Հաղորդավարուհի եւ երգչուհի Անի Ղամբարյանն (Ամիրյան) ու պարող դերասան Ստեփան Ղամբարյանը թեեւ վերջերս են վերադարձել Թաիլանդում անցկացրած իրենց մեղրամսից, սակայն արդեն իսկ կարոտում են այդ չքնաղ երկիրը:
«Թաիլանդն աղոթքների եւ ժպիտների երկիր է, որտեղ մարդիկ չափազանց բարեհամբույր են եւ հյուրընկալ: Երբ որեւէ մեկին հարցնում ես, թե որտե՞ղ է գտնվում այսինչ վայրը, նա իր պարտքն է համարում մինչեւ վերջ քեզ տեղ հասցնել: Եթե Եգիպտոսը, Իտալիան, ԱՄՆ-ը հետաքրքիր ճարտարապետական լուծումներով երկրներ են, ապա Թաիլանդը հրաշալի մարդկանց երկիր է: Այն մարդկային հարաբերությունները, որին ականատես եղանք Թաիլանդում, իրապես էկզոտիկա են մեր երկրի համար»,- ասաց Անին: Ի դեպ, դեպի Թաիլանդ ուղեւորության տոմսերը Անիի հորեղբայր Արմեն Ամիրյանի նվերն էր նորապսակներին: Հաղորդավարուհին մշտապես նշել է, որ ծանոթությունը Ստեփանի հետ՝ հրաշք էր, որին շատ երկար է սպասել: Այժմ Ստեփանն ու Անին սպասում են, թե երբ կիմանան իրենց համատեղ կյանքի ամենակարեւոր լուրը: «Ես զգում եմ, որ պատրաստ եմ մայրանալու: Դեռ լավ լուր չունենք, բայց Աստված տա, որ հնարավորինս շուտ երեխա ունենանք: Երեխան իրապես հրաշք է: Կարծում եմ՝ լավ մայր կլինեմ»,- ասում է Անին: