«Ես ու Սյուզին մարդ ու կնիկ չենք խաղում»,- ասում է ՀՏ Հայկոն

10/03/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՏ Հայկոյի «Facebook»-ի էջում հայտարարություն է տեղադրված, ըստ որի՝ ապրիլի 1-ին Փարիզում կկայանա ռեփերի մենահամերգը: Հայկոյի հետ զրույցում պարզվեց, որ այս լուրը կատակ չէ: ՀՏ Հայկոն, բացի ռեփ կարդալուց, վաղուց արդեն զբաղվում է նաեւ պրոդյուսերական գործունեությամբ: Դեռեւս «Հայ տղերք» խմբի գոյության ժամանակ նրա համար պարզ դարձավ, որ երբեք չպետք է խառնել աշխատանք եւ ընկերություն հասկացողությունները: Այդ իսկ պատճառով, իր իսկ հիմնած՝ «HT Production» ընկերություն դիմող ռեփերների հետ, աշխատում է միայն պայմանագրային հիմունքներով: «Մեկ տարի տեւողությամբ համագործակցության պայմանագրի փաթեթն արժե 4,5 միլիոն դրամ: Եթե հաշվի առնենք, թե որքան աշխատանք է տարվում այդ մեկ տարվա մեջ` մեծ գումար չէ»,- ասում է Հայկոն:

– Արտասահմանում ռեփերները բավական հարուստ մարդիկ են: Որքանո՞վ է եկամտաբեր ռեփեր լինելը մեր երկրում:

– Կստեմ, եթե ասեմ, որ աշխատանքս կայուն եկամուտ է բերում, քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կայուն ոչինչ չկա: Մեր երկիրը գտնվում է զարգացման փուլում եւ, կարծում եմ, սխալ է ամեն ինչ եւ միանգամից պահանջելը: Շատ երիտասարդներ հուսալքվում են երկրից, ղեկավարների անկանոն խաղերից եւ լքում են իրենց հայրենիքը: Անձամբ ճանաչում եմ երիտասարդների, ովքեր օտարության մեջ բավականին լուրջ հաջողությունների են հասել: Սակայն նրանք բոլորն էլ հասկանում են, որ օտար երկրում մշտապես օտարի կարգավիճակում են:

– Խոսենք այն հիասթափության մասին, որն ունենում են մտերիմ ընկերները, որոնք սկսում են չհասկանալ իրար` ընդհուպ մինչեւ փոխադարձ հայհոյանքները: Խոսքս քո եւ Միշոյի՝ ռեփի միջոցով իրար հայհոյելու մասին է:

– Հիասթափություն ես ունեցել եմ մինչեւ այդ բացահայտ հայհոյախառը վեճերը: Վաղուց էի հասկացել, որ մենք իրար հետ չենք կարող երկար աշխատել: Մենք տարբեր էինք թե սոցիալական կարգավիճակով, թե մտածելակերպով: Պարզապես եկավ մի շրջան, երբ սկսեցինք այլեւս չհասկանալ իրար:

– Սա այն դեպքերից էր, երբ փառքից մթագնո՞ւմ է ուղեղը: Թե՞ ի հայտ եկան լիդերության բարդույթներ:

– Սկզբնական շրջանում մենք երկուսս էլ գիտեինք, թե ուր ենք գնում: Ես միշտ նշել եմ, որ աշխատանքն ու ընկերությունը տարբեր հասկացողություններ են: Ցավոք, Միշոն մի քիչ ուշ հասկացավ այդ տարբերությունը: Երբ այդ երկու ոլորտը սկսում են խառնել իրար, տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ մեր դեպքում: Մենք այն աստիճան սկսեցինք իրար չհասկանալ, որ արդեն ռեփի միջոցով բացահայտ հայհոյեցինք իրար: Ես` Միշոյին, Միշոն` ինձ: Դրանից հետո միայն հանդիպեցինք: Շատ լուրջ խոսակցություն ունեցանք, սակայն այդ ամենից հետո այլեւս համագործակցության ցանկություն չկար եւ չկա մինչ օրս:

– Ձայնասկավառակներդ սովորաբար երկու տարբերակով ես թողարկում` հայհոյանքով եւ առանց այդ «ոսկե» բառերի: Շուտով հայր ես դառնալու, կցանկանայի՞ր, որ աղջիկդ լսեր, թե ինչպես է պապան երգում հայհոյելով:

– Ավելի լավ է ինձանից լսի, քան մեկ ուրիշից: Իմ երգերում ես հայհոյանքներ օգտագործում եմ միայն այն դեպքում, երբ չօգտագործելն անհնար է: Գիտեք, երբեմն լսում եմ, թե ինչպես է մի «քյարթու» տիպ փորձում գրագետ հայերենով խոսել` տպավորություն թողնելու համար, այդ ժամանակ սիրտս խառնում է: Դա ինձ համար հայհոյանքի պես է հնչում: Մարդ պետք է անկեղծ լինի:

Հավատացեք, երբ երեխային ասում ես՝ մատերդ մի մտցրու ռազետկայի (վարդակի) մեջ, թե չէ կչորանաս, նա ավելի մեծ հետաքրքրությամբ է դիմում այդ քայլին:

