այն պատճառաբանությամբ, որ ինքը աղջիկ ունի եւ միայնակ չէ, սակայն իր աղջիկը ամուսնացած է եւ նույնպես գտնվում է անապահով վիճակում եւ իրեն օգնել չի կարող»: Որքան էլ տարօրինակ է, բայց դատարանը վճիռ է արձակել ընդամենը հղում անելով ՀՀ Կառավարության մի որոշում, ըստ որի` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ընտանեկան նպաստ նշանակող մարմին չէ: Տիկին Ասյան բազմաթիվ դիմում-նամակներ է ներկայացնում ուղղված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին եւ ներկա նախարարներին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, մարդու իրավունքների պաշտպանին, որոնց պատասխանները նույնքան ոչինչ չասող են, որքան դատարանի վճիռն է: Ասյա Իվանյանը 15 տարեկանից աշխատել է: Ասում է` որբ է եղել ու ծանր մանկություն է ունեցել: Հայրը պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ մայրը ծննդաբերության ժամանակ մահացել է: Սկզբում տատն է խնամել, տատի մահից հետո՝ հորեղբայրը. «Էնպես ստացվեց, որ ես Քաջարանում աշխատանք գտա: Մի կին կար, գիտեր որբ եմ: Որոշել էր մեկի հետ ամուսնացնել: Էդ մարդն եկավ ու… Որբ երեխան շատ անպաշտպան ա, ով հաց ա տալիս, նա էլ որոշում ա ճակատագիրդ: Փախցրեց: Չէի ուզում, մտել էի կռավաթի տակ: Մի գիշեր պայքարեցի, մատներս լրիվ կտրտել էր, հետո էլ արյունլվա անելով՝ տիրացավ: Հղիացա… Էդ մարդը թողեց, եկավ Էջմիածին: Նամակներ էր ուղարկում իրա քրոջը, որն ինձնից թաքցնում էին: Մի օր կարդացի, պարզվեց` 2-3 կին ա ունեցել, երեխեք: Ամոթախեղդ լինելով՝ որոշեցի գամ իրա մոտ, որ երեխես անհեր չմեծանա: Գնացք նստեցի-եկա, հասա Էջմիածին: Ինձ չթողեց իջնեմ, հրեց ներս: Գնացքը շարժվեց, ինձ գցեցի ու ջարդուխուրդ եղա: Մի խոսքով` դաժան ու անմարդկային կյանքով ապրեցի, երեխա մեծացրի: Գործարանում աշխատելիս, որպես առաջավոր բանվոր՝ տուն տվեցին, ու սկսեցի ինքնուրույն ապրել: Էս տունը ես կյանքի գնով եմ վաստակել, եկա` քարուքանդ եղած, վեշերս բերող չկար, տարիների ընթացքում կամաց-կամաց կարգի բերեցի, բայց հիմա թաղապետն ասում ա` թող համայնքին, որ քեզ պահենք: Հասկանո՞ւմ ես, ես շատ ծանր կյանք եմ ունեցել ու հիմա ո՞նց կարող եմ միակ ունեցածս` բնակարանս, աղջկաս չկտակել: Թողնեմ, որ նույն ճանապարհով ինքն էլ անցնի՞, տեղից չի կարողանում գոյությունը պաշտպանել»: Ես ու տիկին Ասյան մինչեւ մութն ընկնելը վերհիշում ենք նրա անցյալն ու դառնանում ենք: Հետո, երբ հիշում ենք, որ մարտի 8-ն է` փորձում ենք մի քիչ էլ ապագայից խոսել, բայց պապանձվում ենք: Ասում է` «Ինձ համար տոնն ու ուրախությունն էն կլինի, որ օգնես նպաստս վերականգնեմ: Գիտե՞ս, մի տեսակ հույս արթնացավ մեջս: Հույսն ամենամեծ նվերն ա: Անհույս ապրելը չապրելու նման բան ա»,- ասում է նա: