Բրիտանական կինոծրագիրը

10/03/2011

Մարտի 9-12-ը Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ, արդեն 9-րդ անգամ, բրիտանական ֆիլմերի փառատոն կանցկացվի: Ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնում մեկական ֆիլմ կցուցադրվի անվճար (դիտումներից մեկը հայերեն ենթագրեր կունենա): Ծրագրում ընդգրկված են կատակերգությունները, հոգեբանական թրիլերները, վավերագրական ֆիլմերը, որոնց առանցքում ընտանեկան ու հասարակական հարաբերություններն են: Բոլոր ֆիլմերը նկարահանվել են անցյալ տարի: Մեծ Բրիտանիայի արտադրության ֆիլմերը ամբողջացված են «Կինոն եւ հասարակությունը» խորագրի ներքո եւ նպատակ ունեն հայ հանդիսատեսին ներկայացնել այն հասարակական խնդիրները, որոնք նկատվում ու ընկալելի են դառնում կինոյի միջոցով ու վերաթարմացնում են մեր պատկերացումները ժամանակակից բրիտանացիների մասին: Ավելի ուշ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Հայաստանի այլ քաղաքներում` Վանաձորում եւ Կապանում: Իսկ հասարակայնության հետ կապերի մասնագետ, հեռուստատեսային ոլորտում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Սառա Ռոսը վարպետության դաս կվարի Երեւանի Թատրոնի եւ կինոյի ակադեմիայի ուսանողների համար: Քննարկման հիմնական առանցքը ԶԼՄ-ների ու կինոյի ազդեցությունն է հասարակության վրա: Բրիտանական կինոմոդելի օրինակով փորձ կարվի հետազոտել հեռուստատեսության, կինոյի, հ/կ-ների, տարբեր հիմնադրամների ու ԶԼՄ-ների հրատապ արձագանքման մեխանիզմներն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։