– Ի՞նչ ես առաջարկում` խնդրել նրան մատերը պարտադիր մտցնել վարդակի մեջ եւ լուռ հետեւել, թե ի՞նչ է նրա հետ կատարվում: Չէ՞ որ երեխան մաքուր էակ է, նա սպունգի պես կլանում է այն, ինչ տեսնում եւ լսում է:

– Պարզապես պետք է մարդուն վստահել եւ հավատալ, որ նա ինքնուրույն կանցնի կյանքի փորձությունները: Հատկապես տղան պետք է ճանաչի փողոցի կանոնները, պետք է զգա ազատության հաճույքն ու վտանգը: Նույնն էլ աղջիկը: Չնայած… Միգուցե հիմա մեծ-մեծ «փրթո՞ւմ» եմ: Երբ աղջիկս ծնվի` այդ ժամանակ ամեն ինչ հստակ կլինի: Բնականաբար, յուրաքանչյուր ծնող աշխատում է պահպանել իր երեխային վտանգից: Սակայն, որքան շուտ երեխան սովորի ինքնուրույն հաղթահարել վտանգները, այնքան ավելի վստահ կլինի ծնողն իր երեխայի ապագայի հարցում:

– Կնոջդ հետ ամուսնական մատանիներով փոխանակվել եք տանը: Ի՞նչ է քեզ համար ամուսնական կյանքը:

– Ցավոք, մեծամասնությունն, ամուսնություն ասելով, հասկանում է միայն հարսանյաց արարողություն: Ինձ համար ամուսնությունն իրար սիրող տղամարդու եւ կնոջ համատեղ կյանքն է: Իմ եւ կնոջս`Սյուզիի համար ԶԱԳՍ, հարսանիք, տաշի-տուշի ասվածը երկրորդական են: Ավանդական արարողություններից եւ ոչ մեկը մենք չենք կատարել: Փոխարենը՝ հրաշալի ժամանակ ենք անցկացրել` ճամփորդելով: Ապրիլին երեխա ենք ունենալու եւ, բնականաբար, փաստաթղթային խնդիրների հետ ենք առնչվելու, միայն այդ պատճառով ստիպված գնալու ենք ԶԱԳՍ: Մինչ կնոջս հետ մեր տուն տեղափոխվելը, մենք 2 տարի համատեղ կյանք ենք վարել: Իսկ ամուսնական մատանիներով փոխանակվել ենք` տեղափոխվելով իմ հայրական տուն: Ըստ իս` տղամարդն ու կինը նախքան ամուսնությունը, առավել եւս, մինչ երեխա ունենալը պետք է հասկանան` կարո՞ղ են արդյոք միասին ապրել:

– Նման ավանդապաշտ երկրում, ինչպիսին մերն է` երիտասարդները շատ հաճախ դառնում են այդ ավանդույթների գերին: Քիչ են այն զույգերը, ովքեր իրենց համատեղ կյանքը սկսում են նախքան օրինական ամուսնությունը: Աղջիկներից շատերի մտավախությունն առնչվում է հասարակության կարծիքի հետ` թե ի՞նչ կասի հասարակությունը, եթե հանկարծ տղամարդը լքի իրեն:

– Տղամարդը կարող է այդ նույն կնոջը լքել նաեւ հարսանիքից կամ ԶԱԳՍ-ից հետո: Փառք Աստծո, փոխվել են ժամանակները, եւ երբ զույգը զգում է, որ այլեւս չի կարող շարունակել համատեղ կյանքը, բաժանվում է եւ ստիպված չի ապրում:

– Դու եւ Սյուզին տարեկիցնե՞ր եք:

– Կինս տարիքով մեծ է ինձնից, եւ այդ փաստը գործում է միայն ի օգուտ մեր համատեղ կյանքի: Մեր ամուսնության հարցում շատ մեծ դեր է խաղում այն փաստը, որ մենք երբեք «մարդ ու կնիկ» չենք խաղացել: Մենք ընկերներ ենք եւ ասում ենք միմյանց մեր բացթողումների մասին: Եթե դժգոհություններ ունենք, նշանակում է՝ պետք է խոսել այդ մասին, հասկանալ իրար:

– Հայ տղամարդկանցից շատերի համար որդի ունենալն ասես պատվի հարց է: Անգամ ապագա ծնողներին, երեխայի սեռն իմանալիս, կատակով հարցնում են. «Տղա՞ է, թե՞ կարեւորն՝ առողջ լինի»: Ժամանակին դու նո՞ւյնպես վստահ էիր, որ տղա ես ունենալու:

– Ոչ միայն ես, այլեւ` կինս էր վստահ, որ տղա ենք ունենալու: Սակայն պարզվեց` աղջիկ է: Գիտեմ նաեւ, որ չնայած շատ տղամարդիկ երազում են որդու մասին, սակայն աղջկան այլ կերպ են սիրում: Կհասցնեմ դեռ տղա ունենալ: Անունը դեռ չենք որոշել: Ասում են` մինչեւ երեխայի դեմքին չնայես, անունը չես կարող որոշել: Եղբայրս աղջիկ ունի, սակայն մորս անունը դեռ «ազատ» է: Մայրս այն կանանցից չէ, ովքեր հիվանդագին են տանում, երբ թոռան անունն իրենց պատվին չեն կոչում: Նա, ինչպես եւ ես, կարծում է, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում իր անունը պետք է կրի: