Կարմիր խնձորներ՝ Օ’Հենրիի հիշատակին

10/03/2011

Զարմանալի, զարմանալի, զարմանալի կին արարած:

Հենց միայն քո գոյությունը, առաջին իսկ օրվանից, անկանխատեսելի հետեւանքներով է հղի: Դու` ակամա, ամենաանհավանական իրադարձություններն են պտտվում քո շուրջ: Առանց որ ուզես` եռում են կրքեր: Դու` լրիվ անտեղյակ, փոթորիկների կենտրոնում կանգնած, անփույթ շարժումով խառնում ես իրար գերհզոր ուժեր: Խոպոպն ուղղելու հպանցիկ մի ժեստ, եւ խենթանում են բոլոր ժամանակների գերզգայուն երազողներն ու նյարդային պոետները: Իրենց պայծառ գլուխներն են կորցնում հպարտ հերոսները եւ իմաստուն թագակիր անձինք: Երկրիս ազգերն ու ժողովուրդները, եւ նույնիսկ շատերը` Երկնքի բանակներից, ելնում են իրար դեմ, դաժան, անխնա ջարդում են իրար, մինչ դու ձեռքիդ փոքրիկ հայելում կողքանց ջանում ես տեսնել ճերմակ պարանոցիդ սեւուլիկ խալը:

Փոխվում են ժամանակները: Կավե տախտակի փոխարեն՝ պոետը տառապում է համակարգչի առջեւ, փոխվում են զենքերը, փոխվում են հայելիները, եւ միայն կնոջ անօրինակ ուժի հայացքն այդ հայելում` մնում է անփոփոխ, իր աներեւակայելի հետեւանքներով:

Ահա մի պատմություն Երկարոտն Մարիի եւ Երկնքի Զորությունների մասին, որ նույն հաջողությամբ Հիասքանչ Հեղինեինը կարող էր լինել: Իհարկե, Երկարոտն Մարին էլ կարող էր լինել Մարի Հիասքանչ կամ Ճերմակաձեռք, գուցե` Ոսկեծամ, նույնիսկ` Իմաստուն, եթե ուրիշ ժամանակ եւ ուրիշ տեղում ծնված լիներ: Կամ թե՝ ունենար Ոսկեծամին համապատասխան իմիջմեյքեր եւ Իմաստունին հարիր` փիար մասնագետ: Բայց քանի որ այստեղ է ծնվել ու հիմա, եւ իր համեստ անձի անթիվ կարիքները ինքնուրույն է հոգում, Երկարոտն Մարին է` բոլորովին տարբեր, մնացած ամեն ինչն էլ է տարբեր, միայն Երկնքի Զորություններն են նույնը: Եվ ի՞նչ խնդիր կարող էր առաջացնել մեր հեզ գեղեցկուհին Դիոնիսոս Աթենացու վկայած Սրբալույս Հրեշտակաց Վեհաշուք Երկրորդ Դասի ներկայացուցիչների համար: Այդուհանդերձ, հավաստի են տեղեկությունները, որ Զորություններն այդ խնդիրներն ունեցել են:

Ինչեւէ: Բուն պատմությունը հնչում է այսպես:

Այդ առավոտ Մարին, ինչպես միշտ, արթնանում է հիմնականում լավ տրամադրությամբ եւ դեռ անկողնում, իր բազմազբաղ օրվա ծրագրերն է մտմտում: Նրա փոքրիկ, կանոնավոր գլխում ակվարիումի գույնզգույն ձկնիկների վտառներով մտքեր են լողում, շրջադարձերի ժամանակ երբեմն փայլեցնելով իրենց թեփուկները: Հիմնականում լավ տրամադրությունը պայմանավորված է քնի վերջից եկող քաղցր ճմլկոտանքով, երկար մազերի ծայրերը ճյուղավորված չլինելու հանգամանքի գիտակցումով եւ Մարիի անբեկանելի լավատեսությամբ:

«Ես, իհարկե, գեղեցիկ եմ»,- մտածում է Մարին: «Ինչ լավ, արեւոտ օր է»,- թպրտում է մի ուրիշ գունավոր ձկնիկ: «Պետք է ինչ-որ բան անել»,- գործնական եռանդով բեղիկներն է շարժում ակվարիումի խեցգետնիկը:

Մարին հանում է իր երկար ոտքերը վերմակի տակից եւ, դեպի ննջարանի երկինքները մեկնած, փորձում է հասկանալ, թե Արարչի այդ անթերի հնգամատիկ ստեղծագործություններից որն է ավելի հանճարեղ` ա՞ջը, թե՞ ձախը: Եվ քանի որ ջանքերն ապարդյուն են` երկու ոտքերը սքանչելի են հավասարապես, իսկ Մարին լուրջ օրիորդ է` անիմաստ կորցնելու ժամանակ չունի, քառասուն րոպե չանցած` վեր է կենում:

Մենք բաց կթողնենք մեր գեղեցկուհու առավոտվա զարդարանքի գայթակղիչ նկարագրությունը: Այլապես` մեր շարադրանքը վտանգ ունի վերածվելու պատանեկան արբունքի ժամանակվա անրջանքի: Եվ քանի որ մեզ հետաքրքրում է պատմության զուտ իմացաբանական բաղկացուցիչը, իսկապես, չենք նկարագրի, թե ինչպես է Մարին, լոգանքից հետո, իր ժանեկավոր, ծաղկաթերթե ներքնազգեստը նրբին հպումներով հարմարեցնում մարմնին: (Բուն լոգանքի մասին` չենք էլ մտածելու): Ոչ էլ կպատմենք, թե ինչպես են նրա մարմարիոնե մատները սահում եթերահյուս գուլպաներում ամփոփված չքնաղ սրունքներին: Մենք ցույց չենք տալու անգամ այնպիսի անմեղ մի բան, ինչպիսին նրա «Կյանքի թարմություն» օծանելիքի զգլխիչ բուրմունքի անորսալի բաբախն է` պարանոցի զարկերակին:

Մարիին կտեսնենք` արդեն փոքրիկ, կարմիր շրջազգեստը հագին, բարձրակրունկներով ասֆալտը կտկտացնելիս, երբ նա իր գլխի ակվարիումից որսած երեք գունավոր ձկնամտքիկ` ափին, գարնանային քաղաքի միջով գնում է եկեղեցի: Մարին գնում է, ա` շնորհակալություն հայտնելու Արարիչ Հորը, բ` համբուրելու երիտասարդ Փրկիչ Որդուն, եւ գ` օրհնություն ստանալու Կենարար Սուրբ Հոգուց:

Եկեղեցու բակում պայծառ միջօրե է: Ցայտաղբյուրից ջուր է խմում կոկիկ հագնված տարեց մուրացկանը: Երջանիկ ազգականների կազմակերպված խումբը պատրաստվում է մասնակցել մոր գրկում ղունղունող ժպտերես մանկիկի մկրտությանը: Եկեղեցու գմբեթին, խաչին հենված, գարնան արեւի տակ խաղաղ նիրհում է հերթապահ հրեշտակը:

Ոչ մեկը գիտի, որ խաղաղությունն արդեն վտանգված է:

Մարիի բարձրակրունկների կտկտոցը գարնանային քաղաքի ասֆալտին, դեռ երկու խաչմերուկ այնկողմ, գրավել է հերթական անհաջող գիշերվանից նյարդայնացած Գայթակղիչի ուշադրությունը: Նրա համար հիմա վատ ժամանակներ են: Չնայած, որ գարուն է, եւ թվում է` մարդիկ, առանձնահատուկ տրամադրության մեջ, թուլացած պիտի լինեն գայթակղությունների առջեւ, գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Այս էլ քանի գիշեր, մարմնական հաճույքների ոլորտում մասնագիտացած մեր Գայթակղիչը, ամենայն բծախնդրությամբ, իրեն վստահված թաղամասի վրա հյուսում է գայթակղության աննկատ սարդոստայնը: Հյուսվածքի կենտրոնում, լուսնի լույսի տակ չորեքթաթ արած, նա իր սեւ սրտի սեւ սրտխփոցով հետեւում է բարակ թելիկների ամեն թրթիռին: Ոստայնի մեջ ընկնողին մի ահավոր ճակատագիր է սպասում: Գայթակղիչն աննկատ, սարդի թեթեւությամբ հասնելու է նրան, ցատկելու է թիկունքին եւ տարաբախտի օրգանիզմի մեջ մարմնական հաճույքների քաղցր ու մահաբեր թույնն է սրսկելու:

Սակայն… անհեթեթ կատուների մի խումբ, որ ասես բնադրել է այդ թաղամասում, միշտ առաջինն է ընկնում սարդոստայնը: Շենքերի կտուրներին, զույգերի բաժանված, իրենց սոսկալի ճղավոցներով կատուները խճճում, ճղճղատում ու գունդուկծիկ են անում գայթակղության նրբահյուս ոստայնը: Դրանով, այլեւս, միայն ուշաթափության աստիճանի հարբած դժբախտների կարելի է որսալ: Անիմաստ մի բան, որովհետեւ հարբեցողը, ակամա անմեղությամբ, բարձր խռռացնելու է` մարմնական հաճույքները նույնիսկ չսկսած:

Լուսնի լույսի տակ, գիշերային կտուրներով, ճղավող կատուներին հետապնդելուց հոգնած մեր Գայթակղիչը, ճարահատյալ, նույնիսկ դիմել է քաղաքապետարանի` թափառող կենդանիներով զբաղվող ստորաբաժանմանը: Եվ, չնայած, որ այնտեղ աշխատում են իր կոլեգաները` կրտսեր սատանաներից, բյուրոկրատական կարծրասրտությամբ մերժել են օգնել: Քաղաքապետարանի` թափառող կենդանիներով զբաղվող ստորաբաժանումը գործ ունի միայն անտուն շների հետ: Կատուներով չեն զբաղվում:

Այսպես, ահա, աշխարհի անկատարության մասին մտածումներով գլուխը ծանրացրած, հոգնած, նյարդային, մեր Գայթակղիչը հանկարծ լսում է Երկարոտն Մարիի բարձրակրունկների ինքնագոհ կտկտոցը: Օ՜, Բեհեզեբուղ, ի՜նչ հաջողություն: Ինքը` Մարին, ճիշտ է, անխոցելի պաշտպանված է` իր ափին խայտացող երեք ձկնիկներով, բայց եկեղեցու բակը մտնող նրա փոքրիկ կարմիր շրջազգեստն ուղղակի տրոյական ձի է` ոչինչ չկասկածող, խաղաղ հավատացյալների համար:

Գմբեթին նիրհող հերթապահ հրեշտակը բացում է մի աչքը, հավանություն է տալիս Մարիի ափին խայտացող ձկնամտքիկներին, ապա` գոհունակությամբ զննում է նրա անուշիկ կերպարանքը, հետո` հիանում է կարմիր շրջազգեստով… ՍՏՈՊ: Կարմիր շրջազգեստը կարծես շատ է պստլիկ: Խղճի հանգստության համար հրեշտակը քննում է Մարիի գլխի ակվարիումի պարունակությունը: Կարծես վտանգ չկա: Ամեն ինչ, կարծես, լավ է: «Այնուամենայնիվ, շրջազգեստը շա՞տ է պստլիկ»,- մտածում է հրեշտակը՝ նորից ընդարմանալով: «Գուցե այստեղի՞ց է պստլիկ երեւում: Կարեւորը` գռեհիկ չէ: Շատ է սազում»,- քաղցր նիրհի մեջ մտածում է նա:

Այդ միջոցին Գայթակղիչը, ծպտված, որպես կարմիր շրջազգեստի ստվեր, ասֆալտին սահելով մտնում է եկեղեցու բակ: Նրա առաջին զոհը ցայտաղբյուրից ջուր խմող, կոկիկ հագնված, տարեց մուրացկանն է: Ծերուկը, շանթահար, ուղղվում է տեղում, ապա նրա գլխից մոխրագույն մշուշը դանդաղ ծորում է գարնանային պայծառ օրվա զրնգուն օդի մեջ: «Էդ ո՞ւմ հենց հիմա ծերուկ անվանեցիր,- շրջվում է նա ինձ,- ես քեզանից ավելի թարմ տղամարդ եմ,- բռունցքները սեղմած գալիս է առաջ,- Էդ մշուշ ասածն էլ` քո գլխի մեջ է, որ կոտրեմ՝ կծորա»:

Եվ նրա միջից ելնող դեւերին սանձահարելու` եկեղեցու գմբեթից սուրում է, ահա, Զվարթուն հրեշտակը: Բայց պրոբլեմը խորացել է արդեն: Մարին անցել է մկրտության հրավիրվածների կազմակերպված խմբի մոտով, եւ ազգականների գլուխներում հիմա պայթում են երեւակայության հրավառությունների համազարկեր: Զվարթունն օգնության է կանչում Զորություններին: Մյուս կողմից արշավում է սեւ Լեգեոնը: Երկարոտն Մարին, բանից անտեղյակ, բայց շատ հարգալից, չկտկտացնելու համար` իր բարձրակրունկների քթիկներին քայլելով, մտնում է եկեղեցի: Եկեղեցում, մկրտության ավազանի մոտ, կանգնած են երեք հոգեւորական հայրեր: Օ՜ Գաբրիել, Օ՜ Միքայել, հնչում են կոչերը, կռիվը արդեն հոգեւորականների հոգու համար է: Լուսաբերն ինքն է պատերազմում այն կողմում:

Մարին, անտեղյակ, ծնկի է գալիս թեժ գոտեմարտի էպիկենտրոնում: Մարին չի լսում Զորությունների շաչող սրերն ու Լեգեոնի աղեկտուր ոռնոցը: Ամենատես Աչքի գորովալից հայացքի ներքո` նա շնորհակալություն է հայտնում Արարիչ Հորը: Համբուրում է երիտասարդ Փրկիչ Որդուն: Օրհնություն է խնդրում Կենարար Սուրբ Հոգուց: Ամենատեսը օրհնում է նրան՝ «այս կարմիր շրջազգեստս գուցե այնուամենայնիվ շա՞տ է պստլիկ» փոքրիկ կասկածը զգուշորեն տեղադրելով Երկարոտն Մարիի կանոնավոր գլխում: Գլուխն առանձնապես չի արձագանքում, բայց Ամենատեսի հոգը չէ: Ամեն ինչ կարգին է: «Գնա, դստրիկս,- ասում է նա,- եւ վիտամիններ կեր: Իմ հրահանգով գարնանը նյութափոխանակությունը արագանում է»:

Մարին, կատարած պարտքի գիտակցությամբ, դուրս է գալիս եկեղեցուց: Մարին, օրհնված, առանց նկատելու՝ անցնում է ուժասպառ, բայց հաղթանակած հրեշտակների բանակի մոտով: Նրա ոտքերի տակ, իր համար աննկատ, թավալվում են դժոխքի արյունաքամ դեւերը: Մարին գնում է տուն: Ճանապարհին, մոտիկ խանութի ցուցափեղկում նա նկատում է չգիտես որտեղից բերված կարմիր խնձորներ: «Ճիշտ շորիկիս գույնի են»,- թպրտում է նրա գլխում մի ձկնիկ։ «Պետք է վիտամիններ ուտել. գարնանը նյութափոխանակությունը արագանում է»,- գործնական եռանդով բեղիկներն է շարժում մի խեցգետնիկ: Մարին մտնում է ներս եւ գնում է մեկ կիլոգրամ կարմիր խնձորներ` գրող ՕգՀենրիի հիշատակին:

Հիացե՛ք, մարդիկ: Զգո՛ն եղեք, Զորություններ: Սարսռա՛, Լեգեոն: Այդ նա՛ է գալիս: Այդ նրա՛ բարձրակրունկների կտկտոցն է հնչում: Այդ Երկարոտն Մարին է անցնում գարնանային քաղաքով՝ անփութորեն կծելով կյանքի կարմիր խնձորը:

Մհեր ԴԱՎՈՅԱՆ