Բանջարանոցի «տիրուհին»

10/03/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Brassica oleraceae. սպիտակագլուխ կաղամբ։ Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա բանջարանոցային 40-60 սմ բարձրությամբ բույս է։ Առաջացել է վայրի տերեւային կաղամբից, որը որպես մոլախոտ՝ աճում է Միջերկրական ծովի եւ Ատլանտյան օվկանոսի ափերին։ Այն նման չէ ներկայումս մշակվող կաղամբներից որեւէ մեկին։ Մարդիկ վաղ ժամանակներից ստեղծել եւ մշակել են կաղամբի բազմաթիվ՝ մոտ 150 տեսակներ։ Կաղամբը գրեթե միաժամանակ տարածվել է Հին Աշխարհի տարբեր մասերում։ Հին եգիպտական բժիշկները նշել են կաղամբի կարեւորությունը հատկապես երեխաների կմախքի կազմավորման համար։ Հայտնի թեորեմի հեղինակ Պյութագորասը գրել է. «Կաղամբը կարող է պահպանել առույգությունը եւ ուրախ տրամադրությունը»։

Հին հռոմեացիները կաղամբն անվանել են caputum, որը թարգմանաբար նշանակում է՝ գլուխ։ Նրանք կաղամբը օգտագործել են անքնության եւ գլխացավի բուժման համար։

Հնուց մշակվել է Այսրկովկասում։ 9-րդ դարից Սեւծովյան հունական գաղութների միջոցով կաղամբը սկսում են մշակել հարավային սլավոնները։ Հնում կաղամբի հետ բազմաթիվ սովորույթներ են կապված եղել։ Ավստրիայում հարսնացուն պսակադրությունից առաջ աղ էր ցանում կաղամբի թթվի վրա՝ ի նշան երջանիկ ամուսնության։ Որոշ սլավոնական ազգերի մոտ դեռատի աղջիկները զույգերով գնում էին բանջարանոց եւ փակ աչքերով մեկական կաղամբ էին արմատախիլ անում։ Եթե կաղամբի արմատը ուղիղ էր աճած եւ վրան շատ հող էր կպած, բացի այդ, համեղ էր, ապա ապագա ամուսինը գեղեցիկ, հարուստ եւ բարի կլիներ։ Որպես օրենք, գուշակությունը կատարվում էր սեպտեմբերի 18-ի գիշերը։

Կաղամբի հնագույն տեսակներից է իտալական փոքրիկ Սավոյա կոմսությունում մշակվող կաղամբը։ Ի տարբերություն սպիտակագլուխ կաղամբի, դրա տերեւները գանգրավոր էին, կաղամբագլխիկը՝ փխրուն, կոթունը՝ կարճ։ Այն հատկապես տարածված է Ֆրանսիայում եւ Գերմանիայում, ավելի դիմակայուն են ցրտին եւ երաշտին։ Կարմրագլուխ կաղամբի գույնը բնորոշվում է դրա մեջ պարունակվող անտոցիանով։ Քացախի ազդեցությամբ դառնահամ է, մորեգույն։ Այդ պատճառով հնում այն համարվում էր կախարդական։ Կաղամբի այս տեսակը սկսել են մշակել 16-րդ դարում Արեւմտյան Եվրոպայում։ Համարել են, որ այն ունի արյունաստեղծ հատկություն։ Սակայն կարմիր կաղամբը հայտնի է եղել Հին Հռոմում, դրա հյութով բուժել են թոքերի հիվանդությունները։

18-րդ դարի կեսերին Կարլ Լիննեյը գիտական անվանում է տվել «Բրյուսելյան կաղամբին», որը տարբերվում էր իր գագաթի զմրուխտե տերեւների փնջով, ցողունը համատարած կերպով պատված է ընկույզի չափ ունեցող գլխիկներով։ Հնագույն տեսակներից է մեզ լավ ծանոթ ծաղկակաղամբը, որը մշակվել է Ասորիքում (Սիրիա)։

Արեւելքի նշանավոր բժիշկ Ավիցենան խորհուրդ է տվել ծաղկակաղամբն օգտագործել ձմռանը։ Հարյուրամյակներ շարունակ արաբներն արտահանել են ծաղկակաղամբը։ Արաբ կենսաբան Բեյթարը մանրամասն նկարագրել է բույսը։ 12-րդ դարից բույսը մշակվել է Կիպրոսում եւ Իսպանիայում։ 16-րդ դարից ծաղկակաղամբը Կիպրոսից մուտք գործեց Արեւմտյան Եվրոպա, սակայն սերմերը բերվում էին Մերձավոր Արեւելքից։ 19-րդ դարում միայն Գերմանիայում մշակվեց սպիտակ գլխիկներով վաղահաս տեսակը, որը աճում է Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում։ Համեմատած այլ տեսակների հետ, ունի թաղանթի ավելի նուրբ կառուցվածք, հետեւաբար, դրա մեջ պարունակվող նյութերն ավելի հեշտ են յուրացվում։

– Ծնեբեկային կաղամբը (բրոկկոլի) ծաղկակաղամբի տեսակ է համարվում։ Հիմնական գլխիկը կտրելուց հետո, դրա տերեւածողերից աճում են ցողունավոր ընձյուղներ, որոնք նման են ծնեբեկին։ Այդ տեսակի հայրենիքը Իտալիան է։ Լայն կիրառում ունի Գերմանիայում եւ ԱՄՆ-ում։ Բրոկկոլին ավելի ցրտադիմացկուն է եւ նվազ պահանջկոտ աճեցման պայմանների հանդեպ, իսկ բերքատվությունը երկու անգամ ավելի է ծաղկակաղամբի համեմատությամբ։

– Բրոկկոլիի մեջ 1,5 անգամ ավելի շատ են սպիտակուցները, հանքային աղերը, ասկորբինաթթուն, ավելի շատ է կարոտինը, անհամեմատ ավելի նպաստավոր է օգտակար նյութերի համակցությունը։ Բրոկկոլին շատ օգտակար է ճառագայթային հիվանդությունների, աթերոսկլերոզի դեպքում, կանխում է վաղաժամ ծերացումը։

– Ցողունակաղամբը (կոլրաբի), գլխիկ չունի, ուտելի է դրա ցողունի ներքեւի հաստ գնդաձեւ մասը, համով նման է սպիտակագլուխ կաղամբի կոթունին, տարբերվում է հյութալիությամբ, քաղցր է։ Բույսը հայտնի է եղել հին հռոմեացիներին ցողունավոր շաղգամ (Caulorapa) անվան տակ։ Բույսը տարածված է Գերմանիայում, Չեխիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում. հարուստ է կալցիումով եւ շատ օգտակար է հատկապես երեխաներին։ Կոլրաբին վաղահաս է, ցրտադիմացկուն եւ հեշտ մշակվող։

– Պեկինյան կաղամբն արտաքնապես նման է մառոլին՝ երկարավուն է, տերեւների ծայրերը գանգրավոր են, բաց կանաչ։ Պարունակում է լիզին-ամինաթթու, որը լուծում է ոչ պիտանի սպիտակուցը, մաքրում արյունը, ամրացնում անոթները։

Կաղամբի բոլոր տեսակները պարունակում են C, P, B1, B2, B5, B6, E, D, PP, K, U, ֆոլիաթթու, քոլին, կվերցետին, ֆիտոնցիդներ։ Կալիումի պարունակությունը սպիտակագլուխ կաղամբում հավասար է 185 մգ-ի 100 գրամի մեջ, իսկ կոլրաբի եւ բրյուսելյան տեսակներում՝ 375 մգ։ Կաղամբը պարունակում է նաեւ կալցիում (48 մգ), ֆոսֆոր (31), մագնիում (16), պղինձ (0,1), մոլիբդեն (127 մկգ՝ կարմրագլուխ կաղամբում), կոբալտ (3 մկգ), յոդ (6 մկգ)։ Կարոտինի պարունակությամբ կաղամբի բոլոր տեսակները բավարարում են մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջը (2-3 մգ)։

U վիտամինը նպաստում է ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի ապաքինմանը, խթանում է ստամոքսի բջիջների վերականգնմանը։ Օգտագործվում է քրոնիկ ստամոքսաբորբի դեպքում, երկարատեւ օգտագործումը, ի տարբերություն մետիոնինի, չի առաջացնում լյարդի ճարպակալում։ Արհեստական եղանակով ստացված վիտամին U-ն՝ մեթիլմեթիոնինսուլֆոնիումն իր բուժիչ հատկություններով զիջում է կաղամբի թարմ հյութին։ Հավանական է, որ այստեղ դեր են խաղում նաեւ կաղամբի մեջ պարունակվող այլ բաղադրամասեր։ Թարմ կաղամբի հյութը ջրի հետ խառնած՝ (1։1) արդյունավետ է բերանի խոռոչի եւ կոկորդի բորբոքումների դեպքում։ Սպիտակագլուխ կաղամբը պարունակում է 1,5 տոկոսից ավելի թաղանթանյութ, որը խթանում է աղիների շարժիչ ուժը եւ կանխարգելում աթերոսկլերոզի առաջացումը։ Սպիտակագլուխ կաղամբը օգտակար է շաքարային դիաբետի, հեպատիտների, նեյրոդերմիտի, փսորիազի, էկզեմայի դեպքում, ունի հակագիստամինային ազդեցություն։ Կաղամբը լայնորեն կիրառվում է որպես դիետիկ սնունդ լեղաքարային, սիրտ-անոթային եւ երիկամային հիվանդությունների եւ պոդագրայի դեպքում։ Սպիտակագլուխ կաղամբը պարունակում է գինեթթու, որը կանխում է ածխաջրատների փոխակերպումը ճարպերի, ինչը նպաստում է քաշի նվազեցմանը։ Կաղամբի թթուն պարունակում է նաեւ մեծ քանակությամբ կաթնային թթու, որը օգտակար է շաքարախտով հիվանդներին։ Սպիտակագլուխ կաղամբի եւ ծաղկակաղամբի բուժիչ հատկությունները հնուց հայտնի են եղել Հայաստանում։ Ամիրդովլաթ Ամասիացին գրում է կաղամբի բուժիչ հատկությունների վերաբերյալ։ Հատկապես նշվում է, որ բույսը կանխում է չարորակ ուռուցքների տարածումը։ Ժամանակակից հետազոտությունները վկայում են, որ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերը՝ ծաղկակաղամբը, բրոկկոլին, բրյուսելյան կաղամբը, սպանախը, մանանեխը, մառոլը, պարունակում են ծծմբային միացություններ, որոնցից առավել ուսումնասիրված է ինդոլ-3-կարբինոլ նյութը։ Կաղամբի օգտագործումը բարձրացնում է էստրոգենի ակտիվ եւ պասիվ ձեւերի հարաբերակցությունը եւ խթանում բջիջների հակաօքսիդանտային պաշտպանության մեխանիզմը։ Ինդոլ-3-կարբինոլը խթանում է արիլհիդրոքսիլազա ֆերմենտի արտադրությունը աղիներում։ Այս ֆերմենտը ուղեկապում է սննդի մեջ գտնվող կոնցեռոգեն նյութերի ազդեցությունը։ Սակայն դոկտոր Վերնոն Ու. Ֆոստերը զգուշացնում է, որ միաժամանակ առաջանում է նաեւ պրոտեազա ֆերմենտ, որը կարող է նպաստել ուռուցքի առաջացմանը, սակայն լոբու եւ արեւածաղկի սերմի կիրառումը սննդի մեջ կանխարգելում է այդ վնասակար ազդեցությունը։

Կոենիզմ Q10։ Այս մոդայիկ անվանումը շատ է հանդիպում զանազան սննդային հավելումների բաղադրության մեջ։ Պնդում են, որ այն ունի երիտասարդացնող հատկություն։ Ծաղկակաղամբն ու բրոկկոլին մտնում են այն սահմանափակ սննդամթերքի ցանկի մեջ, որը պարունակում է Q10 (0,4-0,5 մգ՝ 100 գրամի մեջ)։ Կարեւոր է իմանալ. Q10-ը բնորոշվում է երկու հիմնական հատկանիշներով՝ հակաօքսիդանտ եւ կալցիումի կանալների ուղեփակում։ Կաղամբի գրեթե բոլոր տեսակները բավարարում են այդ պահանջին։

Կաղամբի թարմ հյութը հակախոցային հրաշալի միջոց է: Հատկապես ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում կաղամբի թարմ հյութ հաճախակի օգտագործել` օրական 5-6 բաժակ, կամ օրը 1 լիտր: Ընդ որում, այդ քանակությունը պետք է խմել հավասար չափերով բաժանելով եւ օրը 3-4 անգամ` ուտելուց 50-60 րոպե առաջ: Բուժման տեւողությունը` 25-30 օր: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելի երկար ժամանակ օգտագործել:

Դեռեւս 1956թ. ամերիկացի բժիշկների կողմից արված ռենտգենյան հետազոտությունները պարզել են, որ սպիտակագլուխ կաղամբի թարմ հյութը բուժում է խոցային հիվանդությունները: Ըստ որոշ դեղատոմսերի էլ, խոցային հիվանդությունների (ստամոքսի, եւն) օրական 1 լիտր կաղամբի թարմ հյութը խորհուրդ է տրվում հավասար չափաբաժիններով խմել թեթեւ սնունդ ընդունելուց հետո: Բուժման կուրսը` 4-5 շաբաթ: Ցավերն անմիջապես անցնում են: Հյութը հիմնականում հեշտությամբ մարսվում է հիվանդների կողմից, իսկ փքվածություն զգալու դեպքում կարող են անցկացնել քիմիմոնի (չաման, տմին) թեյի հյութով:

Թթու դրած կաղամբը չափազանց օգտակար է աղիների համար, բրոնխիտի, էկզեմայի, երակների բորբոքումների, նույնիսկ ռեւմատիզմի դեպքում: Կաղամբի տերեւը Հին Հունաստանում եւ Հռոմեական կայսրությունում շատ բարձր է գնահատվել: Կաղամբի տերեւը դնում են չիբանների, թարախապատ վերքերի, խոցերի վրա. այն հրաշալի մաքրում եւ հեռացնում է թարախը: Դրա համար օգտագործվում է կաղամբի ներսի թարմ տերեւները: Տերեւը նախքան վերքի վրա դնելը տաք ջրով լվացվում է, մի քիչ տրորվում-տեղադրվում է, ապա վրայից թանզիֆե կտորով փաթաթվում է: Օրը 2 անգամ պետք է կաղաբը փոխվի: Չիբանի միջի թարախը կաղամբի տերեւը արագ ներծծում-հեռացնում է, վերքը մաքրվում է եւ սկսում է լավանալ: Վիրակապերը օրվա մեջ փոխելուց հետո վերքն անհրաժեշտ է մաքրել երիցուկի (ռոմաշկա) գոլ ջրային թուրմով, որն էլ իր հերթին արագացնում է վերքի ապաքինումը:

Տաք աղաջրով թթու դրած կաղամբն օգտագործվում է հեմորոյի ժամանակ: Կաղամբը օրգանիզմից հեռացնում է ավելորդ խոլեստերինը եւ ճարպերը, նիհարեցնում է: Թարմ հյութն օգտակար է շաքարախտի դեպքում:

Միզուղիների բորբոքման դեպքում խորհուրդ է տրվում այս դեղատոմսը. մանր կտրատեք 200 գրամ ցանկացած կաղամբի տեսակ, 100 գրամ բոխնի (դյագել), 50 գրամ գազար եւ սոխ, խառնեք չզտված արեւածաղկի յուղ։

Ալերգիաների դեպքում մանր կտրատեք 2 գազարը, 2 խնձորը, 1/4 կապ մաղադանոսը, 1 միջին գլուխ ծաղկակաղամբը, խառնեք միմյանց, ավելացրեք թթվասեր եւ քաղցած ստամոքսին օգտագործեք։

Վարիկոզի, ավելորդ քաշի դեպքում միմյանց խառնեք խնձորի, լոլիկի, կաղամբի, դդումի հյութերը (4։2։2։1) եւ օրվա մեջ օգտագործեք։

Բրոնխիտ, թոքաբորբ. 100 գրամ կաղամբին ավելացրեք 500 մլ ջուր, 30 րոպե եփեք մարմանդ կրակով ջրային բաղնիքի վրա։ Եռացրած ջրով վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք օրը 4-5 անգամ 100-ական մլ, գոլ վիճակում։

Բուժիչ դիմակներ

– Վերցրեք 150 գրամ կաղամբ, 1ճ/գ նշայուղ։ Մսաղացով աղացեք կաղամբը, ավելացրեք թեթեւ տաքացրած նշայուղը։ Քսեք եւ պահեք դեմքին 20 րոպե տեւողությամբ։ Լվացեք գոլ ջրով եւ դեմքին քսեք խոնավացնող քսուք։ Օգտագործեք չոր մաշկի համար։

– Խառնեք 2 ճ/գ քերիչով անցկացրած կաղամբը 1ճ/գ մանրացրած վարսակաձավարին (հերկուլես)։ Խառնուրդը դեմքին պահեք 15-20 րոպե։ Հանեք շիլան, ցայեք դեմքը գոլ ջրով։

Լոսյոն. Եփեք մի քանի կաղամբի թերթեր 200 մլ ջրի մեջ։ Եփուկը քամեք։ Դեմքն եւ կուրծքը օրվա մեջ մի քանի անգամ՝ շփեք այդ լոսյոնով։ Հրաշալի մաքրում եւ թարմացնում է մաշկը։ Օգտակար է հատկապես ճարպոտ մաշկի համար։

Աղցաններ կաղամբով

– Երկու միջին մեծության օղակաձեւ կտրատած սոխին ավելացրեք 500 գրամ թթու կաղամբ։ Բարակ կտրատեք 100 գրամ (նախապես լվացած, աղ դրած) սնկերը։ Այս բոլորը լավ խառնեք եւ տեղափոխեք աղցանամանի մեջ։ Ավելացրեք 2 ճ/գ ձիթապտղի յուղ։

– Մանրացրեք քերիչի խոշոր հատվածով (փոքր) կաղամբի կեսը, վրան ավելացրեք 1-2 միջին մեծության կտրատած լոլիկ։ Խառնեք (ոչ յուղոտ) թթվասերով, զարդարեք կանաչ սամիթով։

Հակացուցում։ Մեծ քանակությամբ կաղամբ օգտագործելու դեպքում կարող է առաջանալ մետեորիզմ։ Դրան օգնում են սամիթի սերմերը։ 1ճ/գ սերմերը 200 մլ ջրի պարունակությամբ խմեք օրվա ընթացքում։ Իսկ աղցանների մեջ ավելացրեք քիմիոն։

Թթու կաղամբի մոգական ուժը. Ճարպոտ ծակոտկեն մաշկի դեպքում լվացվելուց 10 րոպե առաջ շփելով մաքրեք դեմքը թթու կաղամբի հյութով։

Մաշկի տոնուսը բարձրացնող միջոց. Թթու կաղամբի հյութի մեջ թրջեք թանզիֆե անձեռոցիկը։ Պահեք դեմքին 10 րոպե։ Լվացեք գոլ ջրով։ Թարմացնում է մաշկը, դարձնելով այն թավշյա։ Օգնում է նաեւ պատանեկան կորյակների ցանի դեպքում։

Կարեւոր է իմանալ

– Կաղամբակոթը եւ արտաքին տերեւները պարունակում են զգալի քանակությամբ վնասակար նիտրատներ։

– Ջերմային մշակման ժամանակ պակասում է U վիտամինի քանակը։

– Կաղամբը պարունակում է թրթնջկաթթու։ Եփելիս մի փոքր կաթ խառնեք։ Կաղամբով պատրաստված աղցանները կերեք կաթնաշոռի հետ, օգտագործեք թթվասեր, մածուն, այլ կաթնամթերք։

– Կաղամբը մեղմացնում է սթրեսը։

– Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում ուտել 200-300 գրամ բրոկկոլի կաղամբ. այն պարունակում է աչքի ցանցաշերտը պահպանող նյութ՝ սուլֆորաֆան։

Կաթի մեջ եփած կաղամբի մանրացված տերեւները օգտակար են մաշկի թարախապատ վերքերի, էկզեմայի, այրվածքների դեպքում: